Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերթական խաբկանք

Փետրվար 21,2002 00:00

Հերթական խաբկանք Կամ երկու ստի արանքում Օգտվելով կառավարության օրգանական անկարողությունից, մշտական թողտվությունից, «ԱրմենՏելն» ավելի է սեղմում ժողովրդի վզին անցկացրած օղակը։ Գերշահույթի մոլուցքով տարված, դրության տերը լինելով, հույն «բարեկամների» մտքով ինչ անցնում է՝ աշխատեցնում են։ Մերկապարանոց չերեւալու համար խոսենք փաստերով։ Առաջին անգամը չէ, որ «ԱրմենՏելն» իրեն վերագրում է որոշ ծառայություններ, առանց որեւէ ներդրման կամ աշխատանք կատարելու։ Մինչեւ վերջերս, երբ աբոնենտը ցանկանում էր իր անունով վերանվանել հեռախոսահամարը, պետք է 50 դոլարի համարժեք դրամ մուծեր (ընդամենը պետք է ջնջվեր Պողոսի անունը, գրվեր Կիրակոսինը)։ Մի քանի տարի աբսուրդն աշխատեցնելուց (մինչեւ որ ժողովուրդն ինքնաբերաբար հասկացավ անմիտ գործարքը եւ այլեւս չգնաց դրան) հետո, զանգահարում էին հեռախոսակայանից, բաժանորդին համոզում, որ հեռախոսահամարը վերանվանելու համար պետք է վճարի 10 դոլարին համարժեք դրամ։ Ինչեւէ… այս խաբեությունը չավարտած, «ԱրմենՏելը» նորն է մոգոնել։ Եթե աբոնենտը տեղադրել է զանգողի հեռախոսահամարը գրանցող ապարատ, ուրեմն պետք է հարկվի (տարբեր տվյալներով՝ շաբաթը մոտավորապես 10 դոլարին համարժեք դրամ), համարելով դա թանկ ծառայություն։ Նույնն է, թե տելետեքստով հեռուստացույց ունենալու համար պետք է էլցանցին պատկառելի գումար մուծել։ Կապի տերերի ֆանտազիան այնքան է զարգացել, որ ապարատի հնարավորությունները վերագրում են իրենց, անունն էլ դնում «թանկ ծառայություն»։ Փոխարենը լիարժեք տեղ են հասնում խորհրդային (դեռ չթվայնացված) կայանների զանգերը (ապարատը գրանցում է զանգահարողի համարը եւ բարձրաձայն արտասանում)։ Էլ ի՞նչ ծառայության մասին են խոսում կապը խեղաթյուրողները, չհասկանալով, որ վաղը կարող են կանգնել միջազգային դատարանի առջեւ, երբ ուղղակի շոշափում են այդ հեռախոսներն արտադրողների շահերը (փակում են շուկան եւ սեփականաշնորհում ապարատի հնարավորությունները)։ Բարոյախոս չպետք է համարել սեփական իրավունքներին տեր լինելու եւ «ժողովրդավարության» բարձերի վրա ննջող կառավարությանը թմբիրից հանելու համար։ Վերջիններս տարված իրենց ծակ գրպանների եւ անկառավարելի ախորժակի խնդիրներով, ամբողջովին մոռացել են ժողովրդի գոյությունը։ Փաստ է, որ անտեր ժողովրդին ծաղրուծանակի են ենթարկում իր իսկ հողում։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել