ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է Ֆուտբոլի Եվրոպայի 2004թ. առաջնության անցկացումը ձախողման վտանգի մեջ է։ Դատելով այս մասին տեղեկացնող ԶԼՄ-ների նյութերից, այդ երկրի ակումբները, որոնք պարտավորվել էին ընդհանուր առմամբ վերակառուցել ու կառուցել տասը ստադիոն, գերագնահատել են իրենց հնարավորությունները, իսկ պետությունն էլ դրանց ֆինանսական ճեղքերը փակելու միջոցներ չունի։ «Կառավարությունը կկատարի իր ստանձնած պարտավորությունները, սակայն որոշածից ավելի ոչ մի եվրո չի տրամադրի»,- հայտարարել է Պորտուգալիայի սպորտի նախարար Խոսե Լելլոն։ «Եթե պետությունն իր դիրքորոշումը չփոխի, ապա Պորտուգալիայում ոչ մի առաջնություն էլ չի անցկացվի»,- նախարարի խոսքերը շտապել է մեկնաբանել տեղի «O Jogo» մարզական թերթը։ Ըստ փորձագետների հաշվարկի, մայրցամաքի առաջնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է մոտ 600 մլն եվրո։ Պետությունը պատրաստվում է ապահովել դրա միայն քառորդ մասը։ Խնդիրն առաջացել է իշխանության մունիցիպալ ընտրություններից հետո։ Խաղերն ընդունող նախկին քաղաքապետները շինարարական աշխատանքներում խոստացել էին աջակցություն ցուցաբերել, իսկ նորերն իրենց նախորդների խոստումների մասին լսել անգամ չեն ուզում։ Արդեն խոսվում է մրցաշարը հարեւան Իսպանիայի հետ համատեղ անցկացնելու տարբերակի մասին, սակայն Պորտուգալիայի ազգաբնակչության հայրենասիրական նկրտումներ ունեցող հատվածը ավելի հզոր ու հավերժական մրցակցի հետ համագործակցությունը «ազգային խայտառակություն» է համարում։ «Եվրոպայի առաջնությունը Պորտուգալիայի նման փոքր երկրում անցկացնելը մեծ հիմարություն է,- գրում է «Expresso» հանդեսը։- Երկիրը պետք է հրաժարվի այդ մտքից։ Եվրոպայում մի ամբողջ տասնյակ երկրներ կան, որոնք առանց լուրջ խնդիրների կարող են անցկացնել այդ մրցաշարը»։ Սակայն լավատեսները գտնում են, որ ամեն բան այնքան էլ վատ չէ, իսկ այն, որ վիճակահանությունը վերջերս անցկացվեց հատկապես Պորտուգալիայում, համարում են միջանկյալ քննություն, որ երկիրը հանձնեց Պորտուգալիայում Եվրոպայի 2004թ. առաջնության անցկացման ճանապարհին։ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Երեւանի մենեջմենթի համալսարանի 4-րդ կուրս