ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԻՐԱԶԵԿ ՉԷ՞ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր, թե. «Իմ ունեցած տեղեկություններով, կոնվենցիայի վավերացման ձգձգումները կապված են Սահմանադրական դատարանի հետ»։ «Առավոտը» երեկ դիմեց ՍԴ մամուլի պատասխանատու Հովհաննես Պապիկյանին վերոնշյալ «մեղադրանքի» հավաստիությունը ճշտելու համար։ Վերջինս այդ կարծիքը հայտնողին նախ խորհուրդ տվեց մեկ անգամ էլ նայել ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որով ղեկավարվելով՝ ՀՀ նախագահը ՍԴ է դիմում այս կամ այն պայմանագրում, համաձայնագրում եւ այլն, ամրագրված պարտավորությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու առաջարկությամբ։ Իսկ նույն հոդվածի վերջին դրույթի համաձայն, ՍԴ-ն գործերի քննություն է կատարում միայն այն դեպքում, երբ ստանում է համապատասխան դիմում։ Եվ ապա անպայման նայել «ՍԴ մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 2-րդ, 31 հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը (ՍԴ ստացած դիմումների նախնական ուսումնասիրում եւ գործի քննության ընդունելը), 67 եւ 68 հոդվածները (որոշում կայացնելու կարգը)։ Հավելենք, որ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում եւ դրան կից 1-ին, 4-րդ, 7-րդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելու վերաբերյալ գործը ՍԴ-ն ստացել է 2002թ. փետրվարի 5-ին։ Սահմանված ժամկետներում գործի քննությունը ընդունելու վերաբերյալ աշխատակարգային որոշում է ընդունվել եւ գործի քննությունը նշանակված է փետրվարի 22-ին։ «Ուրիշ մեկի հայտնած կարծիքը գուցե տարօրինակ չթվար,- ավելացրեց ՍԴ մամուլի պատասխանատուն,- բայց որ նման կարծիք է հայտնում ԱԺ հանձնաժողովի նախագահը, դա, մեղմ ասած, զարմանալի է»։ Ռ. Մ.