ՀԱՐՎԱԾ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍՐՏԻՆ Օլիմպիական «ոսկու» համար Ռուսաստանի Բերեժնայա-Սիխարուլիձե եւ Կանադայի Սալե-Պելլետյե զույգերի միջեւ ծագած սկանդալային պատմությունն ավարտվեց, Ռուսաստանի ԶԼՄ-ների գնահատմամբ, «Օլիմպիական շարժման հենց սրտին հասցված հարվածով», որի սկզբունքն է. «գլխավորը ոչ թե հաղթելն է, այլ մասնակցելը»։ Մարզասերները, հավանաբար, արդեն տեղյակ են, որ ուրբաթ օրը Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել օլիմպիական ոսկե մեդալներ շնորհել նաեւ Կանադայի գեղասահքի զույգին։ Մասնավորապես, «sport.rbc.ru»-ն գրում է, որ հանուն իրենց աշխարհագրական հարեւանի, ամերիկացիները պատրաստ են ամեն բանի։ Ձմեռային 19-րդ օլիմպիական խաղերն առայժմ աշխարհին նշանակալի որեւէ բան չեն տվել։ Խաղերն սկսվեցին միջին մակարդակի բացման արարողությամբ, որի գլխավոր իրադարձությունը Առեւտրի համաշխարհային կենտրոնի փլատակներում գտնված ԱՄՆ-ի ճղճղված դրոշի դուրսբերումն էր։ Ռեկորդներն էլ առայժմ սովորականից շատ չեն։ Հիշարժան են միայն իսպանացի Իոգան Մյուլեգի երկու հաղթանակները, որոնցով նա եռապատկեց իր երկրի «ոսկու պաշարն» ամբողջ պատմության ընթացքում։ «Շատերը կմտածեն, որ եթե Ելենա Բերեժնայայից ու Անտոն Սիխարուլիձեից «ոսկին» չվերցրին, ուրեմն մենք անհանգստանալու առիթ չունենք,- գրում է նույն էլեկտրոնային թերթը։- Սակայն այդ տեսակետը մենք սխալ ենք համարում։ Նախ «նրանց» համար սկզբունքային խնդիր էր 1964 թվականից սկսած առաջին անգամ մեր երկրից խլել զուգասահքում մեր երկրի առաջնայնությունը։ Սալեի եւ Պելլետյեի համար նույնիսկ այսպիսի կիսատ-պռատ որոշումն արդեն հաղթանակ է, որից հետո նրանք կարող են գլուխները վեր տեղափոխվել պրոֆեսիոնալ սահադաշտ։ Երկրորդ, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու Ռուսաստանի բոլոր պաշտոնական անձանցից միայն փոխվարչապետ Վալենտինա Մատվիենկոն մեր զույգին սատար կանգնեց։ Իսկ ՌՕԿ-ի նախագահ Լեոնիդ Տյագաչուկն ու փոխնախագահ Վիտալի Սմիռնովը կասկածելի լռություն են պահպանում։ Այսպիսի սկանդալները կտրուկ նվազեցնում են հետաքրքրությունը գեղասահքի նկատմամբ։ Ամեն մարզասեր չէ, որ կարողանում է տարբերել, ասենք, տուլուպը՝ ակսելից կամ սալխովից, ամեն ոք չէ, որ կարող է հաշվել, թե գեղասահորդը ցատկելիս քանի պտույտ կատարեց։ Մարզասերը չի կարողանում հասկանալ նաեւ, թե ինչո՞ւ Ալեքսանդր Աբտին նույն ծրագրի համար մի մրցավարը տալիս է երկրորդ տեղը, իսկ մյուսը՝ տասներորդ։ Ուրբաթ օրը տեղի ունեցածը տրամաբանական ոչ մի բացատրություն չունի։ Մի քանի օր չմշկավազքի միջազգային ֆեդերացիայի նախագահ Օտտավիո Չիկվանտան հավաստիացնում էր, թե արդյունքների վերանայում չի լինելու։ Ու որքան մեծ էր համընդհանուր զարմանքը, երբ ՄՕԿ-ի նորընտիր նախագահ, բելգիացի Ժակ Ռոգեն հայտարարեց, թե կոմիտեի 9 անդամից 7-ը քվեարկել են երկրորդ «ոսկի» շնորհելու օգտին։ Այս ամբողջ պատմության «մեղավորին»՝ ֆրանսուհի մրցավար Մարի-Ռեն Լե Գունին, ինչպես հայտնի է, որակազրկել են։ Եվ այստեղ պարտադիր է հիշեցնել, որ նրա ձայնը չեղյալ հայտարարելու դեպքում ռուսաստանցիների եւ կանադացիների միջեւ հաշիվը հավասարվում է։ Ընդ որում, խոսքն այստեղ միայն կամավոր ծրագրի մասին է։ Իսկ կարճ ծրագրում ռուսաստանյան զույգի հաղթանակը ոչ ոք կասկածի տակ չի էլ առնում։ Այ հենց այստեղ է, որ պետք է հարցնել, թե ո՞վ է «նրանց» իրավունք տվել նման բիրտ որոշումով, ըստ էության, չեղյալ համարել մեր հայրենակիցների փայլուն հաղթանակը»։ ՕՎՍԱՆՆԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Երեւանի մենեջմենթի համալսարանի 4-րդ կուրս Հ. Գ. ՄՕԿ-ը զուգասահքում ոսկե մեդալների երկրորդ հավաքածուի հանձնումը կանադացիներին նախատեսել է փետրվարի 21-ին։ Իսկ մինչ այդ ՌԴ փոխվարչապետ Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Սոլթ Լեյք Սիթի։