13,7 մլն դոլարի վարկ՝ էներգետիկներին Արդյունավետության ի՞նչ մակարդակ Մեր երկրի տնտեսության մեջ Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի դերը հաճախ է հիշվում՝ վճռորոշից մինչեւ հայեցողական։ Բանկը անցած 8 տարիներին մեր երկրի տնտեսության մեջ 700 մլն դոլարից ավելի ծրագրերի ֆինանսավորում է իրականացրել։ Ըստ երբեմն արտահայտվող նրբերանգների, բանկը դրանց դիմաց պահանջներ է առաջադրում։ Հանրահայտ է, ասենք, բաշխիչ ցանցերի մասնավորեցման գործընթացը։ Երբ խոսք է գնում համակարգում տիրող որոշ երեւույթների մասին, բանկի պատասխանատուները նկատում են, որ ՀՀ քաղաքացի լինելով իրենք մասամբ տեղեկացված են, սակայն դրանք ՀՀ կառավարության խնդիրներն են։ Արդյունքում՝ ԲԷՑ-երի մասնավորեցումը ձախողվեց։ Բայց չէ՞ որ ՀՀ կառավարությունը 100 մլն դրամից ավելի (220 հազար դոլար) գումար էր հատկացրել ՀԲ-ի երաշխավորությամբ արտերկրից ընտրված իր շահերը ներկայացնող խորհրդատվական մարմնի վարձատրման համար։ Որեւէ մեկը անհանգստացա՞վ, արդյոք, ՀՀ աղքատիկ բյուջեի դեպքում ոչ փոքր գումարի կորստի համար։ Կարծես՝ ոչ։ Լուրեր կան, որ վարչական մարմիններից մեկում հետաքրքրվում են ՀԲ-ի կողմից 1994թ. օգոստոսի 12-ին հատկացված 13,7 մլն դոլար էներգետիկ համակարգի վերականգնման վարկի օգտագործման արդյունավետությամբ։ Հաջողվեց պարզել, որ ավարտված ծրագրերի շարքում դասվող այս վարկի գլխավոր ձեռքբերումներից է համարվում 1995 թվականի հեղեղումներից հետո Գյումուշհէկ-ի 4 գեներատորներից 2-ի վերականգնումը։ Տարօրինակ չէ՞, արդյոք։ Նման գումարի վարկի տրամադրման նախապատրաստական շրջանը 1-2 տարի է տեւում, ասել է թե՝ 1993-94-ին որեւէ մեկը չէր կարող հեղեղումների տարբերակ ենթադրել։ 2-րդ ձեռքբերում է հիշատակվում ջերմային էլեկտրակայաններում տեղադրված մոտ 600 մվտ ընդհանուր հզորությունների հուսալիության եւ արդյունավետության բարձրացումը։ Այդ ի՞նչ արդյունավետության բարձրացման մասին է խոսքը, երբ թե Հրազդանի ՊՇԷԿ-ը, թե Երեւանի ՋԷԿ-ը աշխատում են 1 կվտ/ժամ էլհոսանքի արտադրման համար նախատեսված վառելիքի ծախսի զգալի գերազանցման պայմաններում, որն էլ ազդում է կայանների ֆինանսատնտեսական առողջացման եւ սակագնային խնդիրների վրա։ Հանրությունը լավատեսության զգացում ունի։ Առավել եւս, որ այն ունի նաեւ ՀԲ-ի Երեւանի գրասենյակի գործող տնօրեն Օ. Սաադաթը, որը իրենց հրատարակած «Համաշխարհային բանկը եւ Հայաստանը» գրքույկի բարեմաղթանքում նշում է. «Մենք հուսով ենք, որ այս հրատարակությունը ոչ միայն տեղեկատվության աղբյուր կդառնա Հայաստանում Համաշխարհային բանկի գործունեության մասին, այլեւ կխթանի բանկի աշխատակազմի եւ քաղաքացիական հասարակության իրազեկ երկխոսությունը»։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ