Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խորհրդարանը զորանոց չէ»

Փետրվար 23,2002 00:00

«Խորհրդարանը զորանոց չէ» ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը դժգոհ է «Միասնություն» խմբակցությունից եւ նրա ղեկավար Գալուստ Սահակյանից։ Անցած եռօրյայի ընթացքում վեցյակի ակտիվացումը սահմանադրական բարեփոխումների հարցերի հետ կապված՝ ե՛ւ նախագահ Քոչարյանը, ե՛ւ մի քանի նախագահամետ պատգամավորներ «թամաշա» անվանեցին։ Հակադարձելով այս որակումը, Ֆրունզե Խառատյանն ասաց, որ «թամաշան իրենք են անում», տապալելով իրենց համար ոչ ցանկալի օրակարգով արտահերթ նիստերը. «Ամեն անգամ, երբ արտահերթ նիստ է հրավիրվում, էդ նույն մարդիկ խորհրդարանի նախագահի եւ տեղակալների հետ գալիս են իբր մասնակցելու նիստին, բայց չեն գրանցվում։ Պարզապես գալիս են թամաշա անելու, թե ոնց են ձախողում արտահերթ նիստը։ «Միասնություն» խմբակցության ղեկավարը գալիս է ստուգելու, հսկելու, թե արդյոք իրենց խմբակցությունից մարդիկ կա՞ն, թե՞ չկան»։ Կոմունիստ պատգամավորը մերժում է նման մոտեցումը՝ ասելով. «Խորհրդարանը զորանոց չէ»։ Ընդունենք, խորհրդարանը զորանոց չէ, սակայն դժվար է պատկերացնել, որ եթե երկիրը անցնի խորհրդարանական կառավարման, դրանից խորհրդարանն ավելի լրջմիտ եւ խելոք կդառնա։ Ի դեպ, Սեյրան Ավագյանը (ՀԺԱՄ) խորհրդարանական կառավարման համակարգը չզլացավ կոչել «սովետական», ասելով, թե դրանով կվերականգնվի «Ամբողջ իշխանությունը սովետներին» կարգախոսը։ Կոմունիստ Ֆրունզե Խառատյանը, հենց որ իմացավ այդ մասին, ասաց. «Կառավարման համակարգերից ընդհանրապես գաղափար չունեցող անձը կարող է նման բան ասել»։ Հետո պրն Խառատյանը բացատրեց, որ խորհրդային համակարգ նշանակում է՝ խորհուրդների վերականգնում, բայց իրենք առաջարկում են ոչ թե խորհուրդների վերականգնում, այլ բազմակարծիք խորհրդարանական համակարգ եւ, եթե դա խորհրդային է, ուրեմն «վաղուց պետք է համարենք, որ եվրոպական պետությունների մեծ մասը խորհրդային պետություններ են»։ Ֆրունզե Խառատյանը վստահ է, որ վեցյակի առաջարկած սահմանադրական նախագիծը հանրաքվեի չի դրվելու։ Ուրեմն ինչի՞ համար են պայքարում. «Պայքարում ենք, որ դնեն, բայց համոզված ենք, որ չեն դնի։ Ի՞նչ անենք, ձեռքներս ծալենք-նստե՞նք»։ Ֆրունզե Խառատյանը գտնում է, որ խորհրդարանի այսօրվա կազմը ուժերի իրական հարաբերակցությունը չի արտահայտում, եւ «Միասնության» մեջ սկսված խլտումներից անմիջապես հետո պետք էր այս խորհրդարանը լուծարել. «Որովհետեւ «Միասնություն» դաշինքը ուրիշ կերպ է եկել, ուրիշ քաղաքական ծրագրով է եկել, բայց այսօր այդ ծրագրից հետք անգամ չի մնացել. էդ մեծամասնությունը շինծու, արհեստական մեծամասնություն է»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել