Լրահոս
Օրվա լրահոսը

Մուտքի կարգը չի փոխվել

Փետրվար 20,2002 00:00

Մուտքի կարգը չի փոխվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի տիրապետում տվյալների՝ այն առնչությամբ, թե ԱՄՆ մուտքի թույլտվություն ստացած Հայաստանի քաղաքացիների քանի՞ տոկոսն է ժամանակին վերադարձել հայրենիք։ «Առավոտը» խնդրել էր նաեւ պատասխանել՝ կա՞ վիճակագրություն այն մասին, թե մեկնածների ո՞ր տոկոսը ի՞նչ նպատակով է (զբոսաշրջության, ուսումնական եւ գիտական ծրագրերով, աշխատանքային պայմանագրով) մեկնել եւ ինչպիսի՞ն է ԱՄՆ մեկնած ՀՀ քաղաքացիների սոցիալական պատկերը՝ տարիքը, սեռը, մասնագիտությունը, աշխատանքի բնույթը։ ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնից ստացված պատասխանում տեղեկացվում է, որ իրենք՝ «նման չափանիշներով տվյալներ չեն գրանցում»։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո շատ էին խոսակցությունները, որ ԱՄՆ մուտքի թույլտվության կարգը խստացվել է եւ ասենք զբոսաշրջության նպատակով ԱՄՆ մուտքի թույլտվություն չեն տալիս։ Այս առնչությամբ հյուպատոսական բաժնի պատասխանում ասվում է, որ «ներգաղթի եւ ազգության օրենքի 214(Չ) հոդվածը չի ենթարկվել փոփոխության 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո»։ Եվ նաեւ տեղեկացվում, որ «Հյուպատոսական բաժինը տրամադրում է բոլոր տեսակի ոչ ներգաղթային վիզաներ, այդ թվում՝ նաեւ տուրիստական»։ Այնուամենայնիվ, որոշ փոփոխություն կա. գոնե մեկ անգամ ԱՄՆ մուտքի վիզա ստացած քաղաքացիները կարող էին իրենց փաստաթղթերը գցել դեսպանատան փոստարկղ եւ սպասել պատասխանի՝ առանց հարցազրույցի հրավիրվելու։ Մեր հարցին՝ գործո՞ւմ է այդ կարգը, դեսպանատնից պատասխանել են՝ «Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դիմել վիզայի համար, պետք է մասնակցի հարցազրույցի»։ Մնացյալն անփոփոխ է՝ «Ոչ ներգաղթային վիզա ստանալու համար բոլոր դիմորդները պետք է նախեւառաջ ստանան հարցազրույցի կտրոն։ Դրանք ձեռք են բերվում հյուպատոսական բաժնից երկուշաբթիից հինգշաբթի, ժամը 13-ին։ Ոչ ներգաղթային վիզայի դիմումի համար վճարվում է 45 դոլար։ Վիզա ստանալու դեպքում վճարվում է եւս 5 դոլար։ Դիմորդները պատասխանը սովորաբար ստանում են հարցազրույցի ժամանակ»։ «Առավոտը» նաեւ հետաքրքրվել էր, թե 2001թ. ընթացքում քանի՞ մարդ է դիմել ԱՄՆ դեսպանատուն՝ ԱՄՆ մուտքի վիզա ստանալու խնդրանքով եւ քանիսի՞ խնդրանքն է բավարարվել։ Խնդրել էինք այս տվյալները ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 11-ը եւ դրանից հետո եղած կտրվածքով, նաեւ համեմատության համար խնդրել էինք ներկայացնել 2000թ. տվյալները։ Սակայն այս առնչությամբ պատասխանը շատ ընդհանուր է. տեղեկանում ենք, որ 2001թ. դեսպանատուն դիմել է 28.383 մարդ, վիզա է ստացել 8.838-ը։ Պատասխանում նաեւ ասվում է. «Ոչ ներգաղթային վիզայի համար դիմող անհատների մեծ մասը չեն ստանում վիզա, քանի որ չեն կարող տրամադրել բավարար ապացույցներ, որ իրենք կվերադառնան ԱՄՆ-ից կարճատեւ այցից հետո։ Ըստ ներգաղթի եւ ազգության օրենքի 214 (Չ) հոդվածի՝ «Յուրաքանչյուր օտարերկրացի դիտվում է իբրեւ ներգաղթող՝ մինչեւ նա բավարար կերպով չապացուցի հյուպատոսական բաժնի աշխատակցին, որ ինքը ոչ ներգաղթողի վիճակում է»։ Այն անհատները, որոնք դիմում են ներգաղթային վիզայի համար, պետք է ունենան ներգաղթային վիզայի դիմում՝ լրացված ԱՄՆ քաղաքացիություն կամ որոշ դեպքերում օրինական մշտական բնակության իրավունք ունեցող իրենց անմիջական հարազատի կողմից»։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել