Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆ, ԴՈՒ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՍ

Փետրվար 21,2002 00:00

ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆ, ԴՈՒ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՍ Քո «վճիռներն» են մեղավոր «Առավոտի» (8.02.2002թ.) «Իրավապաշտպանները նաեւ… դատավորնե՞ր են» հրապարակումից հետո խմբագրություն են դիմել բազմաթիվ քաղաքացիներ։ Իմ այդ հրապարակումը, հիշեցնեմ, վերաբերում էր «Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնին առընթեր միջնորդ դատարանի» գործունեությանը։ Մենք մեր մտահոգությունն էինք հայտնել իրավապաշտպան գործունեության համար գրանցված կազմակերպության առթիվ, որը դուրս գալով իր իրավասությունների շրջանակներից, զբաղվում է դատարանների եւ դատավորների գործառույթներ ստանձնելով։ Ի՞նչ է սպասվում Հայաստանի հասարակական մյուս կազմակերպություններին, եթե իրավապաշտպան կազմակերպության օրինակից վարակված, հանկարծ ու… իրենց առընթեր դատարան, իրենց առընթեր դատախազություն, իրենց առընթեր… տրիբունալ երկնեն։ Սակայն կարծես այս դատարանի մասին (որի գործունեությունն անծանոթ է իրավական եւ իրավաբանական ոլորտով զբաղվողներին) իր խոսքը չի շտապում ասել ոչ գլխավոր դատախազությունը, ոչ արդարադատության նախարարությունը։ Արգինա Պողոսյանի դեմ «հայցով» այս դատարան է դիմում Զինա Իսրայելյանը՝ 1000 դոլարին համարժեք դրամի պահանջով։ Միջնորդ դատարանը, ըստ իմ ձեռքի տակ գտնվող մի «գրության», 01.12.2000թ. վճռի համաձայն հայցը բավարարում է։ Աշխարհում չլսված-չտեսնված մի վճիռ էլ է երկնում այս դատարանը. Ս. Բեգլարյան, Ք. Մաթեւոսյան, Ա. Թադեւոսյան կազմով։ Վճիռը կոչվում է «լրացուցիչ»։ Ըստ այս վճռի, «դռնբաց դատական նիստում 2002թ. հունվարի 15-ին Երեւան քաղաքում միջնորդ դատարանը քննեց գործն ըստ հայցի՝ Զինա Իսրայելյանի ընդդեմ Արգինե Պողոսյանի եւ Գայանե Եփրեմյանի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պահանջի մասին»։ Ըստ «Միջնորդ դատարանների եւ միջնորդ դատավարության մասին» ՀՀ օրենքի, «վեճը լուծվում է միջնորդ դատարանի դռնփակ նիստում» եւ որ «միջնորդ դատավորները պարտավոր են գաղտնի պահել լուծվող վեճի մասին տեղեկատվությունը»։ Սակայն ինչպե՞ս գաղտնի պահել, երբ նախ ի լուր ՀամԿԽ-ի շենք մտածների (ուր «գործում» է սույն դատարանը) հայտնվում է, թե «դռնբաց դատական նիստում» է լսվել սույն «հայցը» եւ ապա՝ «լրացուցիչ վճիռ» է մեքենագրվել-տարածվել՝ հասարակական կազմակերպության կնիքով։ Ոչ, ասենք, միջնորդ դատարանի։ Ուշադրության արժանի է նաեւ այն, որ 3 «դատավորներից» երկուսն են ստորագրել սույն պատմական վճռի տակ։ Վճռի եզրափակիչ մասը «ուսանելի» կարող է լինել նոր-նոր իրավաբանության մեջ քայլեր կատարողների համար։ «Դատարանը» վճռում է. «Պատասխանող Արգինե Պողոսյանին հարկադրել, որպեսզի հարակից պատասխանող Գայանե Եփրեմյանից վերցնի Զինա Իսրայելյանի կողմից վճարված 1000 դոլարը, որը տրվել է Արգինե Պողոսյանի տանը Գայանե Եփրեմյանին, հայցվորի ներկայությամբ»։ Չլսված-չտեսնված բան։ Գուցե պրն «դատավորը» բացատրեր մեզ, թե ինչպես պիտի քաղաքացուն հարկադրեն վերցնի մի գումար, որը իր տանն ինչ-որ մեկը ինչ-որ մեկից է վերցրել։ Հարկադրանքի ինչպիսի՞ միջոցներ են առաջարկում իրավապաշտպանի ծննդականով սույն դատավորները. զենք քաշե՞լ, ծեծե՞լ, կապե՞լ տանը սյունին… Իսկ սպառնալիքը գերգերազանցում է գործող եւ փոփոխություններ ենթադրող Սահմանադրությունն իսկ. «Չվճարման դեպքում Արգինե Պողոսյանից եւ Գայանե Եփրեմյանի տնտեսությունից բռնագանձել հօգուտ Զինա Իսրայելյանի 1000 ԱՄՆ դոլար, վճարման ժամկետ սահմանել 3 ամիս»։ Վեճից անտեղյակ մարդն իսկ կզարմանա այսօրինակ գլուխգործոց վճռի վրա։ Անձից բռնագանձել, որովհետեւ նրա տանն է ինչ-ինչ հարաբերությունների սկիզբ դրվել եւ տնտեսությունից։ Խորհրդային ՆԳԲ պետ, միլիցիայի գնդապետ Զ. Եպիսկոպոսյանի գրությամբ «04.05.2001թ. ՆԳ բաժին է ստացվել գրություն՝ Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնից, որ Արգինե Պողոսյանը Զինա Իսրայելյանից վերցրել է 1000 ԱՄՆ դոլար եւ չի վերադարձնում։ Դիմումի կապակցությամբ ՆԳԲ է հրավիրվել Զ. Իսրայելյանը, որը ներկայացնելով դիմում՝ խնդրել է այն թողնել անհետեւանք»։ Հետեւաբար, ինչո՞ւ է խառնվել վերոնշյալ ոչ այն է, իրավապաշտպան, ոչ այն է՝ մեղադրական, ոչ այն է տարօրինակ թեքում ունեցող առընթերը։ Հայտնի է, որ միջնորդ դատարաններ կարող են ստեղծվել առեւտրաարդյունաբերական պալատներին առընթեր։ Ոչ Արգինե Պողոսյանը, ոչ հայցվորը հաստատ առեւտրաարդյունաբերական չեն։ Դրանք ստեղծվում են բորսաներին առընթեր։ Դարձյալ, ոչ Արգինե Պողոսյանը, ոչ հայցվորը բորսա չեն։ Ոչ էլ հրապարակային սակարկություններ իրականացնող կամ բանկերի միություն։ Ուրեմն, ինչո՞ւ է, այսպես կոչված, Կենտրոնը մտնում մարդու մատի եւ մատանու արանքը։ Կամ ինչո՞ւ է առընթեր դառնում մի վեճի, որում ինքը… առընթեր չէ։ Թեկուզ օրենքով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել