Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼԻՍ

Փետրվար 20,2002 00:00

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼԻՍ «Կգա մի շրջան, որ միայն կստեղծագործեմ»,- ասում է Արմեն Դարբինյանը -Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի տեղակալ էիք, հետո ֆինանսների նախարար, այնուհետ՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, որից հետո՝ վարչապետ։ Ինչպե՞ս ստացվեց. «Ճակատագիրը պատահականություն չէ, այլ ընտրության առարկա. նրան չեն սպասում, այլ նվաճում են»։ Ամերիկացի պետական գործիչ Բրայանի այս մտքին համակարծի՞ք եք։ – Որոշել եք «գրոհել» աֆորիզմներով, խնդրեմ։ Իհարկե, համակարծիք եմ։ Երբեք չի կարելի սպասել։ Վերջինս անճարության դրսեւորում է։ Ամեն ինչ փորձել եմ ինքս նվաճել։ Հռոմեացի պատմաբան Սաուլտիոսն է ասել. «Յուրաքանչյուր մարդ իր ճակատագրի ստեղծողն է», իսկ գերմանացի գրող Բրեխտը կարծես շարունակել. «Մարդու ճակատագիրը ինքը մարդն է»։ – Իհարկե, հիշում եք Մարքսին։ Նրանն է հետեւյալ միտքը. «Սկսնակը քաղաքականության մեջ, ինչպես եւ սկսնակը բնական գիտություններում նման է այն գեղանկարչին, որը գիտե միայն երկու գույն՝ սպիտակ եւ սեւ»։ – Սպիտակ եւ սեւ գույներ իմանալու համար էլ լուրջ գիտելիքներ են հարկավոր, ասել է թե՝ կրթություն։ «Քաղաքականության մեջ մեր փրկության միակ ճանապարհը կրթությունն է. դա տապան է ջրհեղեղի մեջ»։ Սա ամերիկացի հասարակական գործիչ Հորաս Մանի միտքն է։ – Ի՞նչ կարծիքի եք գերմանացի հրապարակախոս Բյոռնի այս աֆորիզիմի մասին. «Կառավարությունը առագաստ է, ժողովուրդը՝ քամի, պետությունը՝ նավ, ժամանակը՝ ծով»։ – Միանգամից ասեմ՝ համամիտ չեմ, որովհետեւ քաղաքականության մեջ միշտ ժամանակի սղություն կա։ Հետո, ժողովուրդը քամի լինել չի կարող։ Վերջինս պետք է լինի այն նավը, որ ստեղծում է իր պետությունը եւ ինքը պետք է որոշի՝ որ ուղղությունով գնալ։ Ես կառավարությանը առագաստի դեր չէի տա։ Սա իմ համոզմունքն է, իհարկե։ Կարծում եմ, տեղին է մեջբերել անգլիացի գրականագետ Թրայոն Էդվարդսի այս միտքը. «Համոզմունքը գործունեության անհրաժեշտ հիմքն է. եթե տեսությունը ճիշտ չէ, պրակտիկան չի կարող ճիշտ լինել»։ – Պրակտիկորեն մենք ապրում ենք ազատ երկրում, բայց, ինչպես ֆրանսիացի հասարակական գործիչ Լակորդերն է ասել. «Ազատությունը հնարավոր է միայն այն երկրում, ուր իրավունքը իշխում է կրքերին»։ – Սա շատ լուրջ թեզ է, կասեի՝ իդեալական։ Իրավունքի երկրում ազատության դրսեւորումները շատ ավելի հնարավոր են։ Անձամբ ես ազատությունը կգնահատեի՝ որոշակի սահմանափակումների համակարգ։ Այսինքն, դեռ 1700-ականներին, անգլիացի քաղաքական գործիչ Էդմունդ Բյորքն է ասել. «Որպեսզի կարողանաս ազատություն ունենալ, այն եւս պետք է սահմանափակել»։ – Ի՞նչ կասեք հետեւյալ աֆորիզմի մասին. ամերիկացի գրող Քին Հաբարդի խոսքերով. «Պրեզիդենտի թիկունքում միշտ ինչ-որ մարդիկ են կանգնած, որոնց հարկ էր դնել նրա առջեւում, որպեսզի պրեզիդենտը կարողանար հետեւել նրանց»։ – Ընդհանրապես յուրաքանչյուր գործիչ պետք է կարողանա իր գործը ճիշտ ընկալել ու կատարել։ Այս դեպքում անհրաժեշտություն չի առաջանա փոփոխություններ կատարելու։ Սերվանտեսը բոլոր ժամանակների համար է ասել. «Մեզնից յուրաքանչյուրը իր գործերի զավակն է»։ – Այսօր ռուս-հայկական պետական համալսարանի ռեկտորն եք, կրթում եք սերունդ, իսկ գերմանացի փիլիսոփա Ֆոյերբախն ասել է. «Ճշմարիտ կրթությունը, գիտությունը, փիլիսոփայությունը այն չէ, որ գրքեր ստեղծի, կամ մասնագետներ, կամ գյուտ, այլ այն, որ մարդիկ ստեղծի»։ – Բացարձակ համաձայն եմ այս մտքին։ – Ստեղծագործում եք, գրում երաժշտություն, եւ ոչ միայն… – Թույլ տվեք ընդհատել եւ բերել Բեթհովենի այս միտքը. «Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստնությունն ու փիլիսոփայությունը»։ Ստեղծագործելը հոգու դրսեւորում է։ Ճիշտ է, հիմա դադարել եմ գրել, որովհետեւ պատվերով հնարավոր չէ ներսումդ եղածը դուրս հանել։ Բայց գիտեմ, որ պետք է գա մի շրջան, որ միայն ստեղծագործեմ։ Կուզեի, որ դա շուտ լիներ։ – Ֆրանսիացի արվեստագետ Ֆեյերն ասել է. «Երջանկությունը՝ լավ առողջություն ու վատ հիշողություն ունենալն է»։ Երջանի՞կ եք։ – Այս միտքը մասամբ ճիշտ է։ Ասեմ, որ լավ առողջությունը, բոլոր դեպքերում, պարտադիր է, իսկ երջանկությունը… Թույլ տվեք իմ աֆորիզմը ասել՝ երջանկությունը երջանկության որոնումն է։ ՍԻՄՈՆ ԴԵՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել