Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ»

Փետրվար 23,2002 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ» Վստահ է Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի դատավարության մեկ տարվա հարցազրույցների շարքում այսօր զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ։ Նախքան դատավարությանը գնահատական տալը, պրն Սարգսյանը ցավ հայտնեց, որ արդեն սկսել ենք դատավարության տարելիցներ նշել։ Ըստ նրա, դատավարության ընթացքում պահպանվում են իրավական նորմերը, եւ փաստաբանները իրենց ֆունկցիաները նորմալ են իրականացնում։ Արամ Սարգսյանը որեւէ միտում չի տեսնում իշխանությունների կողմից դատաքննական պրոցեսը արագացնելու կամ ձգձգելու ուղղությամբ, սակայն պրն Սարգսյանը դժգոհ է ամբաստանյալների հարցաքննման մեխանիզմից. «Չէի ասի, թե ամբողջությամբ բավարարված եմ, որովհետեւ կան բազմաթիվ հարցեր, որոնք ես կուզեի, որ հնչեն դատարանում։ Ամբաստանյալների պահվածքը ուղղակի հուշում է, որ իրենք բավականին լուրջ եւ մասնագիտական կոնսուլտացիա են ստանում։ Շատ հետաքրքիր է որոշ փաստաբանների պահվածքը դատարանի դահլիճում։ Օրինակ, ՀՅԴ անդամ, տուժող Աղվան Վարդանյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի պահվածքը։ Նա հայտնի է իշխանական լծակներին մոտ լինելով եւ իր պահվածքով ավելի նման է ամբաստանյալների փաստաբանի, քան տուժողի։ Իշխանություններն ուղղակի կարող էին նրան նշանակել ամբաստանյալների փաստաբան։ Կարծում եմ, որ ամբաստանյալների պահվածքի ուղղորդողը հենց Ռուբեն Սահակյանն է»։ Արամ Սարգսյանը դատաքննության մասին տեղեկություններ ստանում է տարբեր լրատվամիջոցներից, ինքն անձամբ ներկա չի լինում դատարանի դահլիճում։ Գնահատելով լրատվամիջոցների լուսաբանումը, պրն Սարգսյանն ասաց. «Պիտի ընդունենք, որ ընդդիմադիր լրատվամիջոցները ուշադրություն են դարձնում դատարանում տեղի ունեցող ամեն մանրամասնի եւ փորձում են դա դարձնել հասարակության սեփականություն, նկատելի դարձնել, որ ամեն ինչ չէ, որ հարթ է գնում։ Գուցե որոշ լրատվամիջոցներ մի քիչ ընդգծված, բայց ամեն դեպքում օբյեկտիվ են, որովհետեւ զոհված են Հայաստանի Հանրապետության հերոսը եւ հայ ժողովրդի սիրելին, այսինքն ոչ շարքային քաղաքացիներ։ Իսկ իշխանական լրատվամիջոցները դատավարության հարցում իրենց ուղղակի նողկալի են պահում, եթե ավելի վատ բառ չօգտագործեմ։ Դատավարության ողջ ընթացքում այդ լրատվամիջոցները փորձում են, մեղմ ասած, արդարացնել ոճրագործներին եւ որոշ ժամանակ անց փորձեցին նաեւ ստվեր գցել զոհվածների եւ նրանց հիշատակի վրա։ Ի վերջո, պետությունը եւս անմասն չմնաց այս գործից։ Նկատի ունեմ Վազգեն Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելը։ Այժմ էլ փորձում են ներկայացնել, թե իբր նման բան չի եղել»։ – Սակայն զոհերի հիշատակի դեմ ոտնձգություններն այսօր չսկսվեցին, նկատի ունեմ մեկ տարի առաջ սկսված դատավարության օրը Պարույր Հայրիկյանի հրավիրած մամուլի ասուլիսը եւ դրանում հնչած գնահատականները։ – Իշխանական լրատվամիջոցները եւ այդ կարգի մարդիկ, ինչպիսին Պարույր Հայրիկյանն է, նույն մակարդակի են։ Իշխանությունները նրանց օգտագործում են։ Նրանք ուղղակի օգտագործվող մարդիկ են։ Չկայացած մարդիկ միշտ խանդով են լցվում կայացածների հանդեպ։ Սալիերին Մոցարտին սպանելուց հետո կոմպոզիտոր չդարձավ, ուղղակի մարդասպան դարձավ։ – Ձեր բազմաթիվ հարցազրույցներում անընդհատ շեշտում եք, թե երբեք չեք մտածել, որ «27»-ի կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Շեշտում եք նաեւ, որ դատավարության ընթացքում համոզվում եք, թե այդ վարկածը եւս չի կարելի բացառել։ – Եթե անդրադառնանք նախկին ասածներիս, պետք է հիշեցնեմ, որ դատավարությունից սպասում էի Հուդայի զղջում։ Եվ դա ասելով, նկատի ունեի, որ Վազգենի ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր մեղավոր են եւ պիտի զղջան։ Միանշանակ է, որ ազգային անվտանգությունը մեղավոր է եղել։ Եվ դրանից հետո ԱԱ նախարարը գոնե պետք է ներողություն խնդրեր, որ իր պարտականությունները չի կարողացել կատարել, պետք է պատժեր իր որոշ աշխատակիցներին։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ՝ պաշտոնների բարձրացում եւ կոչումներ։ Հոկտեմբերի 27-ից հետո ոչ թե պիտի վստահաբար տարածվեր միայն 5 հոգու վարկածը, այլ չպիտի բացառվեր կազմակերպիչների վարկածը։ Բանակի հետ առաջին վեճը այս հողի վրա էր։ Նման վստահություն կարող էին ունենալ գործից տեղյակ մարդիկ։ Ես միշտ պնդել եմ, որ գործը 99%-ով ունի ռեալ կազմակերպիչներ։ Միայն 1%-ով է հնարավոր, որ այդ 5-ը եղած լինեն։ Իսկ այդ մեկին չեմ հավատում։ – Իսկ դրսի ուժերի մասնակցությո՞ւնը։ Չի բացառվում, որ, իրոք, Հայաստանի ինքնուրույնությունը եւ հզորանալը (ինչը հնարավոր էր Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի օրոք) ձեռնտու չէր կարող լինել մի շարք երկրների։ – Չեմ բացառում։ Նույնիսկ համարում եմ շատ հավանական։ Բայց դա բարդ կլինի ապացուցել։ – «27»-ից հետո Ձեզ վարչապետ նշանակելը նպատակ ուներ երկրի կայունացման։ Շատ կարճ ժամանակ անց Ձեր շրջապատի որոշ մարդիկ համոզում էին պահանջել Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։ Հիմա, երբ Դուք ընդդիմություն եք, արդյո՞ք ափսոսում եք, որ չարեցիք այդ բանը։ – Ո՛չ, միանշանակ չեմ ափսոսում։ Գտնում եմ, որ ճիշտ եմ արել, որովհետեւ դրանից հետո ինձ համար պարզ էր իրավիճակը։ Ես տեսա, թե ով՝ ով է։ Եվ խնդիրը ոչ միայն իմ տեսնելու մեջ էր, այլեւ հասարակության։ Քոչարյանի հրաժարականից հետո բոլոր վարկածները կարող էին հօդս ցնդել։ Հնարավոր էր, որ ոճրագործը միանգամից ասեր, թե կազմակերպիչը իշխանություններն են։ Ես այսօր էլ չեմ պնդում, որ դա կազմակերպված է եղել իշխանությունների կողմից։ Ես ասել եմ, որ իշխանությունների վարքագիծը ամրացնում է կասկածն իրենց հանդեպ։ Ինչո՞ւ են իրենք շահագրգիռ, որ գործը չբացվի։ Ես համոզված եմ, որ իրենք գիտեն, թե ինչ է տեղի ունեցել։ – Մեկ ուրիշ ափսոսանքի մասին հարցնեմ։ Դուք չե՞ք ափսոսում, որ համաձայնեցիք վարչապետ դառնալ։ Ձեր հասցեին մեղադրանք է հնչում, որ վարչապետ եղած ժամանակ հնարավորություն ունեիք աջակցել գործի բացահայտմանը, բայց չարեցիք։ – Չեմ ափսոսում։ Կարծում եմ, մարդն անընդհատ պիտի սովորի եւ իմաստնանա։ Վարչապետության 6 ամիսների ընթացքում ավելի իմաստնացա, քան մինչ այդ ապրածս տարիներին։ Համաձայն չեմ նման մեղադրանքներին։ Իհարկե, որոշակի բաներ չեմ արել այնպես, ինչպես հարկավոր էր։ Դա ունի բազմաթիվ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ։ Առաջին պատճառն այն է, որ մեր երկրում ցանկացած վարչապետ չի կարող ամեն ինչ անել այնպես, ինչպես անհրաժեշտ է։ Եվ հետո, 6 ամիսը այդքան երկար ժամանակ չէ որեւէ վարչապետի կայացման համար։ – Ըստ որոշ գնահատականների, Դուք այսօր շահարկում եք «Հոկտեմբերի 27»-ը, իշխանության գալու համար։ – Բազմիցս ասել եմ, որ իշխանության գալու նպատակ չունեմ։ Ես իշխանատենչ չեմ եւ չեմ գտնում, որ անպայման ես եմ այն մարդը, որն ամենախելոքն է եւ կարող է ղեկավարել։ Այն ժամանակ, երբ կար նախագահի ռեալ փոփոխության հնարավորություն՝ չէի տեսնում, թե ով կարող է լինել հաջորդ նախագահը։ Եվ առճակատումը չի արվել առաջին հերթին այս պատճառով։ Ինչ վերաբերում է Արամ Սարգսյան քաղաքական գործչին՝ մենք համագործակցում ենք ՀԺԿ-ի եւ «Ազգային միաբանության» հետ։ Ակնհայտ է, որ ՀԺԿ-ի հետ մեր համագործակցությունը, բացի քաղաքականից, նաեւ բարոյական բնույթի է, որից ոչ մենք, ոչ էլ ՀԺԿ-ն հրաժարվել չենք կարող, եթե որեւէ մեկը կոպիտ սխալներ չանի։ Ես կարծում եմ, որ չի էլ արվի։ – Ի՞նչ կարծիքի եք մահապատժի վերացման կամ պահպանման շուրջ ծագած խմորումների մասին։ Ի վերջո, Եվրախորհրդի պահանջների տակ նաեւ Դուք եք ստորագրել։ – Մինչ վարչապետ լինելը անձամբ կողմ էի մահապատժի վերացմանը։ Հոկտեմբերի 27-ից հետո կարծիքս փոխեցի։ Փոխեցի ոչ միայն «27»-ի առումով, այլ նաեւ այն պատճառով, որ Հայաստանում կային մահապատժի դատապարտվածներ, որոնցից ցանկացածի վերաբերյալ, բացի մահապատժից, ուրիշ պատժաձեւ չէր կարելի կիրառել։ Դրանք այն մարդիկ էին, ովքեր սպանել էին իրենց ծնողներին, երեխաներին, ուրիշ մարդկանց։ Միանշանակ կարծում եմ, որ պարտադիր է մահապատժի պահպանումը նաեւ մեկ այլ պատճառով. մարդն ունի վրեժի զգացում, ինչպես ունի սիրելու եւ կարոտելու զգացում։ Եվ սա բնական է։ Հայ մարդու համար դա առավել շեշտված է, եւ մահապատժի վերացումը տանելու է վրիժառության։ Այսինքն, պետությունը բարդությունը թողնելու է ընտանիքների վրա։ – Ձեր գնահատմամբ, «27»-ի դատավարությունը ձգձգվո՞ւմ է, թե՞ ընթանում է նորմալ հունով։ – Կարծում եմ՝ դատավարությունը արագացվում է։ Եթե Քոչարյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին (ասում եմ եթե, որովհետեւ չեմ կարծում, որ մասնակցելու է), ուրեմն իրեն անհրաժեշտ է մինչեւ ընտրությունները վերջացնել այս դատական գործը։ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությամբ ընտրությունների գնալը նրան շատ ավելի խոցելի կդարձնի։ – Ինչո՞ւ եք կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու նախագահական ընտրություններին։ – Մեր երկրում հասարակական կարծիքը արժեք ունի եւ որոշիչ է։ 96-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշակի առումով այդ հասարակական կարծիքը հաշվի չառավ։ Նա հաղթեց 52%-ով, որից 40%-ն էր ռեալ։ Մնացյալը սարքովի էր։ Սակայն այդ 52%-ը չմարսեց, որովհետեւ դեմ գնաց հասարակական կարծիքին։ Եվ երկու տարի անց հաղթեց հասարակական կարծիքը՝ եւ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ – Վերջերս թերթերից մեկին տված հարցազրույցում Վահան Շիրխանյանը վստահաբար նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն առաջադրվելու է, այլեւ հաղթելու է նախագահական ընտրություններում, քանի որ տիրապետում է երկրի բոլոր լծակներին՝ տնտեսական եւ ուժային։ – Միշտ չէ, որ ես կիսում եմ Վահան Շիրխանյանի կարծիքը։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը 12% խախտում էր թույլ տվել, ապա Ռոբերտ Քոչարյանին հարկավոր է լինելու 52%-ի խախտում։ Սա ինքը շատ լավ հասկանում է։ Եվ հետո, կա Ղարաբաղի հիմնահարցը, որը լուծելու կամ չլուծելու դեպքում Քոչարյանը պետք է թողնի իշխանությունը։ Կարծում եմ, որ Քոչարյանը երբեք չի ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը կլինի Ադրբեջանի կազմում։ Դժբախտաբար, նույնը չեմ կարող ասել Հայաստանի մասին։ Ինքը փորձելու է ժամանակ ձգել, իսկ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ԱՄՆ-ը ժամանակ չի տա, եւ դա ակնհայտ է։ Մնում է մի տարբերակ՝ սեփական հրաժարականի միջոցով ձգել ժամանակը։ Եթե ինքը գնա այդ քայլին, ես որոշակի առումով կփոխեմ վերաբերմունքս իր հանդեպ։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել