Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ապրեք գալիքի համար

Փետրվար 19,2002 00:00

Պետք է ապրեք գալիքի համար Հայկական ձեռագրերը գոտեմարտել են դարերի հետ ու հաղթել։ Նրանք հարյուրամյակների խորքից իրենց հետ բերել են հեռավոր ժամանակների մարդկանց ու ժողովուրդների հույզերն ու վաստակը։ Երեւանի Մ. Մաշտոցի անվան մատենադարանի շենքը (նախագծվել եւ կառուցվել է 1945-57թթ., ճարտարապետ Մարկ Գրիգորյանի կողմից) ունի քաղաքաշինական կարեւոր դիրք, տեղավորված է մայրաքաղաքի կենտրոնի հյուսիսում բարձրացող սարահարթի լանջին՝ Մաշտոցի պողոտայի առանցքով եւ եզրափակում է նրա հեռանկարը։ Մատենադարանը 1978-ից ընդարձակվել է ետեւի լեռան մեջ (կառուցվել է գիտական մասնաշենք), որն էլ միացվել է հիմնական շենքին։ Այն համաշխարհային մշակույթի հարուստ գանձարան է, որտեղ հավաքված ձեռագրերը վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլեւ շատ ուրիշ երկրների ու ժողովուրդների դարավոր պատմությանը։ Այժմ ձեռագրերի թիվը հասնում է 17.041-ի, որից մոտ 3000-ը այլալեզու է (պարսկերեն, վրացերեն, արաբերեն…)։ Հին մշակույթի անփոխարինելի գանձերը պահպանելու համար մշակված են հայոց եղանակներ, օգտագործելով հայրենի եւ արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նվաճումները։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ ձեռագրերի կյանքը երկարացնելու համար։ Գործում են միկրոբիոլոգիական լաբորատորիա, ինչպես նաեւ կազմարարական բաժին, որոնք զբաղվում են ձեռագրերի վերանորոգման եւ այլ աշխատանքներով։ Մանրալուսանկարչական լաբորատորիան կատարում է ձեռագրերի մանրալուսանկարում, որպեսզի գիտական աշխատողները ձեռագրերի փոխարեն օգտագործեն դրա մանրապատճենները։ – Իսկ ի՞նչ աշխատանքներով է զբաղված Մատենադարանը այսօր եւ ինչպիսի՞ պայմաններում են պահվում ձեռագրերը,- փորձեցինք պարզաբանումներ գտնել տնօրեն Սեն Արեւշատյանի հետ զրուցելիս։ – Այսօր Մատենադարանի ողջ անձնակազմը զբաղված է ե՛ւ գիտական (հայագիտական առումով) եւ այլ աշխատանքներով։ Անգամ այս ծանր իրավիճակում, որ արդեն շուրջ տասը տարի ստեղծված է մեր հանրապետությունում, Մատենադարանը կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները եւ ձեռագրերի վերանորոգման համար ապահովել այնպիսի նյութեր, որոնք լրիվ բավարարում են ժամանակակից գիտական մակարդակը։ Իսկ այս տարիների ընթացքում ձեռագրերի ֆոնդը ավելացել է։ Շատ տարօրինակ է, թե ինչպես այս ծանր պայմաններում մենք ոչ միայն ձեռագրերի պահպանությամբ ենք զբաղվել, այլ նաեւ այդ ամենը ավելացրել ենք տասնյակ օրինակներով։ Եվ դա շնորհիվ ե՛ւ Մատենադարանի աշխատակիցների, ե՛ւ հայ բարերարների։ Ձեռագրերի մշակման ընթացքում ոչ մի օրինակ չի վնասվում։ Լինում են նաեւ ձեռագրերի հիվանդություններ, որոնք մեր լավագույն մասնագետների ջանքերով «բուժվում» են։ Ճիշտ է, շատ դժվար է, բայց հասնում ենք հաջողության։ Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ «Լինսի» հիմնադրամի ջանքերով փետրվարի կեսերից կվերանորոգվի ամբողջ Մատենադարանի շենքը, որը հավանաբար կտեւի մոտ 3 ամիս։ Հնադարյան մատյանները, որ այսօր գոյատեւում են, պետք է ապրեն գալիք սերունդների համար։ ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել