Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԹԱՄՅԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Փետրվար 22,2002 00:00

ՈՒԹԱՄՅԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ Վերջերս Արեւելյան երկրների հետ հարաբերությունների Հեսենյան ընկերության աշխատակցուհի տիկին Լինդեն դիմել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն, որի անմիջական ֆինանսավորմամբ տրոմբոն էր նվիրել Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցին։ Վերջին տարիներին այս դպրոցին նվիրվել են ֆլեյտաներ, կլարնետ, սաքսաֆոն, գալարափող, մեծ քանակությամբ գրականություն, նոտակալներ, գործիքների կաղապարներ։ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Պետրոս Հայկազյանից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է սկսվել նմանօրինակ բարեկամությունը, ինչո՞վ բացատրել բարեգործությունների այս շարանը… Ստացանք հետեւյալ պատասխանը. «Ութ տարվա պատմություն ունի գերմանացի ու մեր համախոհների մտերմությունը, կապերը։ Յուրաքանչյուր ամառ, մեր դպրոցի դահլիճում, որն, ի դեպ, շատ մեծանուն երաժիշտներ է տեսել, Գերմանիայի Լյուբեկ քաղաքի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր Մարիա Էգելհոֆը բարձրագույն վարպետության դասընթացներ է անցկացնում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների համար։ Հիանալի երաժիշտը, մանկավարժը եւ մարդը անմիջապես աշխատելով մեր դպրոցում, կամա թե ակամա, շփվում է մեր ուսուցիչների հետ, տեսնում մեր ուսման ընթացքը… Գաղտնիք չէ՝ դեռ անցյալ դարում էլ Հայաստանում, մասնավորապես Երեւանում նկատելի էր փայտյա-փողային գործիքների սղությունը։ Մտածում եմ կազմակերպել մի համերգ, որտեղ մեր սովորողները համաշխարհային դասական երաժշտական գրականության ընտիր երկեր կներկայացնեն՝ նվիրատված այս ընտիր երաժշտական գործիքներով։ Իսկ ընդհանրապես ուրախ եմ, որ Գերմանիայի եւ Հայաստանի երաժիշտների միջեւ ստեղծվել է սերտ համագործակցություն»։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել