Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Փետրվար 20,2002 00:00

ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչպես հայտնի է, մեկ սենյականոց բնակարանում ապրող եւ «Փեթակում» փալասներ վաճառող թուրքական մի լրտես (անունը չեմ հրապարակում ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ չնայած նրա անունը բոլորը գիտեն) հազարավոր դոլարներով հարեւան երկրին էր վաճառում Հայաստանի տնտեսական եւ քաղաքական գաղտնիքները: Որ նման գաղտնիքները Հայաստանում լիքն են, ոչ ոք չի կասկածում: Վստահ եմ, օրինակ, որ Միքայել Բաղդասարովը բենզին բերելու եւ այն այստեղ վերավաճառելու այնպիսի մի know-how է գտել, որ հիմա Թուրքիան օգտագործում է տնտեսական շպիոնաժի իր բոլոր հնարավորությունները՝ բացահայտելու համար, թե ինչպես է պրն Բաղդասարովը մի կողմից՝ բարգավաճում, մյուս կողմից՝ պաշտոնապես աշխատում առանց օգուտի: Կամ աշխարհում ոչ ոք չգիտի, թե ինչպես է ջեմը լցվում «Գրանդ Քենդիի» կարամելի մեջ՝ դա հայտնի է միայն Գրանդ Տաբակիչին եւ հանրապետության նախագահին (վերջինիս՝ ի պաշտոնե, քանի որ նա Զինված ուժերի գլխավոր հրամանատարն է): Բնականաբար, Բիլ Գեյթսը հիմա միլիոններ է ծախսում՝ այդ բարձր տեխնոլոգիայի գաղտնիքն իմանալու համար: Բայց առավել սարսափելի են մեր երկրի քաղաքական գաղտնիքները: Արտասահմանյան հետախուզությունները չգիտեն, որ ներկայումս երեք միլիոն մարդ չի ապրում՝ հակառակ դեպքում կստացվեր, որ «նախորդ հանցավոր ռեժիմը» նպաստել է ընդամենը 280 հազար հոգու արտագաղթին: Լրտեսական կենտրոններին հայտնի չէ նաեւ, որ թիվն ուռճացվում է՝ միլիոնից ավելի ընտրող ցույց տալու նպատակով: Այդպես ավելի հեշտ է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում «մեռյալ հոգիներով» թվեր նկարել հօգուտ «պետականամետ» պնակալեզների եւ Ռոբերտ Քոչարյանի: Էլ չեմ խոսում «Պապլավոկի» գործի մասին: Այստեղ քաղաքական գաղտնիքների մի ամբողջ կծիկ է: Միայն բրիտանական լրտես Սթիվեն Նյուտոնն է նկատել, որ նախագահի մի քանի թիկնապահ ծեծելով մարդ են սպանել: Մնացած վկաները՝ քաջարի մտավորականները, չինովնիկները եւ բժիշկները, ոչ տեսել են, ոչ լսել: Իսկ դուք գիտե՞ք, որ ԶԼՄ-ների մասին նոր օրենքը իրականում ոչ մի օրենք էլ չէ, այլ՝ կոդավորված մեսիջ: Տեքստի վրա մի քանի ամիս չարչարվելուց հետո Լենգլիի վերլուծաբանները եկան այն եզրակացության, որ օրենքը, մեկը՝ մեկին, արտացոլում է Ռոբերտ Քոչարյանի պարտկոմական պատկերացումները լրատվության մասին: Բայց դա… շշշ… քաղաքական գաղտնիք է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել