Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՃՆՇՎԵԼ

Փետրվար 21,2002 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՃՆՇՎԵԼ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտնեց, որ փոխվարչապետ Իլյա Կլեբանովի՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահի պաշտոնից ազատվել-չազատվելու մասին առայժմ ռուսական կողմից որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի ստացվել։ «ԱրմենՏելի» պայմանագրային պարտավորություններն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից բազմաթիվ փաստեր էին հայտնաբերվել, որոնք ապացուցում են, որ իր պայմանագրային պարտավորություններն այս ընկերությունը բարեխղճորեն չի կատարել։ Վարչապետի ներկայացմամբ. «Հանձնաժողովի ներկայացրած տեղեկատվությունը հավաստի է, իրոք խախտումներ տեղի են ունեցել եւ այդ խախտումների մասով, մենք՝ որպես 10 տոկոսի բաժնետեր, պետք է որոշակի պատասխաններ ստանանք»։ ԶԼՄ-ների մասին օրենքի նախագծի շուրջ ծագած դժգոհություններին վարչապետը տեղյակ է։ Մեր սուբյեկտիվ տպավորությամբ, նույնիսկ կողմ է այդ նախագծին։ Համենայնդեպս, այս մասին խոսելով՝ Անդրանիկ Մարգարյանն ահա թե ինչ ասաց. «Ուրեմն այսպես, ոչ կառավարությունը պետք է լրատվամիջոցներին ճնշի, ոչ էլ լրատվամիջոցները պետք է կառավարությանը ճնշեն։ Մենք գործընկերներ ենք, այդպես ենք համարում։ Եթե օրենքում ինչ-որ հարցեր կան, որոնք լրատվամիջոցների ներկայացուցիչներին չեն բավարարում, ապա մենք պատրաստ ենք դա քննարկել։ Մենք ուղարկել ենք նախագիծը Վենետիկի հանձնաժողով (Եվրոպայի աչքին հաստատ խայտառակ եղավ Հայաստանի ազատ խոսքի իրավունքը.- Մ. Ե.), սպասում ենք պատասխանին։ Մենք գիտենք ձեր կարծիքը, ԱԺ-ի հետ պայմանավորվել ենք, որ կազմակերպվեն լսումներ եւ այդ բոլորից հետո պատրաստ ենք համատեղ աշխատել եւ օրենքն ընդունել։ Պետք է հստակ իմանալ, որ օրենքն անհրաժեշտ է»։ Լրատվամիջոցները, իհարկե, հստակ գիտեն, որ օրենքն անհրաժեշտ է, ամենօրյա աշխատանքի ընթացքում ո՞վ է ավելի զգում խելքը գլխին օրենքի կարիք, եթե ոչ լրագրողները։ Բայց խոսքը իրոք լուրջ օրենքի մասին է եւ ոչ թե արգելապատնեշի։ Եթե նորմալ օրենք ունենանք, վարչապետի թիկնապահը իրավունք չի ունենա արգելել լրագրողին կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ զրուցելուց բացի, նաեւ լուսանկարել վարչապետին։ Ի դեպ, վարչապետին պահպանող թիկնապահը երեկ շարունակ խանգարում էր ինձ եւ թույլ չէր տալիս վարչապետին լուսանկարել։ Ես, իհարկե, կատարեցի իմ աշխատանքային պարտականությունը։ Սակայն միջադեպը տհաճ էր, եւ հետո՝ ի՞նչ երաշխիք, որ «ուրախությունից ինֆարկտ» չէի ստանա։ Ակնհայտ է, որ թիկնապահական ճամբարում անպատժելիությունն է արմատանում, որը կարող է վտանգավոր լինել ոչ միայն հասարակության, այլեւ հենց թիկնապահների պաշտպանյալների համար։ Վարչապետը չզլացավ իր հերթին պաշտպանել արդարադատության նախարարին, որն իրեն հատուկ պատկերավոր մտածողությամբ՝ զուգահեռ էր անցկացրել քրեական հանցագործների մասին օրենքի եւ լրագրողների մասին օրենքի միջեւ։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, վարչապետն ասաց. «Արեք մի աղավաղեք, նա երբեք չի համեմատել լրագրողներին քրեական հանցագործների հետ։ Տարբեր օրենքների նկատմամբ տարբեր կողմերի վերաբերմունքի մասին էր խոսքը։ Դավիթ Հարությունյանը՝ ե՛ւ որպես նախարար, ե՛ւ որպես անձ այն չէ, ինչպես կցանկանայիք նրան ներկայացնել»։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ առանձնատներ ունեցող եւ կառուցող պաշտոնատար անձանց վերաբերյալ, ասաց, որ ինքը որոշ պաշտոնյաների հրավիրել է զրույցի, պարզաբանումներ, ըստ վարչապետի, եղել են. «Որոշ մասը, իրոք, կառուցել է եւ տվել է հիմնավորումներ՝ թե ինչ միջոցներով, եւ հայտարարագրերում դրանք նշված են»։ Վստահ ենք, որ հայտարարագրերում նշվածները ուրիշ առանձնատներ են, որ ձեւակերպված են հիվանդ քեռակնոջ կամ զոքանչի անունով։ Ինչեւէ, եթե պարզաբանումները վարչապետին համոզիչ են թվացել, իսկ երկրի նախագահն էլ, արդեն գիտենք՝ ինչ է մտածում այդ ամենի մասին (տրեստի կառավարիչների մակարդակի պարզաբանումների իմաստով), ուրեմն պետք է սպասել, որ առանձնատների շինարարությունը բուռն ծաղկում է ապրելու։ Սահմանադրական շարժում իրականացնող Շավարշ Քոչարյանի եւ մյուս քաղաքական ուժերի սահմանադրական քննարկումները եռօրյայի երկրորդ օրվա ընթացքում վարչապետի համար «մի բան են» պարզել. «որ վեցյակը գնաց ցանկացած քայլերի, որպեսզի այն, ինչը իրենք էլ արդեն հասկանում են, որ ընդունելի չէ մեծամասնության համար, դարձնի շահարկումների առարկա։ Նրանց համար կարեւորը ոչ թե Սահմանադրության նախագիծը քննարկելն էր, այլ նախագիծը մնացած բոլոր հարցերի (ինչ-որ իրենք ցանկանում են ասել Օպերայի հրապարակում, Մատենադարանի մոտ կամ հեռուստատեսությամբ) դեմ իրենց վերաբերմունքն արտահայտելու առիթ դարձնելը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել