ԳԵՂԵՑԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՊՏՈՒՂՆԵՐԸ Անցած աշնանը մտահոգող խոսակցություններ էին պտտվում, թե Երեւանի կամերային երգչախումբը զրկվելու է ֆինանսավորումից եւ, հետեւաբար, նրա հետագա գործունեությունը մեծ հարցականի տակ է։ Սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ընթացք ունեցավ եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակեց իր հովանավորությունը երգչախմբին։ Դեռ ավելին, մոտ օրերս, ըստ հավաստի տեղեկությունների, մայրաքաղաքի կենտրոնում կբացվի մի նոր համերգասրահ՝ կրկին Վեհափառի հովանավորությամբ, որտեղ պարբերաբար Կամերային երգչախումբը համերգային ծրագրով հանդես կգա։ Համերգասրահը մի մասն է կազմելու մշակութային կենտրոնի, որտեղ, ի թիվս համերգների, կիրականացվեն այլեւայլ մշակութային միջոցառումներ՝ շնորհանդեսներ, գինեձոներ, հանդիպում-քննարկումներ եւ այլն։ Մինչ համերգասրահի բացումը, Կամերային երգչախումբն օրերս շարականների համեմատական կատարմամբ հանդես եկավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Շարականները հնչում էին բանավոր փոխանցված տարբերակով եւ հնագույն խազերից կատարած վերծանությունների հիման վրա (տես՝ «Առավոտի» փետրվարի 13-ի համարը)։ Համերգը լայն արձագանք ունեցավ, սակայն, ըստ Երեւանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Հարություն Թոփիկյանի՝ «Դա մի բարդ ու դժվարընկալելի աշխարհ էր։ Մեզ համար շատ հետաքրքիր ու յուրօրինակ աշխարհ։ Շատ լավ կլիներ, եթե համերգն ունենար գիտական նախաբան։ Լինեին կողմնակիցներ եւ ընդդիմախոսներ։ Ես ինձ չեմ վերապահում ճիշտն ու սխալն ընտրողի դերը։ Ես կատարող եմ եւ մեր երգչախումբը մեծ սիրով ու հետաքրքրությամբ է կատարել այդ գործը»։ Խոսքը վերաբերում է խազերի վերծանությանը։ Շատերն են վերապահումով մոտենում միջնադարյան խազերի վերծանության միարժեքությանը։ Կամերային երգչախումբը հանրապետությունում այն քչերից է, որ ներկայացնում է հոգեւոր երաժշտության գոհարները։ Եվ այդ առումով, թերեւս, բնական էր երգչախմբի ակտիվ մասնակցությունը քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնական միջոցառումներին. «Տարին սկսվեց բարեհաջող. գերմանացի դիրիժոր եւ կոմպոզիտոր Թոմաս Բուխոլցի ղեկավարությամբ եւ Գերմանիայի դեսպանության հովանավորությամբ կատարեցինք հատվածներ Ի.Ս.Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործից։ Այդ համերգին կատարվեց նաեւ Տիգրան Մանսուրյանի «Լաքրիմեն»՝ սաքսաֆոնի եւ ալտի համար գրված։ Այդ գործն արդեն ձայնագրված է աշխարհի լավագույն ստուդիաներից մեկում եւ շուտով լույս կտեսնի»։ Երգչախումբը մասնակցել է նաեւ հոբելյանական տոնակատարությունների ժամանակ կայացած Հոգեւոր երաժշտության փառատոնին՝ ներկայացնելով Կոմիտասի խմբերգերի 8-րդ հատորի երգերը եւ հոգեւոր երաժշտության հրաշալի նմուշներ։ Սակայն, թերեւս, ամենահիշարժանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի երգչախմբի եւ նվագախմբի հետ համատեղ կատարումն էր։ Ըստ Հարություն Թոփիկյանի, նման մեծության աստղերը հաճախ են, որպես ժեստ, մի փոքրիկ ստեղծագործություն համատեղ կատարում տեղի խմբերի հետ, բայց իրենց դեպքում մի փոքր այլ էր. «Ռիկարդո Մուտին մեզ ճանաչում էր դեռ 1997-ից, երբ մենք Ռավենայի փառատոնում եղանք եւ մեծ հաջողությամբ ելույթ ունեցանք։ Եվ այդ պատճառով այստեղ արդեն մեզ վստահվեց երկու մեծ կտոր՝ 44 րոպե երգեցինք Մուտիի խմբի հետ՝ Վերդիի «Ստաբատ Մատերը» եւ «Տեդեումը»։ Կամերային նվագախումբը մասնակցեց նաեւ Սաղմոսավանքի օծման արարողությանը։ Օծումը կատարեց Վեհափառ Հայրապետը։ 1700-ամյակի շրջանակներում կատարվեց նաեւ Տիգրան Մանսուրյանի «Աստպոետիկա» (ըստ Չարենցի) մեծածավալ կտավի վերջին կտորը՝ «Երբ կիջնի լռությունը»։ Իսկ հոկտեմբերին հնչեց «Աստպոետիկան» ամբողջությամբ՝ 10 խմբերգերով։ Պրն Թոփիկյանին խնդրեցինք մի փոքր մանրամասն պատմել «Աստպոետիկայի» մասին, որը մասնագետների գնահատականով վերջին տարիների հայ երաժշտության լավագույն ստեղծագործություններից է։ – Տիգրան Մանսուրյանի հետ երգչախմբի մտերմիկ ընկերությունը տարիների պատմություն ունի։ Նա միշտ եղել է մեր ամենալավ բարեկամն ու ընկերը։ 1997-ին Չարենցի 100-ամյակի առթիվ նա գրեց իր երեք խմբերգերը՝ «Քամին», «Աշնան երգ» եւ «Ճապոնական թանկաներ»։ Դա մի ամբողջական եռամաս ընտիր գործ էր։ «Քամին» բացառիկ, էներգիայով հարուստ խմբերգ է, այնքան հզոր, որ կարծես ուզում էր անգամ այդ եռամաս գործից անջատվել։ Սակայն ամբողջության մեջ էլ գործը հրաշալի էր։ 1997-ի մայիսի 10-ին կայացավ Չարենցի 100-ամյակին նվիրված բացառիկ համերգը, որը մեզ համար առանձնահատուկ հիշարժան է նրանով, որ այդ համերգն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Դա մեծագույն խթան էր մեզ համար եւ հավերժ հիշելու ու ոգեւորության առիթ։ Մեկ ամիս հետո մեկնեցինք Ռավենա՝ փառատոնի, որտեղ ծանոթացա (Տ. Մանսուրյանն արդեն վաղուց ծանոթ էր) անվանի երաժիշտ Քիմ Քաշքաշյանի եւ աշխարհում շատ հայտնի ձայնագրման ստուդիայի ղեկավար Մանֆրեդ Այխերի հետ։ Չեմ ուզում անհամեստ երեւալ, բայց Ռավենայի փառատոնում (ի դեպ, փառատոնի հովանավորներն են Ռիկարդո Մուտին եւ իր տիկինը) մեր խումբը հիացրեց։ Այնպես որ, երեւանյան համերգում մեր՝ Մուտիի խմբի հետ համատեղ երգելը միմիայն մեր վաստակն է, մեր արժանիքը։ Մենք ենք այդ իրավունքը վաստակել եւ ոչ թե մեր պետությունը կամ Խոսրով Հարությունյանը։ Ինչեւէ։ Նույն՝ 1997-ին, կրկին Չարենցի 100-ամյակի շրջանակներում, մեկնեցինք Բեյրութ եւ Դամասկոս, որտեղ պետական հովանավորությամբ էին նշում այդ հոբելյանը։ Այդ ժամանակ արդեն Տիգրան Մանսուրյանի չարենցյան թեմաներով գրված ստեղծագործությանն ավելացել էր եւս 3 խմբերգ՝ կանացի դիմանկարներ՝ «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ծիածան» («Լուսամփոփի պես աղջիկ») եւ «Մանոն Լեսկո»։ Հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ նոր խմբերգն ավելանում էր ինքնաբերաբար։ Նոր գաղափարներ էին ծնվում եւ նոր երգեր ու այդպես մեծ կտավի գործ դարձավ։ 2000-ին Տիգրան Մանսուրյանը ԱՄՆ-ում ֆիլմի երաժշտություն գրելու էր հրավիրված եւ այնտեղ ծնվեց նոր՝ 7-րդ խմբերգը՝ «Անքնությունը»։ Ես էլ էի այնտեղ, նոտաները վերցրի, որ այստեղ աշխատենք։ Երբ նա վերադարձավ, լսեց մեր կատարումը, ինչ-որ անբավարարվածություն ուներ ու 7-րդին հաջորդեց 8-րդը, մի ընտիր գործ՝ «Ես վախենում եմ»։ Եռամաս գործի գաղափարն իր հետ բերեց նոր՝ 9-րդ խմբերգի ծնունդը, որը կրում էր «Գիշեր» անվանումը։ Հիմա կարծես թե ամեն ինչ ավարտված էր։ Սակայն, պարզվեց՝ ոչ։ Տիգրան Մանսուրյանը, որ գրում էր գործիքային ստեղծագործություն, կիսատ թողեց եւ մեծ արագությամբ գրեց մի մեծ խմբերգ՝ «Երբ կիջնի երեկոն»։ Այս 10-րդ կտորը կարծես իսկապես այդ հրաբուխը բերեց իր վերջին ու, համոզված եմ, որ 11-րդ խմբերգ էլ չի ծնվի։ Եվ չեմ կարող չասել, որ իր մեծության ու հզորության առումով մի եզակի, անգերազանցելի, նմանը չունեցող գործ է՝ «Կոնցերտ երգչախմբի համար»՝ «Աստպոետիկա», 44 րոպե ընդհանուր տեւողությամբ։ Երջանիկ է հայ խմբերգային արվեստը, որ ունի Կոմիտասի նման մեծություն, սկիզբ, հայր, համամարդկային հզոր ուժ։ Նրանից հետո եկած մեր կոմպոզիտորները, որ խմբերգեր էին գրում, հիմնականում մնում էին ֆոլկլորին հարազատ։ Իսկ Տիգրան Մանսուրյանի այս գործը՝ «Աստպոետիկան», մի նոր լեզու բերեց խմբերգային արվեստ՝ քաղաքային լեզու։ Ճիշտ այնպես, ինչպես Չարենցի գործերն են քաղաքագրություն, Մանսուրյանի այս գործն էլ նոր, քաղաքային լեզու բերեց։ Ես չեմ թերագնահատում ֆոլկլորային խմբերգերը, ուղղակի դրանք ամենեւին իրար հետ չհամեմատվող, տարբեր որակներ են։ Բնականաբար, չէինք կարող չհետաքրքրվել՝ ե՞րբ եւ որտե՞ղ մեր երաժշտասերները կկարողանան ունկնդրել այս լեգենդար «Կոնցերտը երգչախմբի համար»։ Պրն Թոփիկյանը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ գարնանը կձայնագրվի կտավի ամբողջ 10 մասը, իսկ համերգային կատարումը տեղի կունենա «կարծում եմ, այն նոր սրահում, որի բացմանն անհամբեր սպասում ենք, եւ որը Վեհափառի մեծ նվերը կլինի հայ մշակույթին եւ արվեստին, մեր համերգներից մեկը անպայման կնվիրենք այդ հիրավի հոյակապ գործին»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ