Էրեբունի համայնքում կադրային շրջապտույտ է «Առավոտն» արդեն գրել է, որ ըստ Կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի՝ «նախադպրոցական հաստատությունների կառավարման պարագայում օրենսդրական շփոթ կա», ինչի պատճառով մանկապարտեզները շարունակում են ուռճանալ ծանոթ-բարեկամ եւ ոչ մասնագետ կադրերի հաշվին։ Նա նաեւ չէր ժխտել, որ որոշ հաստատություններում անգամ 1/4 հաստիքով աշխատող կադրեր կան։ Ըստ ԿԲԿ-ից ստացված տվյալների՝ 2001թ. ընթացքում վերապատրաստվել է նախադպրոցական հիմնարկների շուրջ 236 կադր։ «Ներդաշնակ զարգացման պրակտիկան փոքր հասակի երեխաներին ուղղված ծրագրերում» թեմայի շրջանակներում վերապատրաստվել է նախադպրոցական հիմնարկի 154 աշխատակից։ Ընդ որում, 29 տնօրեն՝ Վանաձորից, 50 դաստիարակ՝ Գորիսից, 25 տնօրեն եւ 25 դաստիարակ՝ Իջեւանից, եւս 25 աշխատակից (դաստիարակ, ուսմասվար, բժիշկ, հոգեբան)՝ Երեւանից։ Նրանց ստացած կրթության մասին, սակայն, ԿԲԿ-ն տվյալներ չունի։ «Նախադպրոցական կրթության բարեփոխումը» թեմայի շրջանակներում վերապատրաստվել է մայրաքաղաքի նախադպրոցական հիմնարկների շուրջ 82 աշխատակից։ Նրանցից 46-ը ոչ մասնագետներ են եղել։ Աջափնյակ համայնքից վերապատրաստվել է նախադպրոցական հիմնարկի 26 կադր (տնօրեններ, դաստիարակներ, մեթոդիստ- դաստիարակներ), Մալաթիա-Սեբաստիայից՝ 20 կադր։ Եվս 26 կադր Էրեբունի համայնքից է վերապատրաստվել։ Ի դեպ, ԿԲԿ-ի մեթոդիստ Ասյա Հովհաննիսյանն էլ մի առիթով իր մտահոգությունն է հայտնել հատկապես Էրեբունի համայնքի վերաբերյալ, ուր մանկապարտեզների տնօրեններն ավելի հաճախ են փոփոխվում՝ չնայած նրան, որ արդեն վերապատրաստվել էին։ Եվ միշտ, ըստ Ա. Հովհաննիսյանի, դժվար է լինում նոր կադրերի հետ աշխատելը, որոնց հետ «ստիպված ամեն ինչ կրկին զրոյից են սկսում»։ Մանկավարժական «անցանկալի» կադրերի՝ «գործից հանելու» հարցը առայժմ մնում է առկախ։ Նախադպրոցական հիմնարկների կադրերի ընտրության եւ նշանակման հարցում համայնքներին տրված է լիակատար ազատություն։ Նրանք կարող են վարվել վերջիններիս հետ սրտներն ուզածի պես։ Կրթության եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքները եւ նախագահի երկու հրամանագրերը նրանց տալիս են նման հնարավորություն։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ