Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ո՞վ է ասել, որ գողերն իրավունք չունեն ղեկավար աշխատելու…»

Փետրվար 22,2002 00:00

«Ո՞վ է ասել, որ գողերն իրավունք չունեն ղեկավար աշխատելու…» 2 տարի է՝ ոչ մի տող չեմ գրել։ Նա, ով թրծվել է լրագրության մեջ, կհասկանա, թե 25 տարվա լրագրական աշխատանքից հետո ինչ է նշանակում լռելը։ Այն դեպքում, երբ շուրջդ փլուզվում է, երկիրդ դատարկվում, օրվա հացի կարոտ ժողովրդիդ զավակները թափառում են օտար ափերում եւ շատ հաճախ «տուն դառնում»… գազանաբար սպանված։ Գրել նշանակում է ինչ-որ բանի հավատալ, հուսալ, որ վերեւներում գոնե մեկը անհանգստանում է հայի որակյալ տեսակի ոչնչացման, երկիրը կործանման դատապարտողների հաղթարշավի համար։ Իմ լոռեցի հայրենակիցների դարդ ու ցավին սատար չկանգնելու համար ներողություն եմ խնդրում։ Պարզապես, այլեւս չեմ հավատում չորրորդ իշխանության առաքելությանը։ Սակայն կան համառ եւ ազնիվ մարդիկ, որոնք շարունակում են իրենց սիզիֆյան աշխատանքը՝ անկախ ամեն ինչից։ Դրանցից մեկն էլ ՀԺԿ Թումանյանի տարածքային կազմակերպության ղեկավար Լարիսա Փարեմուզյանն է։ Վերջինս երկու տարվա ընթացքում «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերը բառացիորեն հեղեղել է Լոռում բուն դրած կոռուպցիայի, հովանավորչության, ալան-թալանի մասին պատմող հոդվածներով։ Եվ ի՞նչ, ոչինչ։ Ջուրն իր ճամփով է հոսել։ Գրավոր խոսքի նկատմամբ այս բացահայտ արհամարհանքից շարքային լոռեցին «հայտնագործել» է, որ վերեւներում ընդհանրապես թերթ չեն կարդում։ Սակայն (ա՜յ քեզ բան) մի քանի օր առաջ պարզվեց, որ… կարդում են։ Մարզպետ Քոչինյանը՝ կարդալով Փարեմուզյանի «Ինքը լավ է ապրում» («Առավոտ», փետրվարի 8) հոդվածը, այնքան է հուզվել, որ որոշել է «վերաբերմունք դրսեւորել»։ Նա հանձնարարել է մարզային դատախազությանը թողնել սովից ու հուսահատությունից հանցագործություն կատարողներին որսալու ամենօրյա գործը (դա՝ կա ու կա) եւ զբաղվել իրեն հանգիստ չտվող հոդվածագրով։ Մարզի դատախազի օգնական Գ. Դավթյանը օպերատիվ կերպով ժամանել է Ալավերդի եւ դատախազություն հրավիրել Լ. Փարեմուզյանին։ Օրենքի տարրական գիտելիքների առկայության, հոդվածներում մատնանշված հազարավոր դոլարների հափշտակությունների, գյուղապետերի զոռբայության եւ աճպարարության փաստերի սկզբունքային վերլուծության դեպքում մարզի դատախազությունը պիտի որ «քիթ մաքրելու» ժամանակ չունենար։ Իսկ վիրավորված կողմը՝ մարզպետը, համայնքապետերը եւ չգիտեմ էլ ով, կարող էր հույզերը սառեցնել դատարանում։ Այսպես պիտի լիներ նորմալ երկրում եւ առողջ տրամաբանության պայմաններում։ Ես գրիչ եմ վերցրել ոչ իրավապահներին ու նրանց տերերին բարոյախոսության դասեր տալու, ժողովուրդը վաղուց նրանց գնահատականը տվել է՝ Վանաձորը անվանելով «հայկական Սիցիլիա», այլ նրա համար, հարգելի ընթերցող, որ սատար կանգնելով գրչակից ընկերոջս, ասեմ՝ ամենայն պատասխանատվությամբ կստորագրեի Լ. Փարեմուզյանի հոդվածների տակ, քանզի դրանք արտացոլում են մարզի իրական պատկերը։ Ի դեպ, մարզի դատախազի օգնականը լրագրողի հետ «առերեսման» ժամանակ մի փայլուն միտք է արտահայտել. «Ձեզ ո՞վ է ասել, որ գողը չի կարող ղեկավար աշխատել…»։ Այստեղ չես կարող չհավատալ օրենքի պահապանի անկեղծությանը։ Օրերս պետհամալսարանի դասախոսների հետ հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը խոստովանեց. «Թայֆաբազությունը մեզանում ամենամեծ չարիքներից մեկն է…»։ Շնորհակալություն՝ իրերն իրենց անունով կոչելու համար, քանզի թայֆաբազությունը հայկական կոռուպցիայի մայրն է, այն էլ՝ բազմազավակ մայրը։ Եթե նախագահը թայֆաների հետ ոչ մի կապ չունենար (երանի), կհասկանար, որ Փարեմուզյանն իր բոլոր հոդվածներում ուղղակի կամ անուղղակի մատնանշում է Լոռու համար առաջին թայֆաբազին, որի «կառուցող, շենացնող, ցուցադրող» կերպարը անավարտ կլիներ, եթե չնշեինք գլխավոր արժանիքը՝ իր մարդկանց «թխսկան հավի նման» անկորուստ պահպանելու ջիղը։ Ոչինչ, որ մարզպետական խնամքի տակ գտնվողների գործունեության արդյունքում անզուգական Լոռին կործանվում է, լոռեցու հպարտ ու մաքուր տեսակը վերածվում ստորակարգի՝ արոտավայր փնտրող խեղճ ու կրակ անասունի… Քիչ է թայֆաբազության մասին խոսելը, պարոն նախագահ։ Հարկավոր է գործել, քանզի ե՛ւ հանրապետության նախագահի, ե՛ւ կառավարության գնահատականը մարզպետներն ու նրանց «դասի» չինովնիկներն են։ Եթե այդ «գնահատականները» Ձեզ չեն բավարարում, ազատվեք նրանցից։ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Ալավերդի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել