Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցը «սառել» է կամ «սառեցվել»

Փետրվար 20,2002 00:00

Հարցը «սառել» է կամ «սառեցվել» «Առավոտի» 25.12.2001-ի համարում տպագրված «Տակը պառկելն էլ չօգնեց» հրապարակումը Տիգրան Մեծ պողոտայի թիվ 52, Տիգրան Մեծի նրբանցքի թիվ 3, 3ա եւ 5ա շենքերի բակում անօրինականորեն տեղադրված երկու ավտոտնակներն ապամոնտաժելու մասին էր։ Հիշեցնենք, որ նշյալ ավտոտնակների տերերը, ըստ շենքերի բնակիչների, չունենալով համապատասխան թույլտվություն, «զավթելով» բակի միակ խաղահրապարակը, տեղադրել էին իրենց ավտոտնակները։ Նյութի հրապարակումից որոշ ժամանակ անց «Առավոտը» տպագրեց Էրեբունու թաղապետարանի շենքերի, շինությունների պահպանման բաժնի պետ Ա. Ղազարյանի պարզաբանումը։ Ա. Ղազարյանը հավատացնում էր, որ կատարված փաստը իրենց եւս լրջորեն անհանգստացրել է։ Նրա հավաստմամբ, ավտոտնակներն ապօրինի տեղադրած բնակիչները վարչատուգանային հանձնաժողովի կողմից տուգանվել են 10.000-ական դրամ։ Եվ որ երկուսին էլ միաժամանակ ուղարկված է զգուշացում՝ ավտոտնակներն ապամոնտաժելու վերաբերյալ, ինչը չկատարելը կառաջացնի նոր պատժամիջոցների կիրառման անհրաժեշտություն։ Օրերս վերը նշված հասցեի բնակիչները կրկին խմբագրություն էին եկել։ Նրանց խոսքերով. «Էրեբունու թաղապետարանի կողմից ուղարկված պարզաբանման մեջ նշվում էր, որ իրենք համապատասխան միջոցներ կձեռնարկեն անօրինականությունը կանխելու համար։ Ավտոտնակների տեղադրման օրից շուրջ երեք ամիս է անցել, սակայն մինչ օրս ոչ ոք չի եկել, ավտոտնակների տերերին չի «նեղացրել»։ Այս երեք ամիսների ընթացքում անընդհատ բողոքում ենք։ Գործը հանձնարարում են Ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության պետ Հ. Մուրադյանին։ Վերջինս էլ իր հերթին գործն ուղարկում է Էրեբունու թաղապետարան։ Թաղապետարանից՝ քար լռություն։ Այդպես ամեն անգամ։ Արդեն ամառ է գալիս, իսկ երեխաները խաղահրապարակ չունեն»։ 18.01.2002թ. բնակիչները գրավոր բողոքով դիմել են քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին։ Չնայած քաղաքապետին հղած դիմումի պատասխանը նրանք դեռ չեն ստացել, այնուամենայնիվ, ակնկալում են, որ այս անգամ հարցը վերջնականապես կլուծվի, քանի որ, ըստ նրանց, քաղաքապետն իր տված ասուլիսներից մեկում նշել էր, որ 2002 թվականը հայտարարում է «բակային տարի»։ Խնդրի առնչությամբ «Առավոտը» պարզաբանումների համար կրկին դիմեց Էրեբունու թաղապետարանի շենքերի, շինությունների պահպանման բաժնի պետ Ա. Ղազարյանին։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ մինչեւ օրս չեն կիրառվել ձեր կողմից նշված պատժամիջոցները ավտոտնակներն ապամոնտաժելու վերաբերյալ, պրն Ղազարյանը պատասխանեց. «Համ ձմեռ էր, ցուրտ էր, համ էլ դրանց տերերին ժամանակ էինք տվել մտածելու։ Հո մարդասպանություն չենք սարքելու։ Նորից ավտոտնակների տերերին կկանչեմ, տեսնենք ինչ են որոշում, եթե չհամաձայնեն՝ կդիմենք դատախազություն»։ Փաստորեն, Ա. Ղազարյանի անհանգստությունները՝ կապված երկու ավտոտնակների հետ, ձմռան ցրտի պատճառով «սառեցվել» էին։ Իսկ «Առավոտի» խմբագրությունում առկա մանուշակները «հուշում» էին, որ արդեն գարուն է գալիս։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել