«ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՉԷ» ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Առավոտի» խնդրանքով գնահատեց Պողոս Պողոսյանի սպանության գործով ավարտված դատաքննության ընթացքը. «Իհարկե, դեռ սպասում ենք դատավճռին, որից հետո անպայման կհայտնենք մեր դիրքորոշումը։ Մինչեւ հիմա մեր տեսակետը եղել է այն, որ չպիտի միջամտենք դատավարությանը, պիտի սպասենք դրա ավարտին։ Բայց արդեն իսկ շատ խնդիրներ պարզ են. տուժողի իրավահաջորդի փաստաբանի ներկայացրած մի շարք միջնորդություններ դատարանը մերժեց, եւ քննությունն ընդհանրապես չընթացավ պատշաճ մակարդակով։ Սա բերեց նրան, որ մեղադրանքի ծավալն այսօր էլ ամբողջական չէ, ինչպես նախաքննության ավարտից հետո։ Թե ինչ ծավալ պետք է լիներ՝ չեմ ուզում ասել, դատավորի կեցվածք ընդունելով։ Բայց կան արդեն իսկ փաստեր, որոնք վկայում են, թե գործի բոլոր հանգամանքները ամբողջությամբ չեն ուսումնասիրվել թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատարանում։ Թեեւ ե՛ւ լրացուցիչ վկաներ հարցաքննելու միջնորդությունը, ե՛ւ Սթիվեն Նյուտոնի գրավոր ցուցմունքի հրապարակումը տալիս էին ամբողջական ուսումնասիրման հնարավորություն։ Իհարկե, հասկանում եմ, որ վկան պիտի ներկայանար դատարան եւ անմիջականորեն հարցաքննվեր, մանավանդ որ՝ պնդում են, թե հակասություններ կան իր տված ցուցմունքներում։ Սրանք պիտի պարզվեին, եւ դատարանը նոր գար վերջնական եզրակացության։ Եվ կարծում եմ, որ մանավանդ նախաքննության ընթացքում կա՛ր այդ հնարավորությունը՝ այդ անձնավորությունը, մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանում էր, ու կարելի էր նրան ե՛ւ հարցաքննել իբրեւ վկա, ե՛ւ ապահովել բոլոր իրավական հիմքերը, որպեսզի նրա ցուցմունքը հնարավոր լիներ համարել ապացույց։ Սա չի կատարվել եւ այժմ դատարանում Նյուտոնի վկայությունը կցվել է գործին, բայց չի դիտարկվում իբրեւ ապացույց։ Չհարցաքննվեցին նաեւ այլ կարեւոր վկաներ։ Այսինքն, փաստորեն մնում է մի բաց մաս ե՛ւ նախաքննության, ե՛ւ դատաքննության մեջ, որը մեզ այդպես էլ չի ընձեռում լիարժեք հնարավորություն միանշանակ պնդելու, որ ներկայացված մեղադրանքի ծավալն ամբողջական է»։ Ա. Ի.