ՄԻ ՓՈՔՐԻԿ ԼՈՒՅՍ Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքից մեր մարզիկների մրցելույթների մասին մարզական լրագրող Յուրի Ալեքսանյանի հաղորդած նյութերը, ցավոք, ուրախանալու շատ քիչ առիթ են տալիս։ Մասնավորապես, դահուկավազորդներ Մարգարիտ Նիկոլյանի եւ Արամ Հաջիյանի համար, ասես, սովորական է դարձել յուրաքանչյուր հերթական մեկնարկում վերջին տեղ զբաղեցնելը կամ ետնապահների ցուցակում մշատական գրանցում ունենալը։ Կանանց 1,5 կմ արագավազքում Մարգարիտը 58 մասնակիցիների մեջ եզրագիծը հատեց վերջինը, իսկ Արամը 64-րդն էր 72 մրցակիցների պայքարում։ Արամ Հաջիյանը եւս մեկ անգամ կմտնի դահուկուղի։ Դա կլինի փետրվարի 23-ին, 50 կմ մրցավազքում։ Հիասթափեցրեց նաեւ Յուլիա Լեբեդեւան։ Գեղասահորդուհիների պայքարում ռուսաստանցի մարզուհին, որ մրցավայր է եկել Հայաստանի դրոշի պատիվը պահպանելու, կարճ ծրագրի կատարումից հետո եզրափակեց մասնակիցների ցուցակը՝ գրավելով 27-րդ տեղը։ Շարունակելով պատմել հայաստանցի մարզիկների մասին, մեր գործընկերն ասում է. «Մենք մտածում էինք, որ Յուլիան մենասահորդուհիների պայքարում պարտադիր ծրագրից հետո կմտնի 24 ուժեղագույնների մեջ։ Սակայն վիճակահանությունը նրա հանդեպ բարեհաճ չեղավ. Լեբեդեւան վերցրեց երրորդ համարի տոմսը եւ ընդգրկվեց առաջին խմբում։ Սակայն նա դեռ կարող էր ուժեղագույնների հետ հաջորդ եզրափակիչում պայքարելու իրավունք նվաճել։ Բայց ի՜նչ իմանայինք, որ հենց առաջին եռապտույտ ցատկի կատարման ժամանակ վայր կընկներ ու իր իսկ փայփայած հաջողության հույսերը հօդս կցնդեին։ Անհաջողությունները շարունակում են հետապնդել մեր մարզիկներին։ Լավ մարզավիճակում էր լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանը։ Բայց հերթական մարզումներից մեկի ժամանակ նա ծնկի վնասվածք ստացավ։ Բայց ծաղկաձորցին անպայման կմտնի մրցուղի։ Չէ՞ որ վետերան մարզիկի համար այս օլիմպիադան գուցե վերջինը լինի իբրեւ մարզիկի եւ նա շատ է ուզում հաջողության հասնել։ Հաջորդ օրը պայքարի մեջ ներգրավվեց Վանեսա Ռաքեջյանը, որի մրցելույթները դիտելու համար Մարսելից Սոլթ Լեյք են ժամանանել նաեւ ծնողները։ Հատուկ ոլորավայրէջքում լեռնադահուկորդների միջեւ պայքարը շատ թեժ ու լարված ստացվեց։ Վճռորոշ էին վայրկյանի տասնորդական ու հարյուրերորդական մասերը։ Դրա համար էլ, միմյանցից առաջ անցնելու կրքով բռնկված, մասնակիցներից շատերը ձախողվեցին կամ չհասան վերջնագիծ։ Բարեբախտաբար, Վանեսան եղավ Սոլթ Լեյքում մեր մասնակցության միակ լուսավոր կետը։ Իր փորձահերթում նա անսովոր համարձակություն ցույց տվեց, արագ սահեց ու վերջնահաշվարկով զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը։ Սա առաջին մեծ նվաճումն է, թե Վանեսայի, թե մեր օլիմպիական պատվիրակության համար։ Ավելացնենք, որ մրցաձեւում մեկնարկի ելած 70 դահուկորդուհիներից, առաջին փորձահերթից հետո, ասպարեզում մնաց 49 հոգի։ Այսօր Վանեսա Ռաքեջյանը հանդես կգա հսկա ոլորավայրէջքում, իսկ հաջորդ օրն իր ունակությունները կդրսեւորի ծաղկաձորցի Արսեն Հարությունյանը»։