Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՇՐՋԱՊԱՏՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ Է

Փետրվար 21,2002 00:00

ՆԱԽԱԳԱՀԻ ՇՐՋԱՊԱՏՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ Է Թերեւս ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն աղմուկը լռեցնելու համար ու զուտ ձեւականորեն արտոնեց իր թիկնապահին դատելը, պայմանով, որ նրա «դժվարությունները» թեթեւ են լինելու եւ ժամանակավոր։ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի դատավարության արդյունքները մեկնաբանում է նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանը։ – Ձեր գնահատականով, արդյոք նախապես պա՞րզ չէր, որ դատավարությունն այս ելքն է ունենալու, եւ Աղամալ Հարությունյանի պատիժը լինելու է զուտ պայմանական։ – Դատաքննության ավարտն, իրոք, ենթադրելի էր եւ կանխատեսելի։ Շատ քիչ մարդիկ գուցե գտնվեին Հայաստանում, որոնք կասկածել են, թե թերեւս այդպես չի լինի։ Պատճառն այն է, որ բոլորն էլ գիտեին՝ ամենավերին օղակները շահագրգռված են լինելու այս դատավարության ելքով ու միջամտելու են, միջնորդելու, ճնշելու, որ գործը ստանա այսպիսի լուծում։ – Ավելի որոշակիացնենք՝ ո՞վ թելադրեց այս լուծումը։ – Հայաստանի Հանրապետության նախագահը։ Կարծում եմ, Ռոբերտ Քոչարյան մարդը չգիտի, չի հասկանում իր 48-ամյա տարիքում, թե ինչն է իրեն ձեռնտու եւ ինչը՝ ոչ։ Նա նույնիսկ իր անձնական շահը չի կարողանում կռահել եւ հասկանալ, որ եթե իր շրջապատում գտնվողները մարդ են սպանում՝ նրանք գոնե ձեւականորեն պիտի ենթարկվեն պատասխանատվության։ Բայց Քոչարյանն ամեն ինչ արեց, որ չլինի նույնիսկ այդ ձեւական պատասխանատվությունը։ Ընդհակառակն՝ նա ցուցադրաբար այս 3 մլն ժողովրդին (էլ չեմ ասում՝ աշխարհին, որովհետեւ միջազգային հանրությունն էլ է հետեւում) ապացուցեց, որ իր շրջապատի մարդիկ անձեռնմխելի են եւ նրանք ամեն ինչ կարող են անել։ – Գուցե Քոչարյան նախագահին հենց այդ էլ ձեռնտո՞ւ է ցուցադրելը՝ որ իր կողքին գտնվողները կարող են անգամ սպանություն գործել եւ մնալ անպատիժ։ – Այս տարբերակը նորմալ մարդու տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Եթե այդպես է՝ ուրեմն, նորմալ մարդկանց հետ չէ, որ գործ ունենք, եւ սա արդեն այլ ոլորտ է։ – Հետեւելով դատավարությանը՝ ի՞նչ եզրակացության եկաք, սա խմբակայի՞ն սպանություն էր, թե՞… – Ըստ ամենայնի, տեղի է ունեցել խմբակային սպանություն։ Բայց դա ինձ բոլորովին չի հետաքրքրում։ Այս մի դեպքում կատարված սպանությունը երկրորդ պլանում է. դրան նախորդում է ավելի մեծ հանցագործություն։ Մարդասպանության ցուցադրական կոծկումը շատ ավելի ծանր հանցագործություն է։ Ամենավերին մակարդակով ապահովվեց, որ այս սպանությունը մնա անպատիժ։ Եվ այս պարագայում այլեւս կարեւոր չէ՝ մի՞ հոգի էր սպանողը, թե՞ 7-ը։ Թեեւ կարծում եմ, որ սպանելու միտում միգուցե չեն էլ ունեցել, այլ ուղղակի ծեծել են։ Բայց կարելի էր գոնե դատապարտել, հետո ներել։ Սակայն չէր կարելի այսքան ազատ-անկաշկանդ ցինիզմով վարել այս դատավարությունը։ – Ի դեպ, միջազգային հանրության արձագանքի մասին։ Դատավարության մասնակիցները ծաղրի առարկա դարձրին Մեծ Բրիտանիայի, «Human Rights watch» իրավապաշտպան կազմակերպության շահագրգռությունն այս գործով։ Ինչպե՞ս եք գնահատում սա։ – Բոլոր ոչ ժողովրդավարական հասարակություններում (չենք մոռացել Սովետական Միության դասերը) միշտ էլ հայհոյում են միջազգային կազմակերպություններին։ Վերջիններս, ի տարբերություն տեղի քաղաքացիների, շատ ավելի ազատ են ճշմարտությունն ասելու մեջ։ Իսկ երբ կոծկողների երեսին նետվում է ճշմարտությունը՝ իրենց վատ են զգում եւ ասում. «Դու ո՞վ ես որ»։ Մոտավորապես սա է՝ «Նրանք ո՞վ են»։ Բայց այդ նրանք են մշակում, կերտում այն չափանիշներն ու արժեքները, որոնց ձգտում է մեր ժողովուրդը, անկախ նրանից, թե ովքեր կխանգարեն՝ վերին կամ ներքին օղակները։ Խանգարողներն ուղղակի չեն մտածում, որ մնալու են պատմության մեջ եւ այս գործողությունների համար պատասխան են տալու։ – Դատավարությանը հետեւողներն այն համոզումն ունեն, որ նախագահի թիկնապահն իր վարձած փաստաբանից բացի եւս երկու պաշտպան ուներ՝ ի դեմս մեղադրողի եւ տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ փաստաբանի։ Հենց վերջինս հիմնավորեց, թե ինչու Աղամալ Հարությունյանը չպիտի նստի ամբաստանյալի աթոռին, ինչու էր անհրաժեշտ, որ դեպքի օրը թողներ նախագահին եւ գնար Պողոս Պողոսյանի ետեւից։ Եվ վերջապես, երբ սպանվածի եղբոր հասցեին սպառնալիքներ էին հնչել՝ հենց Ռուբեն Սահակյանը շտապեց կասկածները հեռացնել ամբաստանյալից։ – Սպանվածի եղբայրը, ընտրելով այս դատապաշտպանին՝ երեւի թե իմացել է՝ ում է ընտրել եւ ինչի համար։ Չեմ ուզում խոսել փաստաբանի մասնագիտական կարողությունների մասին։ Սա միայն 1-ին ատյանի դատարանի քննությունն էր. չգիտեմ, թե պրն Սահակյանն ինչ գործողությունների կդիմի հետագայում եւ ինչ տեղեկատվության էր տիրապետում։ Ես էլ եմ համաձայն, որ թիկնապահն իրավունք ուներ թողնել նախագահին եւ գնալ պարզելու, թե ինչ է կատարվում։ Իրավապաշտպանը սակայն չի կարող գնահատել իրավաբանին։ Գուցե դա նրա մարտավարությո՞ւնն էր, գուցե պատրաստվում է հաջորդ դատավարությա՞նը։ – Իսկ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների պահվածքն ինչպե՞ս եք գնահատում։ Արտառոց մեղմ չէ՞ր մեղադրողը, ներկայացուցիչը նույն դատախազության, որն անգամ տարիներ առաջ կատարված ծեծի եւ ապտակների համար է այլոց բավական ծանր մեղադրանքներ առաջադրում։ – Անցած 5-10 տարիների մեր կյանքը բոլորովին ոչինչ չսովորեցրեց իրավապահ համակարգի այրերին։ Նրանք չեն կարողանում դասեր քաղել այդ փորձից։ Նրանք անտեսում են, որ միշտ կա քարերը շպրտելու եւ քարերը հավաքելու ժամանակ։ Եվ այդ ժամանակը մեզ մոտ շատ կարճ է տեւում՝ մեկ տարվա ընթացքում են փոփոխություններ լինում, եւ շատ արագ ես ստիպված լինում հավաքել քո նետած քարերը։ Նրանք չեն հասկանում, որ վաղը պատասխան պետք է տան իրենց գործողությունների համար։ Եվ պատճառաբանությունը՝ թե վերեւից են հանձնարարել, նրանց արդեն չի փրկի։ – Եվ վերջապես, ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ արձագանքն իր կուսակցականներից մեկի սպանության քննությունը ֆարսի վերածելուն։ – Սպանությունից անմիջապես հետո Դաշնակցությունը հանդես եկավ շատ կարծր դիրքորոշմամբ։ Ես կարծում էի, որ ցանկացածն՝ անկախ իր կուսակցական պատկանելությունից, հենց այդպես պիտի պաշտպանի իր ընկերոջը, ինչպես նրանք էին սկսել։ Բայց հետո պարզվեց, որ դա լուրջ չէր։ Պարզվեց, որ դաշնակցականները մեռելատեր չեն։ Սա իրենց հանգուցյալը չէր՝ նրանք շատ արագ մոռացան նրան։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել