Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով քնած է՝ արթուն կացեք» շարքից

Փետրվար 21,2002 00:00

«Ով քնած է՝ արթուն կացեք» շարքից Սերգեյ Ստեպաշինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ առիթը բաց չթողեց շեշտելու, որ Սերժ Սարգսյանն իր ընկերն է։ Նաեւ բավականին գովեց իր ընկեր, մեր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, ասելով, թե վերջինս ոչ մեկին չի թողնի քնել։ Թե ինչ նկատի ուներ ՌԴ Հաշվիչ պալատի նախագահը, կիմանաք վերջում։ Երբ Երեւան կատարած այցի օրերին ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին ուղղել են առաջին հարցը՝ Դումայում անցկացված ստուգումների արդյունքների մասին, վերջինս անմիջապես հասկացել է, որ թռել է «հարազատ երկիր։ Եթե ձեզ այդ աստիճանի հուզում է Պետդումայի ապարատը, ուրեմն հայ-ռուսական հարաբերությունները կարգին վիճակում են»։ Ըստ պաշտոնական վարկածի, պրն Ստեպաշինը Հայաստան է ժամանել Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանի հրավերով։ Սակայն բոլորի համար, կարծում ենք, պարզ է, որ թեպետ ի պաշտոնե կարելի է նրանց գործընկեր համարել, սակայն իրականում խոսքը բոլորովին տարբեր կալիբրների մասին է։ Գնահատելով հայ-ռուսական հարաբերությունները, պրն Ստեպաշինն ասաց, որ «մենք շատ հեռուն ենք գնացել։ Հայաստանն այսօր մեր հիմնական ռազմավարական գործընկերներից մեկն է Կովկասում, եւ այն, որ այսօր փաստորեն չկան վիճելի եւ այլ հարցեր, շատ կարեւոր է։ Կարեւոր է նաեւ ուրիշ բան (երեկ այդ մասին մենք խոսել ենք Ռ. Քոչարյանի հետ), որ այն պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել Վլ. Պուտինի եւ Ռ. Քոչարյանի հանդիպման ժամանակ, մասնավորապես տնտեսական էին (սեփականության, պարտքի, ձեռնարկությունների հարցերը), եւ լրացվեցին կոնկրետ բովանդակությամբ։ Այս հարցերը մենք կրկին քննել ենք եւ վերադառնալով այդ մասին կզեկուցենք մեր երկրի ղեկավարին»։ Պատասխանելով «Մեդիամաքս» գործակալության հարցին, թե ի՞նչ աստիճանի խորությամբ են քննարկվել տարածքային անվտանգության խնդիրները Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հետ, Ս. Ստեպաշինը մասնավորապես նշեց, որ սեպտեմբերի 11-ից հետո ամբողջ աշխարհն ինքն իր համար հետեւություն է արել, որ կա ընդհանուր չարիք եւ ընդհանուր վտանգ. միջազգային ահաբեկչությունը. «Այս հարցում, իմ կարծիքով, Հայաստանը Ռուսաստանի հետ միշտ էլ թափանցիկ է աշխատել, այդ պատճառով մենք դիտարկել ենք երկու տեսանկյունից։ Առաջինը վերաբերում է ռազմատնտեսական համագործակցությանը, եւ երկրորդն այն է, ինչ վերաբերում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի լրջագույն թեմային»։ Պրն Ստեպաշինը հիշեցրեց, որ ՌԴ Հաշվիչ պալատի նախաձեռնությամբ աշխարհի վերահսկիչ-ֆինանսական օրգանները ավելի ուշադիր պետք է ներգրավվեն մի շարք խնդիրների ուսումնասիրման մեջ։ Նախ, որոշ պետությունների բյուջետային միջոցները չօգտագործվեն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտին։ Հաջորդը ֆինանսների գոյացմանն է վերաբերում եւ, որ դեպի երկրներ գնացող փողերը չօգտագործվեն ահաբեկչական կազմակերպությունների օգտին։ Հաշվիչ պալատի նախագահը հատուկ շեշտեց, որ իր գլխավորած գերատեսչությունը ենթարկվում է բացառապես իր երկրի Սահմանադրությանը եւ բացարձակապես անկախ է ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մարմիններից։ Եվ Հայաստանում ունեցած հանդիպումները Ռ. Քոչարյանի եւ Ա. Խաչատրյանի հետ հիմք է տվել Ստեպաշինին ենթադրելու, որ Վերահսկիչ պալատի անկախության հեռանկարը մեզանում եւս կա։ Նախորդ օրը հայտնի էր արդեն, որ փոխվարչապետ Իլյա Կլեբանովին, որը նաեւ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահն է (հայկական կողմից՝ Սերժ Սարգսյանը), տեղափոխել են այլ աշխատանքի։ Արդյոք այդ հանգամանքը բացասաբար չի՞ անդրադառնա հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների վրա։ Պատասխանելով «Առավոտի» այս հարցին, Ս. Ստեպաշինը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Իլյա Կլեբանովն այսօր գլխավորում է մեր խոշորագույն նախարարություններից մեկը։ Հայկական կողմից, ես կարծում եմ, որ Սերժ Ազատովիչ Սարգսյանը չի թողնի, որ Ռուսաստանում որեւէ մեկը հանգիստ քնի։ Նա շատ օրինակելի մարդ է (դուք, հավանաբար, գիտեք)։ Եվ երրորդը, ամենագլխավորը, կա երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքը, կա կոնկրետ պայմանավորվածություն։ Իմանալով երկու նախագահներին, ես համոզված եմ, որ նրանք չեն թողնի այս իրավիճակում որեւէ մեկը քնի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել