Լրահոս
Օրվա լրահոսը

«ՂԱԼՄԱՂԱԼՆ» ՈՒ «ԹԱՄԱՇԱՆ» ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՏԻՆ ԷՐ

Փետրվար 21,2002 00:00

«ՂԱԼՄԱՂԱԼՆ» ՈՒ «ԹԱՄԱՇԱՆ» ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՏԻՆ ԷՐ Երեկ արդյունաբերական ապրանքների ցուցահանդեսից հետո ընդամենը 3-4 հարց տալու սահմանափակումը լրագրողներին ստիպեց ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի թանկագին առողջությամբ հետաքրքրվելու եվ այդ մասին հասարակությանը տեղյակ պահելու մտադրությունից: Իսկ «աչքաչափով»՝ նախագահը մի փոքր գունատ, բայց առույգ տեսք ուներ վիրահատությունից հետո: Ի դեպ, սահմանափակված էր նաեւ հարցերի շրջանակը. «միայն թեմային վերաբերող» (իսկ թեման թեթեւ արդյունաբերական ցուցահանդեսն էր): Բայց «Առավոտն», իհարկե, չէր կարող մեր երկրում կուտակված այդքան հարցերը թողնել ու «թիթեռ նկարել»: Ուստի հարցրինք. «Ինչպե՞ս եք գնահատում մամուլի մասին նոր օրինագիծը»: Կառավարության նիստը, որի ընթացքում ընդունվել է այս օրինագիծը, ինչպես հայտնի է, վարել է հենց հանրապետության նախագահը: «Իմ հարցը (նիստի ժամանակ) հետեւյալն էր. այս տարբերակը Եվրախորհրդի մասնագետների փորձագիտական համապատասխան եզրակացություն ունի՞, թե՞ ոչ: Պատասխանը հետեւյալն էր. մենք ունեցել ենք 2 նախագիծ, ամեն մեկն ունեցել է փորձագիտական եզրակացություն եւ այս տարբերակը այդ երկու տարբերակների սինթեզն է: Բայց, իհարկե, հասկանալի է, որ կարելի է երկու տարբերակներ միացնել եւ դա մի քիչ ուրիշ է լինելու: Հանձնարարականը հետեւյալն էր. համարում ենք որոշումն ընդունված, բայց մինչեւ այս տարբերակի վերաբերյալ չստանանք ԵԽ մասնագետների եզրակացությունը, մենք այդ հարցը չենք քննարկում»,172 ասաց նախագահը: Հուսով ենք, նախագահը, իրոք, չի ծանոթացել օրինագծին, թե չէ՝ բռնապետական երկրին սազող օրինագիծ ուղարկել Եվրախորհուրդ, փայլուն իմանալով այս կառույցի բծախնդրությունը՝ ժողովրդավարական սկզբունքների հարցերում, առնվազն կխոսի այն մասին, որ մեր նախագահը վերլուծական մտքի նվազագույն կարողություններով օժտված մի իրավախորհրդատու էլ չունի: Եվ քանի որ օրինագիծն ուղարկվել է ԵԽ, «ուրեմն դուք անհանգստանալու առիթ, կարծում եմ, չունեք»: Բացասական եզրակացության դեպքում, հայտնեց, որ կհամապատասխանեցվի: Բայց, ակնհայտորեն, օրինագիծը «զապասով» է մշակված, որ ինչքան էլ այդ բռնապետական դրույթները հանվեն՝ «տակը մի բան մնա»: Նախագահը միաժամանակ գտնում է, որ «չպետք է փորձենք հեծանիվ հորինել, հատկապես այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են խոսքի, ընդհանրապես՝ մարդու ազատություններին, ժողովրդավարական պրոցեսներին, դատական համակարգին: Կիսահղի չի կարելի լինել»: Չպետք է, բայց, փաստորեն, մեր իշխանությունը փորձում է հենց «հեծանիվով» (այն էլ խորհրդային արտադրությունից էլ վատ որակի) կարգավորել ԶԼՄ-ների աշխատանքը: Նախագահը, ի հեճուկս առավել լիբերալների եւ ԱՄՆ օրենսդրության, զգուշացրեց. «Երեւի մեր լրատվական միջոցները կցանկանային ընդհանրապես դուրս լինել որեւէ օրենսդրական կարգավորումից, բայց մյուս ծայրահեղության մեջ էլ չընկնենք: Այս դաշտը եւս պետք է օրենքով կարգավորվի»: Ինչպես տեսնում եք, նախագահն այդպես էլ չասաց, թե ինքն ինչ կարծիքի է այս օրինագծի վերաբերյալ: ԱԺ-ում երեկ Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ ծագած աղմուկի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին նախագահը պատասխանեց. «Հետաքրքիր էր: Լավ թամաշա էր, չէ՞: Կարծում եմ, որ պետության պառլամենտական համակարգի կողմնակիցները շատ պատկերավոր կերպով ապացուցեցին, որ նման համակարգը Հայաստանում ուղղակի չի գործելու: Այդ առումով նախագահական համակարգի ավելի լավ պրոպագանդա երեւի դժվար էր հորինել: Կան մարդիկ, որոնք հաճույք են ստանում աղմուկից, ղալմաղալից, բայց դա չի նշանակում, որ պետք է գնանք այն ճանապարհով, որը երկիրը պահելու է նման հիստերիկ ղալմաղալների մեջ»: Ինչ վերաբերում է ցուցահանդեսին, ապա «Առավոտի» հարցին պատասխանելով՝ Ռ. Քոչարյանը նկատեց, որ «երեւի պետք են կառույցներ, որոնք կօգնեն մասնավոր ընկերություններին՝ աշխատել արտաքին շուկաներում»: Մահուդի գործարանի սեփականատեր Լյովա Պողոսյանն առաջարկեց, որ մեր զինվորների համար իրենց արտադրանքը գնվի, որովհետեւ «բնական բրդե ծածկոցն ավելի լավ է, քան քիմիական մանրաթելով գործածը», սա՝ տեղական արտադրանքը խթանելու համար: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել