Դեսպանատան «նվերը» հայ տղամարդկանց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան հրավերով փետրվարի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Լինեամ» կանանց լարային քառյակի համերգը, ինչի առիթով հանդիպեցինք դեսպանատան մշակութային հարցերով կցորդ Ռոմեն Բորիին։ – Երեւի հիշո՞ւմ եք. Սովետական Միությունում փետրվարի 23-ը ՍՍՀՄ զինված ուժերի եւ ռազմածովային նավատորմի օրն էր եւ այդ օրը, այսօր էլ դեռ, ընդունված է նշել որպես տղամարդկանց տոն։ Կանանց քառյակի՝ հմայիչ ֆրանսուհիների մոտալուտ այցը իսկական տոն կլինի տղամարդկանց համար։ – Անկեղծ ասած, չգիտեի, որ այն տարիներից եկած ոչ պաշտոնական տղամարդկանց տոն գոյություն ունի։ Միայն հիշում եմ, երբ հուլիսին Ռուսաստանում էի, նշվում էր կամ տոնվում՝ պարաշյուտիստի օրը։ Բալզակն ասել է. «Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձեւավորված լինի լապտերը, նախ եւ առաջ այն պետք է լավ լուսավորի»։ Այնպես որ, հմայիչ ֆրանսուհի երաժիշտները մեծ պրոֆեսիոնալներ են իրենց գործում։ Իսկ ինչ վերաբերում է ՍՍՀՄ տոներին, վերջիններիս մասին տեղեկություն չունեմ։ – Ինչո՞ւ հենց հրավիրեցիք «Լինեամ» լարային քառյակին։ – Քառյակի անդամներն ավարտել են Ֆրանսիայի Ruiel Malmaison կոնսերվատորիան, մի շարք մրցույթների դափնեկիրներ են եւ դասավանդում են բարձրագույն երաժշտական հաստատություններում։ Քառյակը ստեղծվել է 1998-ին։ Երիտասարդ է եւ երաժիշտների տարիքը։ Այս կարճ ժամանակահատվածում նրանք աշխատել են այնպիսի հանրահայտ երաժիշտների հետ, ինչպիսիք են Ստեֆան Տրա-Նյոն, Բեռնարդ Մաթերը, Պատրիկ Գառլան եւ այլք։ Ելույթներ են ունեցել Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում։ Մենք լավ գիտենք ձեր հին ու բարձրակարգ մշակույթը։ Անձամբ ես շատ բարձր եմ գնահատում հայ երաժիշտների պրոֆեսիոնալիզմը եւ, իհարկե, տաք ու կրակոտ հայկական հոգին։ Ուզում ենք հայ արվեստագետներին ու արվեստասերներին ներկայացնել երիտասարդ մեր երաժիշտներին, եւ ցույց տալ, որ այս տարիքում էլ հնարավոր է լինել մեծ պրոֆեսիոնալ։ Մենք լավ գիտենք մեր երաժիշտներին, բայց, ինչպես ասվում է՝ վերջին խոսքը ունկնդրինն է։ – Ինչպես հասկացանք, համերգի հետ կապված ամեն ինչ հոգում եք դուք։ – Ոչ։ Մենք սիրով համագործակցել եւ համագործակցում ենք «Արամ Խաչատրյան» համերգասրահի եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության հետ, ի դեմս պարոնայք Բաբայանի, Թոփչյանի, Թովմասյանի։ Սա 2002թ. մեր առաջին համատեղ մշակութային ակցիան է։ – Ողջունելի է, որ հաճախ եք օգտագործում «պրոֆեսիոնալ» բառը։ Լսե՞լ եք, արդյոք, պրոֆեսիոնալ երաժիշտներ «ծնող» Երեւանի կոնսերվատորիայի մասին։ – Իհարկե, աշխարհով մեկ թնդում է ձեր կոնսերվատորիայի անունը։ Ես նոր եմ նշանակված այս պաշտոնում եւ կաշխատեմ դեսպանատան եւ կոնսերվատորիայի սերտ կապերի շնորհիվ կազմակերպել երեկոներ, օրինակ՝ Ֆրանսիայի երաժիշտների հանդիպում կոնսերվատորիայի ուսանողների հետ եւ այլն, եւ այլն։ – Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ներկայացնում է միայն Ֆրանսիայի՞ արվեստագետներին։ – Հասկացա ձեր հարցը։ Իհարկե՝ այո։ Մեր առաքելությունն է մեծ արտիստներին ներկայացնել Հայաստանում, իսկ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան նպատակը պետք է լինի՝ հայ արվեստագետներին ներկայացնել Ֆրանսիայում։ Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ