Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի ԴԵՐԵՎ ՉԵԼԱԾ ՀՈՒՅՍԵՐ

Փետրվար 22,2002 00:00

Ի ԴԵՐԵՎ ՉԵԼԱԾ ՀՈՒՅՍԵՐ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովը դեռ հույսը չի կորցնում, թե հանդիպելով այդ գործով կալանավորվածների հետ նույն խցում գտնված 150-200 անձանց, կկարողանա էական որեւէ մանրամասն պարզել։ Եվ սա՝ այն պայմաններում, երբ արդեն իսկ հրապարակվել են այդ անձանցից մեկի՝ Էդիկ Գրիգորյանի, Մուշեղ Մովսիսյանի, Նորայր Եղիազարյանի եւ Միսակ Մկրտչյանի հետ ՆԳ մարմինների հանձնարարությամբ ներխցիկային աշխատանքներ տարած գործակալ Հարություն Գրիգորյանի ցուցմունքները։ Ըստ այդմ, հենց որ հայտնի էր դարձել, թե խորհրդարանական այս հանձնաժողովը հետաքրքրվում է «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալների հետ նստած անձանց տվյալներով՝ մեկուսարանի ղեկավարությունն ու ՆԳՆ Քրեական հետախուզության վարչությունը նրան նախազգուշացրել էին, որ քաղաքական խաղերի մեջ չմտնի։ Մեր հարցին ի պատասխան, թե նման զգուշացումներից հետո ինքը դեռ ակնկալիքնե՞ր ունի, որ «27»-ի գործով կալանավորվածների հետ նստած անձինք համագործակցելու են իրենց հետ՝ հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանն ասաց. «Կարող եմ միանշանակ ասել, որ այս հանձնաժողովի եւ ՆԳՆ ջրերը մի առվով չգնացին։ Երեւի մեղավորը ես եմ, քանի որ այս հանձնաժողովում եմ։ Բայց ես ուզում էի, որ ամեն ինչ անաչառ լուծում ստանա։ Ինձ համար միեւնույն է, թե ում նկատմամբ էր բռնությունը, ով էր այն կատարողը։ Միանշանակ էր միայն այն հանգամանքը, որ ամեն մեկն իր արածի համար պիտի պատժվի»։ Թե որքանով է անաչառ այս հանձնաժողովը՝ դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ ներկայացնենք, թե ինչ ակնկալիքներ ունի «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանը վերոհիշյալ 200 հոգու հետ հանդիպումներից (ի դեպ, հանձնաժողովականները 15 հոգու հետ նման առաջին հանդիպումը նախատեսում են երեքշաբթի, երբ այցելելու են մեկուսարան). «Ես երբեւիցե նախապես չեմ ասել, թե ունեմ ակնկալիքներ ամեն մի նման հանդիպումից։ Մեզ տրված իրավասությունների սահմաններում, սակայն, պիտի ունենանք նման հանդիպումներ այն անձանց հետ, ովքեր «Հոկտեմբերի 27»-ի գործին որոշ առնչություններ ունեն։ 150 հոգու ցուցակ ունենք, եւ արդեն տվյալներ կան 15 հոգու մասին, որոնք այժմ էլ կալանավայրերում են։ Ակնկալիքների մասին ավելի որոշակի կարող ենք խոսել առաջին հանդիպումից հետո»։ Եվս մի հանգամանք կա, որն անհնարին է դարձնում այդ գործակալներից ճշմարտությունը լսելը՝ նրանք գործում են հանձնարարությամբ եւ հեշտությամբ փոփոխում են իրենց ասելիքը (վկայությունը՝ նույն Հարություն Գրիգորյանի ցուցմունքները)։ «Մենք ուրիշ ելք չունենք,- ասաց Գագիկ Կոստանդյանը։- ԱԺ-ի որոշման մեջ պարունակվող այն հանձնարարականը, թե պիտի ուսումնասիրենք «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորվածների պահպանության օրինականությունը, կարելի է կատարել միայն այս եղանակով։ Բնականաբար, մեկուսարանի աշխատակիցները մեզ ճշմարտությունը չեն ասի՝ ղեկավարություն կա, հանձնարարականներ կան։ Միակ ուղին այն մարդկանց հետ հանդիպելն է, որոնք նրանց հետ նույն խցերում են եղել, բայց ազատության մեջ են։ Մի կարծեք, թե ով դատված է եղել՝ այս հասարակության արդեն փչացած տարրն է։ Նրանց մեջ էլ կան բավական ազնիվ, լուրջ, էս երկրի ցավով ու դարդով տառապող մարդիկ, որոնք ուզում են, որ ամեն ինչ անաչառ ներկայացվի։ Եվ այս 208-ի մեջ էլ կան նման մարդիկ»։ Թեեւ հանձնաժողովի անդամները խոսում են անաչառության մասին, բայց լսելով միայն մի կողմին՝ նախկին մեղադրյալներին, արդեն անառարկելի ճշմարտություն են համարում նրանց հայտարարություններն իրենց խոշտանգելու վերաբերյալ։ Իսկ որեւէ երաշխիք կա՞, որ բռնությունների մասին պնդումներն ուղղակի պատրվակ չեն ցուցմունքները վարկաբեկելու համար։ «Ես երբեք հաստատ ոչինչ չեմ ասել,- պնդեց Գագիկ Կոստանդյանը։- Բայց այդ ապօրինություններն իմ աչքով եմ տեսել, երբ այցելել էի Մուշեղ Մովսիսյանին ու տեսել նրա վիճակը։ Արդեն որերորդ մարդն է գալիս այստեղ-հայտարարում իր անձի նկատմամբ բռնությունների մասին՝ ոչ մի ռեակցիա, ոչ մի ընթացք»։ Խնդիրն այն է, որ նախկին մեղադրյալներից ոմանց հայտարարությունների հիման վրա ե՛ւ ՆԳՆ-ն, ե՛ւ Գլխավոր դատախազությունն արդեն իսկ քննություն է անցկացրել ու չի հաստատել նրանց պնդումները։ «Մեր հանձնաժողովի նիստերում որոշ հարցեր են արծարծվում, որոնք պիտի դատախազությանը ներկայացվեին, բայց, չգիտես ինչից ելնելով, մեզ են դիմում,- ասաց Վահագն Գրիգորյանը։- Այլ դեպքերում՝ դիմել են, բայց ընթացք չի ստացել։ Ես չեմ կարող գլխավոր դատախազից պահանջել, թե ինչու ընթացք չի տվել այդ դիմումներին։ Դա ոչ իմ, ոչ էլ հանձնաժողովի իրավասությունը չէ»։ Չնայած զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի բացասական դիրքորոշմանը, հանձնաժողովում ակնկալում են, թե կհանդիպեն նաեւ Զինդատախազության այն քննիչներին, որոնց մեղադրանքներ են հասցեագրել «27»-ի գործով նախկին մեղադրյալները։ «Մենք Ջհանգիրյանին չէինք դիմել հանդիպում կազմակերպելու համար։ Զինդատախազը չէ որոշողը, այլ գլխավոր դատախազը»,- երեկ նիստի ընթացքում ասում էին հանձնաժողովի անդամները։ Վահագն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել գլխավոր դատախազի հետ եւ պայմանավորվել, որ նա անպայման գրավոր պատասխանելու է հանձնաժողովի դիմումին։ Ուստի՝ ավելի ուշ պարզ կդառնա, թե արտոնվո՞ւմ են քննիչների հետ հանդիպումները, կամ ոչ։ Դեռ այսքան չկարգավորված հանգամանքներ կան, իսկ հանձնաժողովը պիտի արդեն իր միջանկյալ հաղորդումը ներկայացրած լիներ։ Ավելին, շուտով՝ շուրջ երկու ամսից, սպառվում է նաեւ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Կհասցնե՞ն մինչեւ այդ 200 հանդիպում ունենալ, դրանից հետո որեւէ լուրջ ասելիք կունենա՞ն՝ պարզ կդառնա ավելի ուշ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել