Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉՈՐՍ ԳԼՈՒԽ ՄԻ ԿԱԹՍԱՅՈՒՄ ԿԵՓՎԻ՞

Փետրվար 22,2002 00:00

ՉՈՐՍ ԳԼՈՒԽ ՄԻ ԿԱԹՍԱՅՈՒՄ ԿԵՓՎԻ՞ «Առավոտը» մի քանի անգամ ու գրեթե միշտ թերահավատությամբ է անդրադարձել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը, որ հայ, ադրբեջանցի, վրացի ու ռուս պատմաբանները համատեղ պատմության դասագիրք պետք է գրեն։ Գաղափարը քննարկվել եւ հավանության է արժանացել 1997թ. Թբիլիսիում կայացած չորս երկրների կրթության նախարարությունների ներկայացուցիչների կողմից, իսկ ավելի ուշ նման դասագիրք ստեղծելու վերաբերյալ իրենց համաձայնությունն են տվել նաեւ կրթության նախարարները։ Ու թեեւ հատկապես հայկական ու ադրբեջանական կողմերը պատմական շատ հարցերում հաշտության եզրեր չեն գտնում, սակայն դեռ ոչ մի կողմը չի օգտագործել վետոյի իր իրավունքը, եւ ծրագիրը մինչեւ օրս շարունակվում է։ Վերջնական տարբերակում որոշվել է, որ յուրաքանչյուր կողմը տասնհինգ էջի սահմաններում պետք է գրի իր երկրի պատմությունը։ Ընդ որում՝ ի տարբերություն նախնական տարբերակների, այժմ որոշել են, որ դասագիրքը պետք է ընդգրկի այդ երկրների պատմությունը մինչեւ 1920թ. խորհրդային կարգերի հաստատումը (Արցախը Ադրբեջանին հանձնելու դրվագը ինքնաբերաբար դուրս է գալիս) եւ թեմատիկ առումով էլ որոշակի սահմանափակումներ կան։ Քաղաքական շահարկումներից խուսափելու համար պատմությունները հիմնականում ընդգրկելու են ազգագրությանը, կրոնին, գիր-գրականությանը, մշակույթին, կրթությանը, գիտությանը, քաղաքաշինությանը, ճարտարապետությանը, տնտեսությանը եւ ոչ քաղաքական այլ նման թեմաներին առնչվող հարցեր։ Եվրախորհուրդը ծրագրին մեծ քաղաքական նշանակություն է տալիս՝ համարելով այն աջակցություն Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ Կովկասի ժողովուրդների պատմության ուսումնասիրության հարցերում։ Յուրաքանչյուր կողմից ծրագրին մասնակցում է երկու կամ երեք պատմաբան եւ տվյալ երկրի կրթության նախարարության ներկայացուցիչը՝ որպես համակարգող։ Հայկական կողմը ներկայացնում են պատմական գիտությունների դոկտոր Արամ Քոսյանը, գիտ. թեկն. Արմեն Խաչիկյանը եւ ԿԳՆ-ի մասնագիտական կրթության վարչության բարձրագույն կրթության բաժնի պետ Սասուն Մելիքյանը, որը եւս մասնագիտությամբ պատմաբան է, գիտությունների թեկնածու։ Վերջինիս խնդրեցինք ներկայացնել, թե ի՞նչ փուլում է ծրագիրը, մանավանդ տեղյակ էինք, որ վերջին՝ 2001թ. դեկտեմբերին կայացած հանդիպումը եւս աչքի է ընկել սուր բանավեճերով։ Պարոն Մելիքյանը եւս կարեւորեց ծրագրի նշանակությունը, քանի որ եվրոպական երկրների աշակերտների համար (14-16 տարեկան) նախատեսված այս դասագիրքը հնարավորություն կընձեռի գուցե թե առաջին անգամ ներկայացնել հայոց պատմությունը դրսում։ Դասագիրքը կարող է օգտագործվել նաեւ ծրագրին մասնակից չորս երկրների դպրոցներում, եթե դրանց ԿԳ նախարարները նման որոշում կայացնեն։ Կարեւոր սկզբունքներից է, որ դասագրքերի տեքստերը չպետք է շարադրվեն բանավեճի կամ թշնամական տոնով եւ պատմական իրադարձությունները չպետք է օգտագործվեն գոյություն ունեցող քաղաքական խնդիրները բարդացնելու նպատակով եւ այլն։ Բնականաբար, հայկական կողմը հիմնականում խնդիրներ է ունենում ադրբեջանական կողմի հետ, որոշ դեպքերում էլ՝ վրացական։ Հետաքրքիր է, որ ադրբեջանական կողմի տեքստի առնչությամբ տարաձայնություններ են ունենում նաեւ ռուսական եւ վրացական կողմերը, ինչը ինքնին խոսուն փաստ է։ Ադրբեջանական կողմը հաճախ խեղաթյուրումներով է ներկայացնում իր պատմությունը։ Բանավեճերի ժամանակ բոլոր կողմերն էլ անզիջում են մնում եւ գտնված միակ ելքն այն է, որ յուրաքանչյուրն իրեն հատկացված տեղում գրի իր երկրի պատմության իր տարբերակը։ Բոլոր այն դեպքերում, երբ հայկական կողմին չի հաջողվում հասնել պատմական այս կամ այն դրվագի, այսպես ասած՝ սրբագրմանը, մնում է ադրբեջանական կողմի պնդումը հակադարձել հայոց պատմության հատվածում բերված համապատասխան հակափաստարկով։ Սասուն Մելիքյանին խնդրեցինք որոշ օրինակներ բերել այս առնչությամբ։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը ոչ միայն հայկական, այլեւ պարսկական արժեքներն է սեփականաշնորհում՝ ադրբեջանցի «դարձնելով» պարսիկ միջնադարյան հեղինակներ Նիզամիին, Հաթամիին եւ սեփականացնելով պարսկական տարածքները։ Եվ պարզվում է, որ, ասենք, Սեֆյան հայտնի դինաստիան եւ Շահ Աբասը ոչ ավելի, ոչ պակաս՝ ադրբեջանցի են։ Ավելին՝ այդ շրջանի Պարսկաստանը դիտվում է «հզոր Ադրբեջանի» մաս։ Ադրբեջանցիները նախնադարյան համայնական հասարակարգի ժամանակաշրջանին (՜) անդրադառնալիս նշում են Ազուխ քարանձավի մասին, որն իբր գտնվում է Ադրբեջանի Ֆիզուլի քաղաքի մոտ, մինչդեռ այն գտնվում է ԼՂՀ-ի Ազոխ անունով գյուղում։ Ատրպատականը եւ հին Աղվանքը եւս ադրբեջանցիները համարում են իրենց պատմության հատված, մինչդեռ Ատրպատականը տարածքային առումով գտնվում է Արաքսից հարավ, իրանական մշակույթի տարածաշրջանում եւ որեւէ կապ չունի Ադրբեջանի պատմության հետ։ Իսկ Աղվանքում ընդհանրապես քիստոնյաներ են ապրել, կենտրոնը եղել է Գանձասարը եւ ադրբեջանցիների պնդումը, թե աղվաններն իրենց նախնիներն են՝ պատմական կեղծիք է։ Հայկական կողմի պնդմամբ ադրբեջանական տեքստից հանվել են դրվագներ, որ նրանց ժողովրդական էպոսից են շարադրված եւ պատմական հիմք չունեն։ Ի դեպ, ադրբեջանական կողմի հեղինակներից մեկը՝ Սուլեյման Մամեդովը, ծնվել, մեծացել, սովորել եւ նույնիսկ թեկնածուական է պաշտպանել Հայաստանում, շատ լավ խոսում է հայերեն եւ մեջբերումներ է անում մեր պատմիչներից՝ չնշելով, իհարկե, աղբյուրները եւ կեղծելով դրանք։ Վրացական կողմի տեքստի հետ կապված, մեր կողմը վիճարկել է Ուրարտու հայկական պետության մաս կազմած Տայքը Դիաուխի անվամբ վրացական տարածք ներկայացնելը եւ հասել նրան, որ մինչ այդ առանձին վերնագրով կարեւորված այդ հատվածը համառոտ մտել է ընդհանուր տեքստի մեջ։ Իհարկե, հայկական տեքստում ամրագրվել է այս առնչությամբ մեր տեսակետը։ Վրացական տեքստում եղել է պնդում նաեւ այն մասին, որ մինչեւ 5-րդ դարում վրացական այբուբենի ստեղծումը (այն, ըստ գոյություն ունեցող տեսակետի, ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի աջակցությամբ, հայոց գրերի ստեղծումից հետո) եղել է վրացական հին այբուբեն՝ դեռեւս մ.թ.ա. 3-րդ դարում, ինչը հաստատող արձանագրությունը, սակայն, վրացիները գաղտնի են պահում։ Երբ հայկական կողմը կասկածի է ենթարկել այս պնդումը, վրացիները համաձայնել են այս հատվածը հանել տեքստից, մինչեւ հստակ ապացուցեն, որ գտնվածը վրացական այբուբեն է։ Վրացիների տեքստում անտեսվում են նաեւ հայտնի հայ գործիչները, ասենք, ոչինչ ասված չէ Թամար թագուհու օրոք ապրած Զաքարյան հայկական հայտնի ընտանիքի մասին։ Մի խոսքով, տարբեր, իրար հակասող փաստերով դասագիրք է լինելու, որի հրատարակման պատասխանատվությունը Եվրախորհուրդը իր վրա է վերցրել։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել