Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԲԻԼԻՍԻՆ ԵՐԿՈՒ ԿՐԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Փետրվար 23,2002 00:00

ԹԲԻԼԻՍԻՆ ԵՐԿՈՒ ԿՐԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ Միջազգային ասպարեզում կարծես նոր ռուս-ամերիկյան հակամարտություն է հասունանում։ Հարցը միայն այն չէ, որ Մոսկվան համոզված է, թե ամերիկացիները պատերազմ են հայտարարել եւ անթույլատրելի միջոցներով նսեմացնում են ռուս մարզիկների նվաճումները ձմեռային օլիմպիադայում։ Ամեն ինչ շոշափելիորեն ավելի բարդ է։ Անցյալ շաբաթ ռուսաստանյան աղբյուրները հաղորդեցին, թե Օսաման բեն Լադենը, ենթադրաբար, գտնվում է Պանկիսի կիրճում։ Արտգործնախարար Իվանովը իր հերթին ռեպլիկ նետեց, թե նման հայտարարություն եղել է եւ Վրաստանի կողմից չի հերքվել։ Մինչ վրացիները դիվանագիտական այս փոխհրաձգությունում հերթական կրակոցը կարձակեին, թե սպասում են, որ ներկայացվող ամբաստանությունները հիմնավորվեն փաստերով, երրորդ մի կողմ միջամտեց թափ հավաքող դիմակայությանը։ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարեց, թե այո, իրենք էլ են տիրապետում վստահելի տեղեկությունների, որ Պանկիսի կիրճը իբրեւ թաքստարան է օգտագործվում միջազգային մոջահեդների կողմից։ Սակայն ԱՄՆ-ը վճռականապես չի հաշտվի եւ չի հանդուրժի, որ Ռուսաստանը Պանկիսի կիրճում իրականացնի հակաահաբեկչական օպերացիա։ Ինքնիշխան Վրաստանը կարող է սեփական միջոցներով պայքարել ահաբեկչության դեմ, եթե որեւէ օժանդակության կարիք էլ ծագի, Քեռի Սեմը Կոլումբոսի կողմից հայտնագործված է, եւ Վրաստանում էլ նրա տեղը գիտեն: Դիվանագիտական արտահայտություններով քողարկված թե քողազերծ՝ միանշանակ հասկանալի էր՝ ինչի մասին է խոսքը: Մոսկվան ըստ հարկի եզրակացրեց, որ Վաշինգթոնի հետ համերաշխությունը փոքր-ինչ սխալ է ընկալվել աշխարհում՝ ընդհանուր թշնամու դեմ համատեղ պայքարը դեռ չի նշանակում ավանդական ազդեցության գոտիների վերացում: ՌԴ արտգործնախարարությունը առանձնապես ընտրություն չկատարելով արտահայտություններում, չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Ռուսաստանը չի հանդուրժի ոչ «մինի-Աֆղանստան» իր սահմաննների մոտ /ի գիտություն Վրաստանի/, ոչ էլ առավել եւս՝ ամերիկյան զինուժի տեղակայում իր կենսական շահերի գոտում /ի գիտություն ԱՄՆ-ի/: Հաջորդ օրն արդեն, թերեւս, մեղմելու համար տպավորությունը, Ռուսաստանի Անվտանգության ծառայության ղեկավարը մեկնեց Թբիլիսի՝ իր վրացի գործընկերոջ հետ քննարկելու ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հեռանկարները: Առաջիկա ամսին Վրաստանի անվտանգության նախարարն էլ մեկնելու է ԱՄՆ՝ Վաշինգթոնում նույն խնդիրը արծարծելու: Ուշագրավն այն չէ, որ Թբիլիսին հարկադրված է մանեւրել Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ, սեփական գոյությունը հիշեցնելու համար: Ապշեցնողն այն է, որ աշխարհակարգերից ճառող գերտերությունները օտար երկրի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու մրցավազք են սկսել, առանց գեթ այդ երկրի համաձայնությունն ունենալու: Ավելին, հրապարակային դիվանագիտական նոտաների փոխանակության ընթացքում հայտնի դարձավ, որ անցյալ դեկտեմբերին տեղի են ունեցել ռուս-ամերիկյան չգաղտնազերծված շփումներ, որոնց նպատակը համատեղ ռազմական գործողությունների մշակումը եւ իրականացումն է եղել Պանկիսի կիրճում, առանց երրորդ կողմի /իմա՝ Վրաստանի ներգրավման/: Անզուգական սանձարձակություն, որին մասնակից երկու կողմերն էլ արժանի են իրար: Առայժմ տեղեկությունները սակավ են եւ կցկտուր, բայց ամեն դեպքում պետք է բարեբախտություն համարել, որ մտադրությունը կյանքի չի կոչվել: Թե ինչ տարաձայնություններ են ծագել, հայտնի չէ, սակայն դրանց գոյությունը կասկածից վեր է, քանի որ բառացիորեն երեկ պարզ դարձավ. հետխորհրդային եւս մի հանրապետություն է ամերիկացիների մտահոգության եւ հետաքրքրության առարկա դարձել՝ Բելառուսը: Սա գրեթե մարտահրավեր է Մոսկվային, հիպոթետիկ առումով՝ համեմատելի մի իրավիճակի հետ, եթե, ասենք, Ռուսաստանը որոշեր հակաահաբեկչական արշավ ծավալել Կոլումբիայում: Ի՞նչ հաշվարկով կամ միտումով է առանց այն էլ Մերձավոր ու Հեռավոր Արեւելքի տոտալ ատելությանն արժանացած ԱՄՆ-ը այժմ էլ հարաբերություններ վատացնում Ռուսաստանի հետ, դժվար է կռահել, բայց դրանից փաստերը չեն դադարում այդպիսին լինել: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել