Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ԳՐՊԱՆՆ Է ԺԱՄՈՒՄ 400-700 ԴՈԼԱՐ ՄՏՆՈՒՄ

Փետրվար 23,2002 00:00

Ո՞ՒՄ ԳՐՊԱՆՆ Է ԺԱՄՈՒՄ 400-700 ԴՈԼԱՐ ՄՏՆՈՒՄ Պարզվում է, միջազգային շուկայում Ձձ-154M ինքնաթիռների վարձակալության արժեքը ժամում 700-1000 դոլար է։ Մինչդեռ քաղավիացիայի վարչության ղեկավարն այն ՀԱՈՒ-ի համար, մեծ ջանք ու շատ քրտինք թափելով, հաջողացրեց վարձակալել ժամը 1400 դոլար գումարով։ Ի դեպ, Հայաստանը կարող էր ունենալ Ձձ-154M տիպի երկու ինքնաթիռ, եթե ժամանակին ՀԱՈՒ-ին մենաշնորհ ապահովելու արդար մղումով «Արաքս» ավիաընկերության համար բոլոր դռները չփակվեին։ Բանն այն է, որ «Արաքսն» այդ ինքնաթիռները վարձակալել էր ռուսական մի ավիաընկերությունից եւ, ըստ պայմանագրի, 1999-ից դրանք դառնալու էին «Արաքսի» սեփականությունը։ Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ եւ «Արաքսը» դադարեցնելով իր գործունեությունը, ստիպված եղավ ինքնաթիռները վերադարձնել տիրոջը։ Վերադառնալով A-310-ի տխրահռչակ պայմանագրին, նշեմ, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, 1994-ին «Էյրբաս» ավիաընկերությունը պատրաստ էր 5 տարեկան A-310 ինքնաթիռը ՀԱՈՒ-ին տրամադրել ամսական 250 հազար դոլար վարձակալությամբ։ ՀԱՈՒ-ի այդ ժամանակվա ղեկավարները պատճառաբանում են, որ նույնիսկ այդ գնով ինքնաթիռ վարձակալելը Հայաստանի համար շքեղություն է։ Առավել եւս A-310 տիպի օդանավ, որի նախնական բիզնես-ծրագրերը արդեն ակնհայտ են դարձնում ակնկալվող վնասները։ Մինչդեռ 1998-ին ՀԱՈՒ-ն ամսական 750 հազար դոլարով վարձակալում է A-310-ը։ Փաստաթղթերի տակ Ռոբերտ Քոչարյանի, Շահեն Կարամանուկյանի, Հենրիկ Քոչինյանի, Վաղարշակ Մնացականյանի ստորագրություններն են։ Ի դեպ, 1996-ին «Բոինգ» ավիաընկերությունը պատրաստ էր Հայաստանին «Բոինգ-737» տիպի ինքնաթիռ վաճառել 36 մլն դոլարով։ Նախնական պայմանագրով պարտքը 12 տարում պետք է մարվեր, իսկ 10 մլն դոլար շահույթ ունեցող ավիաընկերությունը կարող էր դա իրեն թույլ տալ։ Մասնագետների կարծիքով, «Բոինգ-737»-ը Հայաստանին ավելի հարմար էր, քանզի ուղեւորահոսքը մեծ չէ եւ ծախսերն էլ դրան համապատասխան են։ Եվ այսպես, 1996-ին արդեն 10 մլն դոլար շահույթ ունեցող ՀԱՈՒ-ն 1997-ին Լոնդոն-Դելի չվերթից մեծ վնասներ կրելով՝ սկսում է պարտքեր կուտակել։ Արդյունքում, ըստ պաշտոնական տեղեկությունների, ՀԱՈՒ-ի պարտքը, տարբեր երկրներին եւ ավիաընկերություններին, այսօր կազմում է 23 մլն դոլար։ Մի հետաքրքիր հանգամանք եւս, որի մասին մամուլում արդեն գրվել է. մեր ունեցած տեղեկություններով, միջազգային շուկայում նավթի 1 տոննայի արժեքը 250 մլն դոլար է, մինչդեռ ՀԱՈՒ-ն հաջողացնում է գնել 400 դոլարով։ Իսկ թռիչքի ընթացքում նավթի ծախսն ինքնաթիռում 60% է կազմում։ Այնպես որ, ինչպես կասեր մեծն կոմբինատորը՝ սա Ռիո դե Ժանեյրոն չէ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել