Լրահոս
Օրվա լրահոսը

«ՂԱԼԱ՛Թ ԵՔ ԱՆՈՒՄ»

Փետրվար 20,2002 00:00

«ՂԱԼԱ՛Թ ԵՔ ԱՆՈՒՄ» Նախորդ օրվա մեր դիտարկումը, թե Պողոս Պողոսյանի սպանության առիթով ընթացող դատական պրոցեսը թեւակոխել է առավել նյարդային փուլ, ամենեւին չափազանցված չէր, եւ երեկվա նիստը դրա ապացույցն էր։ Տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանը երեկ ի նշան բողոքի լքեց դատարանի դահլիճը՝ նախապես հայտարարելով. «Չեմ ցանկանում մասնակից դառնալ երկու արարով այս խեղկատակությանը։ Այս դատավարությունը շատ բան բացահայտեց, անկախ նրանից, թե մարդասպանին ի՞նչ են տալիս՝ պայմանական պատի՞ժ, թե՞ հերոսի կոչում, կապ չունի։ Դատավարությունը արտացոլում է մեր իրականությունը, մեր հասարակությունը եւ մեր իշխանություններին»։ Նրա հետ դատարանի դահլիճը լքեցին բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաեւ՝ լրագրողներ։ Անդրանիկ Պողոսյանը ասաց, որ դատավարության մասնակից կողմերը «կատարում են վերադասի հրամանը, բայց մի քիչ էլ ձեր խղճի առաջ պատասխան տվեք։ Մի բան իմացեք, որ ամբողջ հանրապետությունը գիտի ճշմարտությունը, դուք էլ գիտեք, մենք էլ գիտենք, ամբողջ ժողովուրդն էլ գիտի։ Դուք սրանով նախագահին արջի ծառայություն եք մատուցում, այս դատավարությունը երեւի նրա հրաժարականի սկիզբն է ազդարարում»։ Մինչ այս դատական նիստը շարունակվում էր բավականին լարված։ Տուժող կողմի բոլոր միջնորդությունները դատարանը մերժում էր մեկը մյուսի ետեւից։ Դատարանը, թեպետ ուշադիր լսեց Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ստեֆան Նյուտոնի գրավոր վկայությունը, սակայն որոշեց այն որպես ապացույց չդիտել։ Երեկ բավականին նկատելի դարձավ պետական մեղադրողի պահվածքի կողմնակալությունը։ Փոխանակ իր բուն պարտականությունը կատարի, որը, բացի նախաքննության արդյունքը պաշտպանելուց՝ նաեւ տուժողի շահերը պաշտպանելն է, մեղադրող Էդ. Սարիկյանը հայտարարեց, որ Ստեֆան Նյուտոնի վկայության մեջ մի շարք հակասություններ կան, եւ քանի որ հնարավոր չէ հարցերի միջոցով պարզել այդ հակասությունները, ուրեմն նպատակահարմար չէ նաեւ գրավոր վկայությունը կցել գործին որպես ապացույց։ Ստիպված ենք կրկնվել եւ հիշեցնել, որ նախաքննությունն իրականացնող մարմինը անկողմնակալ աշխատելու դեպքում պետք է ինքը գործով կարեւոր վկաներ գտներ եւ հարցաքններ եւ ոչ թե թողներ տուժող կողմի վրա։ Իսկ ամբաստանյալի փաստաբան Գր. Յանիկյանը նույնիսկ ինքն իրեն գերազանցեց, երբ դատարանի դահլիճում «սխալ հանեց» միջազգային կազմակերպություններին։ Պրն Յանիկյանին, բացի իր պաշտպանյալի շահերից, պարզվեց, հետաքրքրում է նաեւ Մեծ Բրիտանիայի վիճակը. «Պատկերացնո՞ւմ եք Մեծ Բրիտանիայի վիճակը, եթե ներկայացված գրառումը փորձ է արվում որպես փաստաթուղթ ներկայացնել Մեծ Բրիտանիային, այդ նույն կազմակերպությունը Հայաստանում ինչ-որ քաղաքացու, ասենք՝ Թավաքալյան, ներկայացվեր Մեծ Բրիտանիայում, եւ նրանց օրենսդրությունը համապատասխանեցվեր Թավաքալյանի ցուցմունքներին»։ Պրն Յանիկյանի կարծիքով, Ստեֆան Նյուտոնի վկայությունը կարող է օգտագործվել քրգործը քաղաքականացնելու համար։ Ստեֆան Նյուտոնի գրառում-վկայությունը որպես ապացույց մերժելուց հետո դատարանը մերժեց նաեւ որպես վկա Ստեֆան Նյուտոնի ընկերուհուն, դեպքի օրը Պողոս Պողոսյանի սեղանի կողքի սեղանին նստած զույգին (Կարեն եւ Գայանե), նաեւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու մասին։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը դատաքննության վերջին նիստին որոշեց փոքր-ինչ ավելի ակտիվ պաշտպանել տուժողի շահերը, սակայն նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ աչքով երեւում էր, որ փորձառու փաստաբանը ընդամենը թոզ փչեց հասարակության աչքերին։ Իրականությունն այն է, որ նման ջերմեռանդությունը կարող էր օգնել գործի սկզբում։ Դատարանի դահլիճում մինչ երեկվա նիստը, հարցաքննություններին մասնակցելուց բացի, ամբաստանյալ «Կուկուն» միայն մեկ նախադասություն էր ասում. «Միանում եմ իմ փաստաբանին»։ Երեկ «Կուկուն», վերջապես, կանչեց։ Ընդհանրապես, մինչեւ որոշակի պահ, իրար հաջորդող կարեւոր միջնորդությունների տարափի տակ «Կուկուն» իրեն կորցրեց։ Եթե ընդունենք, որ նրան երաշխիքներ են տրվել, թե մի երկու ամիս պայմանական է ստանալու ու վերջ, ապա երեկվա նիստի ընթացքը եւ Ստեֆան Նյուտոնի վկայության ընթերցումը այնքան էր պրկել Աղամալ Հարությունյանի նյարդերը, որ վերջինս սկսեց ռեպլիկներ հնչեցնել։ Մասնավորապես՝ հիշյալ պարագայում. փաստաբան Ռուբեն Սահակյանը միջնորդեց. «Սույն գործի հետ կապված հարցեր պարզաբանելու համար որպես նոր վկաներ հրավիրել եւ հարցաքննել, հանրապետության նախագահի՝ քննարկվող օրը նրան ուղեկցող բոլոր թիկնապահներին, նախապես պարզելով ովքե՞ր են ուղեկցել հանրապետության նախագահին։ Եթե կգտնվեն այնպիսի կարծիքներ, որ թվաքանակը չի հայտնվում, մենք կարող ենք անցկացնել փակ նիստ։ Իսկ փակ նիստում որեւէ գաղտնիք չի կարող լինել, անգամ պետական գաղտնիքներ»։ Փաստաբանը հիշեցրեց, որ այս հարցը բազմիցս հնչել է եւ ասվել է (նման պատասխան ամբաստանյալն էր տալիս). «Չեմ պատասխանի, որովհետեւ պետական գաղտնիք է, ես կասեմ՝ ղալաթ եք անում, եթե այդպես եք ասում»։ Հենց այստեղ ամբաստանյալը իրեն կորցրեց։ «Ղալաթը դուք եք անում»,- տեղից արձագանքեց նա եւ դատարանի դիտողությանը եւս պատասխանեց. «Թող չանպատվի»։ Ավելի ուշ տեղից նետեց. «Կուսակցական շոու եք սարքում»։ Դատարանը աղմկեց, տուժողի իրավահաջորդը հարկ համարեց ասել, որ «կուսակցությունն այստեղ գործ չունի»։ Ակնհայտորեն, ՀՅԴ-ն վաղուց «այստեղ գործ չունի», հակառակ դեպքում՝ գուցե իրոք հնարավոր լիներ արդար դատ իրականացնել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել