ՏՈՒԺՈՂ ԴԱՏԱՎՈՐԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԴԱՏԱՐԱՆ ԿԳՏՆՎԻ Փաստաբանների միջազգային միության անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ, ինչպես «Առավոտն» է տեղեկացրել, հարուցվել էր քրեական գործ։ Նա «բացարձակ անգրագետ» էր անվանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Գայանե Կարախանյանին։ Գործի քննությունն, ըստ էության, չի սկսվել։ Այն պետք է ընթացք ստանար նույն այն դատարանում, ուր որպես դատավոր է աշխատում այս գործով տուժող ճանաչված դատավորը։ Երեք դատավոր հասցրել են ընդունել փաստաբանի պաշտպանների բացարկը եւ, փաստորեն, ինչպես դիտորդներն են նկատում, առայժմ «մրցամարտի» հաշիվն է՝ 1։0, հօգուտ ՀՀ փաստաբանների։ Ուշագրավ է, որ դատական տարբեր նիստերին տուժողը չի ներկայանում։ Նա չունի նաեւ ներկայացուցիչ, որի միջոցով հնարավոր լիներ ճշտել նրանց դիրքորոշումը «ընթացող» դատաքննությունների վերաբերյալ։ Մեկ այլ դատական նիստի ավարտից հետո, օգտվելով ընձեռված հնարավորությունից, երեկ դիմեցի տուժող դատավորին հետեւյալ հարցադրումներով. 1. Ի՞նչ ընթացքում է գտնվում իր քրգործը։ 2. Արդյո՞ք մեղադրանքի հիմքում դրված վիրավորանք բառն է պատճառը իրականում քրգործի հարուցման։ 3. Ինչո՞ւ ինքը կամ իր շահերի ներկայացուցիչը չեն մասնակցում գործի քննությանը, ուր շոշափվում են իր անձին վերաբերող հարցեր։ 4. Փաստաբանների տարբեր միությունների անդամներ հանդես են եկել իրենց գործընկերոջ՝ այս գործով ամբաստանյալ Նիկոլայ Բաղդասարյանի պաշտպանությամբ։ Դատավորների միությունը որեւէ դիրքորոշում ունի՞։ 5. Դուք հավատո՞ւմ եք, որ ձեր՝ տուժողի իրավունքները կպաշտպանվեն… դատարանում։ Գ. Կարախանյանը պատասխանեց այսպես. «Քրեական գործը գտնվում է Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում։ Ո՞ւմ վարույթում է՝ դեռ չգիտեմ։ Բայց գրություն ենք ստացել, որ վճռաբեկ դատարանի նախագահը գործն ուղարկել է նշված դատարան»։ Ինչ վերաբերում է իր կամ իր ներկայացուցչի բացակայությանը նիստերին, տիկին Կարախանյանն ասաց, որ օրենքը թույլ է տալիս տուժողին, օգտվելով իր իրավունքներից, խնդրել դատարանին, որ չներկայանա։ «Իմանալով հակառակ կողմին՝ եւ նրանց կազմակերպած ակցիան, իմանալով, որ դատական նիստերը օրերով, ամիսներով միտումնավոր հետաձգելու է, ես հարկ չեմ համարել առայժմ այդ նիստերին մասնակցել։ Տեսնում եք մեր ծանրաբեռնվածությունը։ Դատավորը չի կարող գնալ օրերով, ժամերով նստել», շարունակեց նա։ Ինչ վերաբերում է ներկայացուցիչ ունենալուն (քանի որ մեր դիտարկմամբ իրենց գործընկեր փաստաբանի դեմ չի ցանկանա հանդես գալ որեւէ փաստաբան), Գ. Կարախանյանը նկատեց, որ ինքը կարող է իր շահերը ներկայացնել, ի տարբերություն «ամբաստանյալ» փաստաբան Ն. Բաղդասարյանի, որը 40-ից ավելի պաշտպաններ ունի։ «Դատաքննությունը չի սկսվում։ Ես մտահոգ եմ, թե այն դարձյալ չի սկսվելու։ Դա մի խաղ է փաստաբանների միության կողմից, գովազդի մի ձեւ։ Արդեն 2 տարին շուտով կլրանա, գործը այս դատարանից այն դատարան է ուղարկվում։ Փաստաբանների նպատակն այն չէ, որ նիստը սկսվի։ Նպատակն այն է, որ թերթերում գրվի, հեռուստատեսությամբ ցուցադրվի, թե այս միություններում, տեսեք, կան փաստաբաններ, որոնց համար դատավորն ո՞վ է, դատախազն ո՞վ է, ինչ ուզեն՝ կարող են ասել»։ Իսկ միթե այս ամենը դատական բարեփոխումների արդյունքը չէր։ Մեր հարցին Գ. Կարախանյանը ասաց, որ բարեփոխումների հիմնական նպատակը միջազգային չափորոշիչներն էին։ «Մենք համակարգում մատների վրա կարող ենք հաշվել փաստաբանների, որոնք կարող են Կ. Բաղդասարյանի նման իրենց պահել։ Նույն փաստաբանի նկատմամբ վերաքննիչ դատարանը 2 անգամ միջնորդագիր է գրել։ Ու չգիտեմ, նրանց միությունը որեւէ անգամ պատասխան տվե՞լ է»։ «Կռվել կարելի է իրավական դաշտում,- շարունակեց դատավորը,- դատավորն իրականացնում է արդարադատությունը, խոսում է հանրապետության արդարադատության անունից։ Եվ պատահական չէ, որ հոդվածն էլ դասվում էր արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների շարքին։ Իսկ իրազեկությունն էլ, թե դատավորը քրգործ է հարուցել, ճիշտ չէ։ Դատավորը միջնորդել է դատախազին։ Դատավորը ոչ պարտավորեցրել է, ոչ էլ… Օրենքը մատնացույց է անում, որ դատավորը կարող է միջնորդել…»։ Փաստարկը, որով արդարանում է «ամբաստանյալը», թե «իբրեւ միջնորդություններ է արել եւ ես էլ չեմ բավարարել այդ միջնորդությունները, ինչի համար էլ անգրագետ է նա ինձ համարել, այդպես չէ։ Իսկ, ընդհանրապես, միջնորդությունը բավարարել-չբավարարելու համար դատավորին չեն վիրավորում։ Փաստաբանը լավ գիտի, որ դրա համար կա վերադաս դատական ատյան եւ կարող էր վիճարկել այն, ոչ թե վիրավորել»։ Դատավորների միության կողմից իրենց գործընկերոջը չհամերաշխելու մասին էլ Գ. Կարախանյանը պատասխանեց. «Դատավորների միությունը հենց ձայն հանեց, փաստաբանները պիտի մտածեն, թե ուրեմն ինչ-որ բան կա…»։ Իսկ ընդհանրապես, Գ. Կարախանյանը համոզված է, որ կգտնվի այլ դատարան, ուր իր իրավունքները կպաշտպանվեն։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ