Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրերը փող չունեն շահերը պաշտպանելու համար

Փետրվար 19,2002 00:00

Փոքրերը փող չունեն շահերը պաշտպանելու համար Ֆինանսահաշվետվական համակարգի բարձր որակ ապահովելու համար բաց բաժնետիրական ընկերությունները օգտվում են աուդիտորական ծառայություններից։ Աուդիտը (անկախ փորձագիտական ծառայություն) ընկերության հաշիվների, ֆինանսական հաշվետվությունների եւ այլ փաստաթղթերի մանրակրկիտ ստուգումն է, որը հավաստում է այդ փաստաթղթերի իսկությունը, ամբողջականությունը եւ համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու չափանիշներին։ Այլ կերպ ասած, աուդիտը բաժնետերերի շահերի պաշտպանությանն ուղղված ֆինանսական վերահսկողության կարեւոր տարր է։ Աուդիտորական կազմակերպությունների թիվը Հայաստանում հասնում է 51-ի, որոնցից 9-ը գտնվում է մարզերում։ Սակայն տնտեսվարման շուկայական հարաբերությունների ներկա պայմաններում որքանո՞վ են պաշտպանված մանր սեփականատերերի շահերը։ Այս հարցով դիմեցինք ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամ Ա. Մինասյանին։ Ըստ հանձնաժողովի անդամի, առկա է բաժնետերերի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հիմնախնդիրը։ Ընկերության ղեկավարող անձնակազմը արհեստավարժ չէ, խոշոր բաժնետերերի կողմից անտեսվում են մանր բաժնետերերի շահերը, իսկ վերջիններս էլ չեն կարողանում պաշտպանել սեփական իրավունքները։ Բաժնետերերն ունեն օրենքով եւ այլ իրավական ակտով սահմանված իրավունքները եւ օրինական շահերը ինչպես դատական, այնպես էլ մինչդատական միջոցներով պաշտպանելու հնարավորություն։ Սակայն առայժմ Հայաստանում չեն օգտվում կամ քիչ են օգտվում այդ հնարավորությունից (օրինակ, չեն օգտվում աուդիտի ծառայությունից)։ Մանր սեփականատերերի շահերը կարող է պաշտպանել նաեւ ներքին վերահսկողության համակարգի կիրառումը։ Ըստ ԲԲ ընկերությունների մասին օրենքի 91, 93 հոդվածների, ֆինանսատնտեսական գործունեությունը վերահսկելու նպատակով ընկերությունում ընտրվում է վերստուգող հանձնաժողով։ Եվ բաժնետերերի ընդհանուր ժողովին հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը կարող է հիմք հանդիսանալ ընկերության պաշտոնատար անձանց նկատմամբ անվստահություն հայտնելու կամ վնասի փոխհատուցում պահանջելու համար։ Մի քանի հայտնի աուդիտորական կազմակերպությունների աուդիտորների հետ ունեցած զրույցը նույնպես հաստատում է, որ կրկնակի աուդիտ հրավիրելու դեպքերը քիչ են նաեւ այն պատճառով, որ աուդիտը «թանկ հաճույք» է եւ փոքր բաժնետերերը այդպիսի հնարավորություն չունեն։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կրկնակի աուդիտ է հրավիրվում, ապա ընկերության կառավարող մարմնի կողմից արհեստականորեն ձգձգվում է անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը (ԲԲԸ օրենքում ֆիքսված չէ, թե ինչպիսի ժամանակահատվածում պետք է իրականացվի կրկնակի աուդիտը), որն էլ խոչընդոտում է աուդիտորի աշխատանքը։ Բացի այդ, մինչեւ հաշվետու ժողովը՝ ընկերությունը պարտավոր է մամուլում հրապարակել ֆինանսական հաշվետվությունները, այդ թվում նաեւ՝ պարտադիր աուդիտի արդյունքները։ Աուդիտոր Ա. Հակոբյանի («Հայաուդիտ») համոզմամբ, բաժնետիրական ընկերությունները չեն կատարում օրենքի այս կետը եւ փոքր բաժնետերերը ձեռնարկության ֆինանսատնտեսական իրական վիճակի մասին մնում են անտեղյակ։ ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել