Ի՞նչ են ընթերցում ուսանողները Բոլոր ժամանակներում ու պայմաններում էլ հայը կրթության է ձգտել։ Շատերի մեջ տպավորություն է ստեղծվել, թե այս օրերին քչերն են գիրք կամ մամուլ կարդում։ Փորձենք պարզել, թե մանկավարժական համալսարանի ուսանողները ի՞նչ են կարդում։ – Ժամանակ ունենո՞ւմ եք ընթերցելու, եթե այո, ապա ի՞նչ թերթեր եւ գրքեր եք կարդում։ Հասմիկ Հարությունյան – Անչափ շատ եմ սիրում ընթերցել, հետեւաբար ժամանակ միշտ էլ գտնում եմ։ Կարդում եմ «Իրավունք» եւ «Առավոտ»։ Գրքերից՝ Գաբրիել Գարսիա Մարկես, Անահիտ Սահինյան։ Վարդուհի Ավագյան – Այո, թերթերից կարդում եմ «Առավոտ», գրքերից՝ Անահիտ Սեկոյան, Թոմաս Հարդի, Թեոդոր Դրայզեր։ Էվելինա Պողոսյան- Շատ եմ սիրում ընթերցել։ Դա ինձ օգնում է կտրվել առօրյա հոգսերից։ Սիրում եմ «Ուղեկից» ամսագիրը, որտեղ զետեղված են երիտասարդությանը հուզող շատ թեմաներ եւ հոդվածներ։ Մեծ բավականությամբ եմ կարդում Շեքսպիր, Բալզակ, Սերվանտես եւ հայ բոլոր հեղինակներին։ Աննա Ալոյան – Նախընտրում եմ «Առավոտ» թերթը։ Գիրք կարդալ նույնպես շատ եմ սիրում, բայց, ցավոք, ժամանակ չեմ ունենում։ Քրիստինե Ալավերդյան – Կարդում եմ «Ճիչ» եւ «Առավոտ»։ Գրքերից էլ Շառլոտա Բրոնտե, Դեվիդ Վեյս։ – Թերթի ո՞ր հրապարակումներն եք նախընտրում։ Հասմիկ – Նախընտրում եմ երիտասարդական-սիրային թեմաներին առնչվող նյութերը։ Վարդուհի – Նախընտրում եմ երիտասարդական թեմաները։ Էվելինա – Թերթում ինձ գրավում են մշակույթին վերաբերող բոլոր հոդվածները։ Աննա – Նախընտրում եմ իրավական եւ սոցիալական պրոբլեմներին վերաբերող հրապարակումները։ Քրիստինե – Հիմնականում կարդում եմ մշակութային թեմաներով հոդվածները։ – Եթե օգտվում եք՝ ապա ո՞ր գրադարանից։ Հասմիկ – Այո, օգտվում եմ։ Հիմնականում Ավ. Իսահակյանի եւ Շահումյանի անվան գրադարաններից։ Վարդուհի – Արտաշատի կենտրոնական գրադարանից։ Էվելինա – Ավ. Իսահակյանի անվան գրադարանից։ Աննա – Ավ. Իսահակյանի անվան գրադարանից։ Քրիստինե – Ավ. Իսահակյանի անվան գրադարանից։ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԻՐԱՔՅԱՆ Մանկավարժական համալսարան, 2-րդ կուրս