Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՆԶԳՈՒՅՇ» ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԳՈՒՇԱՎՈՐ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Փետրվար 22,2002 00:00

«ԱՆԶԳՈՒՅՇ» ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԳՈՒՇԱՎՈՐ ԴԱՏԱՎՃԻՌԸ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը բոլորովին անսպասելի չէր։ Պողոս Պողոսյանի սպանության առիթով հարուցված քրգործի նախաքննությունը եւ դատաքննությունը պարարտ հող էին նախապատրաստել այդ վճռի համար։ «Անզգույշ» սպանություն, «քաշքշուկի հետեւանք» եւ այլ ցինիկ որակումներից հետո, դատական համակարգը ո՞նց կարող էր ինքն իր «գլխից» վեր թռնել եւ ուրիշ բան բացահայտել։ Սցենարին արժանի վճիռ. Աղամալ Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրօրենսգրքի 103 հոդվածի հատկանիշներով եւ դատապարտել ազատազրկման 2 տարի ժամանակով (ի դեպ, այս տողերից հետո ամբաստանյալը տեղում անհանգիստ շարժում է արել, որը թերեւս կարելի է բնութագրել՝ ի, խաբեցի՞ն, հաջորդ տողից հետո հանդարտվել է.- Մ. Ե.)։ Ըստ քրօրենսգրքի 41 հոդվածի՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամանակով, նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով Երեւանի Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնի վրա։ Խափանման միջոցը չհեռանալու մասին թողնել անփոփոխ, մինչեւ դատարանի օրինական վճռի ուժի մեջ մտնելը։ 15 օրյա ժամկետում տուժող կողմը կարող է բողոք ներկայացնել վերաքննիչ։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ բոլոր խումբ- խմբակցությունների ներկայացուցիչներին խնդրեցինք իրենց կարծիքը հայտնել նախագահի թիկնազորի աշխատակիցների կողմից կատարված սպանության, այդ առիթով ընթացող դատաքննության եւ դատարանի վճռի մասին։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը Պողոս Պողոսյանի սպանությունից անմիջապես հետո հայտնեց, որ իրենք հետեւելու են գործի լիարժեք եւ արդար բացահայտմանը։ Դատարանը արդեն կայացրել է վճիռը, որքանո՞վ է այն բավարարում ՀՅԴ-ին, եթե չի բավարարում, որո՞նք են լինելու կուսակցության հետագա քայլերը։ Պրն Վարդանյանն ասաց. «Ցավոք, ամբողջ ընթացքում փորձ արվեց այս դատավարությունը քաղաքականացնել, կուսակցականացնել եւ ամեն կերպ վերածել Դաշնակցության համար առանցքային խնդրի։ Մենք, իհարկե, հասկանում ենք սրա նպատակները եւ փորձեցինք չգնալ քաղաքականացմանը։ Եվ կարծում եմ, ճիշտ արեցինք, որովհետեւ սպանվել էր մարդ, եւ դա վերաբերում է հասարակությանն անխտիր»։ Աղվան Վարդանյանն ասաց, որ «Դատապաշտպանի եւ մյուս հարցերով ամեն ինչ արվեց, կազմակերպվեց, բայց մենք բախվեցինք մեր հասարակության մեջ տարիներով արմատացած մի հիվանդության, այն է՝ հրաժարվել դատական կարգով խնդիրները լուծելուց, այսինքն՝ վկայություններ տալուց։ Տասնյակ մարդիկ էին ներկա եղել դեպքին, բայց ոչ մեկը չներկայացավ դատարան եւ ցուցմունք չտվեց»։ Գործի նախաքննությունը եւ դատաքննությունը ՀՅԴ խմբակցությանը չի բավարարում։ Պրն Վարդանյանը կարծում է, որ տուժողի շահերի ներկայացուցիչը, սպանվածի եղբայրը եւ փաստաբանը վերաքննիչ դատարան կդիմեն։ Աղվան Վարդանյանը համոզված է, որ այս գործով «որեւէ պատվեր իշխանությունը, այդ թվում՝ նախագահը, չի տվել»։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը միակն էր, որ «ավերիչ» կարծիք հայտնեց ոչ միայն դատարանի վճռի, այլեւ այն ծնող ու սնող այլ բաների մասին. «Դատավճիռը Աղամալ Հարությունյանինը չէր, դատավճիռը ներկայիս վարչակազմինն էր, որովհետեւ ավելի մեծ սատարում ընդդիմությանը պատկերացնել հնարավոր չէր։ Վերջերս ակնհայտ է դառնում այն պարզ ճշմարտությունը, որ պարտադիր չէ ընդդիմությունը որեւէ գործողությամբ հանդես գա։ Բավական է հանրապետության նախագահը ասուլիս անի, նրա մերձավորները այս կամ այն արարքի մեջ բացահայտվեն, ապացուցվում է այն ճշմարտությունը, որ իշխանությունները հայ ժողովրդին եւ հայոց պետականությունը ներկայացնելու բարոյական իրավունքը կորցրել են»։ Ա. Գեղամյանը շեշտեց, որ իր համար չափազանց ծանր էր գիտակցել, «որ պատկառելի երկու կուսակցություն (նկատի ունի ՀՅԴ»-ն եւ «Հզոր Հայրենիքը».- Մ. Ե.), որոնք անթաքույց պաշտպանում են հանրապետության նախագահին, չգտան իրենց մեջ բարոյականություն եւ ուժ՝ պաշտպանելու իրենց հայրենակցին եւ կուսակցին»։ ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանի կարծիքով, «դա պարզապես դատախաղի տպավորություն է թողնում, քան նորմալ դատավարության։ Էլի թամաշա է, իսկական թամաշա»։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Սերգո Երիցյանը եւս գործին ծանոթ է մամուլի հրապարակումներից եւ այն կարծիքին է, որ ոչ միայն այս դատավարության, այլեւ մյուս դատավարությունների ընթացքում ոչ մի մութ կետ չի կարող լինել՝ դա ոչ մեկին ձեռնտու չի կարող լինել. «Մեր երկիրը անվերադարձ բռնել է ժողովրդավարության ուղին, հետեւաբար, պարտավոր ենք դա հայտարարել ոչ թե ամբիոններից, բառերով, այլ հետեւել եվրոպական ընտանիք գնալու տառին եւ բառին»։ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն այս հարցի վերաբերյալ ասաց. «Այն վճիռը, որը դուրս է արդարության եւ օրենքի առաջ յուրաքանչյուրի հավասար լինելու սկզբունքից, ես չեմ ընդունում»։ Այնուամենայնիվ, կոնկրետ Աղամալ Հարությունյանի գործով վճիռը ինչպե՞ս է գնահատվում. «Պետք է ուշադիր նայել վիճակագրությանը, թե նմանատիպ դեպքերի համար քանի տարով են մարդիկ դատապարտվել, եւ օրենքի առաջ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հավասար լինի, սկզբունքից ելնելով, եթե վիճակագրությունը մեկ այլ բան է ասում, ուրեմն, ենթադրում եմ, որ մոտեցումը, թերեւս թերի է»։ ՀԺԱՄ-ի ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը դատական համակարգի ընդհանրական գնահատականը տվեց, ասելով, որ այն անկախ չէ եւ լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Սակայն ոչ միայն խուսափեց որեւէ գործ առանձնացնել, այլեւ խուսափեց ընդհանրապես կարծիք հայտնել «Պապլավոկում» տեղի ունեցած սպանության, դատավարության եւ վճռի մասին։ Ի վերջո, ամենեւին պետք չէ զարմանալ, վրդովվել, որ «Պապլավոկում» գտնվող մտավորականները այդպես էլ տղամարդկություն չունեցան վկայություն տալ, եթե «27» տեսած պատգամավորներն են կցկտուր կարծիք հայտնում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել