ՌԴ դատախազությունը չի «տալիս» մեղադրյալին ՀՀ դատախազությանը Մեծամորի թիվ 3 դպրոցի նախկին ուսուցիչ Գեւորգ Հակոբյանի նկատմամբ քրգործ էր հարուցվել, որն այս օրերին լսվում է Արմավիրի մարզի դատարանում։ Գեւորգ Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրօրի 89 հոդվածի 4-րդ մասով (խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակում)։ Առաջնորդվելով «քցիր ու ուրացիր» սկզբունքով, նա պարտքով գումար է վերցնում քաղաքացի Սահակ Աբգարյանից (1997թ.)։ Ընդ որում, գումարը նա վերցնում էր մաս-մաս. «Ս. Աբգարյանից վերցրած գումարներն ամբողջությամբ վերադարձնելու պատրվակով, խաբեությամբ, կրկին չարաշահելով Ս. Աբգարյանի վստահությունը», ինչպես նկարագրել էր նախաքննության մարմինը։ Գ. Հակոբյանը հեռուն էր գնացել։ Ս. Աբգարյանին խաբել էր, թե իր քրոջ ամուսինը (փախուստի մեջ է, մեղադրյալ) բնակարաններ ունի միաժամանակ Գյումրիում եւ Արմավիրում։ Կնքվեց գրավի պայմանագիր (նոտարական վավերացմամբ)՝ 18.000 եւ 4000 դոլար փոխառության։ Ընթացքում (փափուկ բարձ դնելով միամիտ Ս. Աբգարյանի գլխի տակ) ոչնչացվեցին առկա գրավոր ստացականները… Խարդախության այլ տարրեր էլ կային։ Գ. Հակոբյանի կողմից Սահակից գումար վերցնելը (23.832 ԱՄՆ դոլար)՝ Պետրոս Գաբրիելյանին տալու պատրվակով, ապա հրաժարվելը, հեռահար հաշվարկի արդյունք էր։ Պ. Գաբրիելյանը ՌԴ քաղաքացի էր։ ՌԴ դատախազությունը նրան մերժեց «տրամադրել» ՀՀ դատախազությանը։ Իրավական օգնությունը փոխարինվեց իրավական չօգնությամբ։ Փաստորեն չգործեց 22.01.93թ. «Իրավական հարաբերությունների եւ քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիան… Գ. Հակոբյանը, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել։ Մեղավոր չի ճանաչել, քանզի ըստ իր փաստարկների՝ ինքը… գումար չի էլ վերցրել։ Եվ 1997-ից մինչեւ օրս տուժողը չի ստացել իր գումարը։ Տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդիկ Չինարյանը ներկայացնելով դատաքննության ընթացքը, մեզ հայտնեց, որ ինքն արդեն միջնորդել է Գ. Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց՝ կալանք ընտրելու մասին (26.05. 2000թ. ընտրվել էր ստորագրություն «չթռնելու» մասին)։ Նա նշեց նաեւ, որ տուժողի դատավարական իրավունքները խախտվել են բազմաթիվ անգամ։ Եվ որպես օրինակ բերեց բացառիկ մի խախտում, երբ ՀՀ սահմանադրության օրը տուժողին ՆԳ բաժնի կողմից բերման են ենթարկել Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարան (տուժողը իր մի քանի բացարկների մերժվելուց հետո մինչ այդ հեռացել էր նիստերի դահլիճից)։ Այս քրգործով անցնում են 19 վկա։ Եվ քրգործի դատաքննության (դատավոր՝ Մնաց Մարտիրոսյան, մեղադրող՝ Կ. Հովհաննիսյան) ընթացքի, այն է՝ ձգձգման մասին բազմաթիվ նամակ-դիմումներ են ուղարկվել ՀՀ արդարադատության խորհրդի նախագահին, գլխավոր դատախազին, Արմավիրի մարզի դատախազին, արդարադատության նախարարին։ Երբ մենք զրուցում էինք տուժողի շահերի ներկայացուցիչ Է. Չինարյանի հետ եւ վերջինս խոսում էր ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց՝ կալանք ընտրելու մասին, հիմքում դրված էր նամակ-դիմումում ասված մտահոգությունը. «դատաքննությունից մի քանի օր առաջ եւ ընթացքում Գ. Հակոբյանը այցելել է գործով վկաներ Թոմաս եւ Զավեն Քամալյանների, Գեւորգ Նազարյանի, Էդիկ Զախարյանի, Հենրիկ Պողոսյանի բնակարանները, ինչի արդյունքում նրանք… սուտ ցուցմունքներ տվեցին…»։ Տուժողը մեղադրում է, որ ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը չի ընտրվում, քանի որ կա «ամենաշահագրգռված» անձը՝ դատարանի նախագահ Հ. Սարգսյանը։ Նշեմ, որ դատարանի նախագահը չիմանալով, որ ես տուժողն եմ (այդ օրը ինձ էլ էին կանչել Էջմիածնի դատարան), եւ կանգնած էի փաստաբան Կիմա Մելքոնյանին շատ մոտ, նրան ասաց հետեւյալը. «Ինչի՞ համար եք եկել, տիկին Մելքոնյան»։ Վերջինս պատասխանեց. «Արմավիրի այն խարդախության գործով՝ 89-ի 4-րդ մասի»։ Իսկ նախագահն ասաց. «Հարց չի լինելու, ոնց պայմանավորվել ենք»։ Կ. Մելքոնյանը (Գ. Հակոբյանի փաստաբանը) ասաց բառացի. «Նախապես շնորհակալություն եմ հայտնում ձեզ»։ Ի դեպ, վերոնշյալ մեջբերումը անում եմ ՀՀ նախագահին ուղարկված նամակից (օգտվելով քաղաքացիներին տեղեկատվություն տալու իրավունքից)։ Տուժողը նշեց, որ գտնվում է ծանր նյութական վիճակում, խնամքին է հոգեկան խանգարում ստացած կինը, 3 անչափահաս երեխաները, մահացել է մայրը. «Այժմ արդեն կորցնելու ոչինչ չունեմ, ինչ որ ունեի՝ արդեն կորցրել եմ», վճռաբեկ դատարանի նախագահին էր գրել տուժողը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ