Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի գրպանից մյուս գրպան… օրենքով

Փետրվար 23,2002 00:00

Մի գրպանից մյուս գրպան… օրենքով Ազգային ժողով ու կառավարություն ունենք՝ աշխարհը չունի։ Ամեն անգամ դրանում նորովի ենք համոզվում։ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը իր անհեթեթությամբ պարզապես փայլում է։ Կարդում ենք. հոդված 34՝ «Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների չափը»։ Պետք է ասել, որ այս հոդվածն իր լրացումներով բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու։ Նշվում է. «Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակիցների արտադրյալի 2000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ»։ Այնուհետեւ նույնի վերաբերյալ կարդում ենք. «Տեղեկանք-հիմնավորում. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ»։ Մի շարք անհեթեթությունների հասնող կետերի կողքին ասվում է. «Նախագծով առաջարկվել է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողների համար հաստատագրված վճարի ամսական չափի սահմանում։ Դրա հետ կապված առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի 20, 34, 35, 36 հոդվածներում։ Հաստատագրված վճարի չափը սահմանվել է մինչեւ ՀԴՄ-ի ներդրումը գործող օրենսդրությամբ սահմանված չափը՝ ելակետային տվյալի 2000-ապատիկի չափով։ Ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի օբյեկտի սպասարկման սրահի մակերեսը»։ Հանրամատչելի լեզվով ասած՝ հանրային սննդի օբյեկտները (ռեստորան, բար, սրճարան, ճաշարան եւ այլն), ըստ նշյալ օրենքի, այսուհետ տարածքի յուրաքանչյուր քմ-ի համար պետք է վճարեն 2000 դրամ հաստատագրված հարկ։ Պետք է ասել, որ սույն օրենքն իր լրացումներով հանդերձ անհանգստության եւ զայրույթի արդար պատճառ է դարձել հանրային սննդի միջին կարգի օբյեկտների տերերի համար։ Եվ ՀՀ ԱԺ պատգամավորների 50%-ից ավելին, որոնք ունեն նման օբյեկտներ, այս օրենքին համաձայնություն են տվել։ Այս կուժնուկուլան, բնականաբար, իրենց պայծառ գլխին չի ջարդվելու, այլ միջին կարգի օբյեկտների այն տերերի, որոնք «կռիշա» չունեն։ Այդ ո՞ր մի հարկային ոլորտի աշխատակիցը չափիչը ձեռքին իրավունք կունենա մուտք գործել որեւէ պաշտոնյայի (կամ նրա մերձավորի) օբյեկտ, չափչփել օբյեկտի սպասարկման սրահի մակերեսը, դեռ ավելին՝ եղած մակերեսի ճիշտ չափով հաստատագրված վճար պահանջել։ Ինչպես խուսափել-շրջանցել են մինչ օրս, նույն կերպ էլ կվարվեն։ Իսկ ահա միջին օբյեկտների տերե՞րը… Բավական չէ, որ ՀՀ պետեկամուտների բոլոր նախարարները միջին (կամ փոքր-ինչ մեծ) օբյեկտներից 400-500 հազար դրամ կանխավճար էին ուզում՝ բյուջեի մուտքերի ցանկալի քանակությունն ապահովելու համար, դեռ սա էլ նոր լրացում է։ Աջ ձեռքով ձախ ականջը բռնելուն է նման։ Ի՞նչ հետեւանքներ կունենա այս օրենքը։ Բնականաբար, Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում կամ, օրինակ, Մաշտոցի պողոտայում գտնվող որեւէ հասարակական սննդի օբյեկտ ավելի շատ է եկամուտներ ունենում, քան, ասենք, Չարբախում կամ Նորքի զանգվածում (եւ այլն)։ Շատ պարզ է՝ օբյեկտի՝ լավ տարածքում տեղակայված լինելու, հաճախորդների քանակից ելնելով։ Մյուս կողմից, քաղաքից դուրս (կամ կենտրոնից հեռու) գտնվող հսկայական չափերի շատ ռեստորաններ (եւն) դարձյալ հաճախորդի պակաս չունեն եւ մեծ չափերի եկամուտներ են ունենում յուրաքանչյուր սեղանից։ Ուրեմն ինչո՞ւ պետք է բոլորը մի սանդղակում տեղավորվեն։ Դժվա՞ր էր ուսումնասիրություն կատարել մինչ օրենքի ընդունումը, եւ ըստ հասարակական սննդի օբյեկտների գտնվելու վայրի, չափի, ճաշացանկի, հաճախորդների միջին քանակի եւ այլ առանձնահատկությունների հիման վրա ոլորտն ուսումնասիրվեր ամբողջովին, առանձին սանդղակների բաժանվեր եւ հետո օրենքը կազմվեր ու ընդունվեր։ Այս օրենքի արդյունքում, ինչ խոսք, մի շարք փոքր ու միջին հասարակական սննդի օբյեկտներ կփակվեն՝ այլեւս գոյություն ունենալու անհեթեթությունից, իսկ մյուս՝ տանիք ունեցողները կփթթեն, կծաղկեն՝ խուսափելով նմանօրինակ օրենքների բացարձակ կիրառումից։ Հաջորդ անհեթեթությունն այս օրենքի այն է, որ հանրային սննդի օբյեկտի «սպասարկման սրահ» ձեւակերպումը հստակեցված չէ։ Եվ հանրային սննդի գործունեության իրականացման վայրի սպասարկման սրահի մակերես են հաշվում նաեւ բեմը, միջանցքը, խոհանոցը, բարի վաճառասեղանը եւ յուրաքանչյուր քմ-ի համար պահանջում 2000 դրամ։ Ոչ մի հստակեցում եւ հիմնավորում չկա, թե ինչպես են քմ-ի համար 2000 դրամը սահմանել։ Ինչ խոսք, այս օրենքը դարձյալ մոգոնվել է բյուջեն արագ լցնելու հույսով, սակայն ոչ ոք համոզված չէ, որ հարկայինի աշխատակիցներն առաջվա պես չեն գործելու, մի քիչ գումարի դիմաց՝ մակերեսի քիչ չափ ֆիքսելու, օրենքից փոքր-ինչ շեղվելու համար տանիք չունեցող օբյեկտների տերերից տուգանքների փոխարեն իրենց գրպանը լցնելու կամ պարզապես տուգանքներով բյուջե լցնելու։ Արդյունքում, շատ օբյեկտներ կփակվեն կամ բովանդակությունը կփոխեն, շատուշատ աշխատատեղեր կկրճատվեն, ճաշացանկի գները կթանկանան։ Գաղտնիք չէ, որ այսօր շատերն օրվա հացի գումար են վաստակում նման օբյեկտներում մատուցող աշխատելով։ Եվ պարզ է, որ այդ ժամանակավոր աշխատատեղերն էլ կկրճատվեն ու շատերը դուրս կմնան, որովհետեւ փոքր ու միջին օբյեկտի տերն այլեւս չի կարող մեկ-երկուսից ավելի մատուցող պահել ու քիչ թե շատ նորմալ վճարել։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել