Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ԻՄ ԵՐԿԻՐՆ Է…

Փետրվար 19,2002 00:00

ՍԱ ԻՄ ԵՐԿԻՐՆ Է… Կոնստանտին Արցեուլովի ծննդյան 110-ամյակը Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու չորս աղջիկներն ամուսնացել էին օտարազգիների հետ, ապրել տարբեր երկրներում։ Սակայն նրա թոռներից մի քանիսը հասուն տարիքում ապրել ու գործել են Ղրիմում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, արտասահմանում։ Հանճարեղ պապի բարերար ազդեցությամբ ու հորդորներով նրանցից երեքը ստացել են մասնագիտական կրթություն, դարձել գեղանկարիչ, լուսանկարիչ, գծագրող։ Ավագ աղջկա՝ Մարիաննայի որդին՝ Միքայել Լատրին, Այվազովսկու միջնորդությամբ սովորել է Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում եւ դարձել հանրահայտ ծովանկարիչ։ Երկրորդ դստեր զավակը՝ Ալեքսեյ Գանզենը, ռազմածովային սպայի մասնագիտությանը զուգահեռ, ստացել է նաեւ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն։ Հարյուր տասը տարի առաջ արու զավակ ունեցավ նկարչի կրտսեր դուստրը՝ Հովհաննան (Ժաննա)։ Անվանի ծովանկարիչը, ի հիշատակ հոր, թոռնիկին կոչեց Կոնստանտին։ Չափազանց սիրում էր նրան։ Գրեթե ամենուր փոքրիկ Կոստյան ուղեկցում էր պապին, իսկ ազատ ժամերին Այվազովսկին նկարել էր սովորեցնում նրան։ 1900-ին մահացավ պապը։ Կոստյայի հայրը՝ ռազմական ինժեներ, նավաշինարար Կոնստանտին Արցեուլովը, որոշեց որդուն սովորեցնել իր մասնագիտությունը եւ նրան տվեց ծովային դպրոց։ Բայց ո՛չ մեծահռչակ ծովանկարիչը եւ ո՛չ էլ մեծահամբավ նավաշինարարը չկարողացան գուշակել պատանու իսկական կոչումն ու նվիրումը։ Ձեռքն առնելով «Թռչունների թռիչքի մասին» նկարազարդ գիրքը, հետաքրքրասեր պատանին հափշտակվեց ռուսական ավիացիոն մտքի ականավոր գործիչ Անատոլի Մոժայսկու կերպարով, սիրեց, գուրգուրեց նրան… Հենց դա էլ կանխորոշեց պատանի Կոնստանտին Արցեուլովի ապագան, ճակատագիրը։ 1911-ին ավարտելով Գատչինայի օդաչուական ուսումնարանը՝ ստացավ օդաչուի վկայական, իսկ հինգ տարի հետո, հոկտեմբերի 7-ին, աշխարհում առաջին անգամ, նա իր վարած ինքնաթիռը կանխամտածված ենթարկեց պտույտէջքի (ինքնաթիռի պտուտակաձեւ անկում, շտոպոր), ապա դուրս բերեց այդ վիճակից, որ հրաշքի նման մի բան էր այդ ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին ռուսական ավիացիան օդաչուների եւ ինքնաթիռների խիստ կարիք ուներ, սակայն պտույտէջքի հետեւանքով վթարների թիվը գնալով ավելանում էր։ Այդ օրերին Սեւաստոպոլի ռազմաավիացիոն դպրոցին կից ստեղծվում է կործանիչ օդաչուների բաժանմունք, որի պետ է նշանակվում երիտասարդ շրջանավարտ, 22-ամյա Կոնստանտին Արցեուլովը։ Հետագայում նա դարձավ ավիացիայի բնագավառում տասնյակ գյուտերի եւ նորարարությունների հեղինակ։ Պտուտէջքի հաղթահարման շնորհիվ ռուսական ավիացիան նոր վերելք ապրեց։ Մինչեւ այդ, թռիչքի ժամանակ արագությունն այս կամ այն պատճառով կորցրած ինքնաթիռն անսպասելիորեն ընկնում էր պտուտէջքի մեջ։ Ո՛չ ինքնաթիռի հզորությունը, ո՛չ էլ օդաչուի հմտությունն ի զորու չէին կանխել անխուսափելի կործանումը։ Կոնստանտին Արցեուլովն իր արտակարգ տաղանդի շնորհիվ, հմտությամբ եւ անվեհերությամբ կարողացավ նորաստեղծ ռուսական ավիացիայի այդ չարիքը վերացնել։ Նա դրան հասավ մանրամասն ուսումնասիրություններից ու ճշգրիտ հաշվարկումներից հետո։ Շուտով պտուտէջքը պաշտոնական գրանցում ստացավ, դարձավ բարձրագույն պիլոտաժի հիմնական ձեւերից մեկն ու մտցվեց ռազմական օդաչուների պատրաստման դասընթացի մեջ՝ որպես հիմնարար առարկա։ Տարիներ հետո նույն բանին հասան Ամերիկայում, Ֆրանսիայում, Անգլիայում եւ Գերմանիայում։ Երիտասարդ Արցեուլովը դարձավ ռուսական նորաստեղծ ավիացիայի առաջին կործանիչ օդաչուն։ Նա եղել է երկրի ռազմաավիացիոն Լենինգրադյան ուսումնարանի կործանիչ օդաչուների բաժանմունքի պետ, Մոսկվայի ավիադպրոցի պետի առաջին տեղակալ։ Առաջին աշխարհամարտի տարիներին Կոնստանտին Արցեուլովը կատարել է շուրջ 300 մարտական թռիչք, մղել օդային ավելի քան երեք տասնյակ հերոսական մարտ, ոչնչացրել է հակառակորդի հարյուրավոր ինքնաթիռներ։ Իր քաջագործությունների համար նա արժանացել է «Առաջին սավառնորդ օդաչու» կոչմանը, պարգեւատրվել երկրի եւ արտասահմանի ամենաբարձր շքանշաններով, կոչումներով ու մեդալներով։ Տեխնիկական գիտությունների դոկտորն իր հարուստ փորձն ու անսպառ եռանդն ի սպաս դրեց հայրենական ավիացիայի զարգացման գործին։ Նրան վստահեցին նոր կոնստրուկցիայի ինքնաթիռների փորձարկման կայաններից մեկը, հետո՝ բոլորը։ Աշխատում էր քաղաքացիական ավիացիայի ամենադժվարին ու պատասխանատու տեղամասերից մեկում՝ ղեկավարում էր Թուրքմենսիբի ճանապարհաշինարարներին օդից օգնություն հասցնելու գործը, փրկարար թռիչքներ կատարում Ծայրագույն հյուսիսում, նաեւ երկրից դուրս։ Հմուտ օդաչուի ինքնաթիռը բազմիցս օգնության է հասել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառցահատներին, փրկել ծովային վթարի ենթարկվածների կյանքը։ Ավիացիայի գեներալ-գնդապետը տարիներ շարունակ «Տեխնիկա մոլոդյոժի» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է եղել, իր հարուստ գիտելիքներով ու ուսանելի փորձով օգնել երիտասարդական ամսագրին։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ու վաստակաշատ նկարիչը մշտապես զբաղվել է գեղանկարչությամբ, չի մոռացել սիրելի պապի գործը, պաշտել է նրան, գնացել նրա բացած լայն պողոտայով։ Տակավին պատանեկության տարիներին, պապի մահից հետո, անվանի նկարիչներից առնելով գեղանկարչության դասեր, Կոնստանտինն ազատ ժամերին նկարում էր բնանկարներ։ 1965-ին եւ 70-ին Թեոդոսիայի պատկերասրահում կազմակերպվում է Հովհաննես Այվազովսկու նկարիչ թոռների ստեղծագործությունների ցուցահանդես։ Կոնստանտինը ցուցադրել էր իր բնանկարները։ «Արվեստի մեջ պետք է լինել անկեղծ եւ ճշմարտացի,- գրել է Արցեուլովը,- դրա համար անհրաժեշտ է լավ գիտենալ մայր բնությունն ու նրա գաղտնիքները, երբեք չկրկնել ուրիշներին, միշտ լինել ինքնուրույն, դրսեւորել սեփականը։ Կարելի է յուրացնել այս կամ այն նկարչի տեխնիկան, մնացած ամեն ինչին պետք է հասնել կյանքի ու բնության խոր ուսումնասիրությամբ՝ հենց նրանց նմանվելով»։ Դիմելով ցուցահանդեսները դիտողներին, արդեն ծերունազարդ օդաչու գեղանկարիչը հպարտությամբ ասում է, որ իրականացնում է սիրելի պապիկի երազանքը, ցույց է տալիս ռուսերեն, հայերեն եւ օտարալեզու տասնյակ գրքեր, որ նկարազարդել է ինքը։ Դրանց մեջ ուշագրավ են գրող Պրոմատովի «Հայկական լեռնաշխարհով» ռուսերեն գրքի նկարները, հայ անվանի օդաչու Հայկազ Ամատունու «Երկիր» գրքի ձեւավորումը, Մարիետա Շահինյանի, մարշալ Բաղրամյանի, Անաստաս Միկոյանի աշխատությունների շքեղ ձեւավորումները, որոնք մրցանակներ են շահել։ 89-ամյա Կոնստանտին Արցեուլովը իր վաղեմի ընկեր, Սովետական Միության հերոս, նախկին ԽՍՀՄ վաստակավոր փորձարկից օդաչու Ռաֆայել Գաբրիելյանի եւ իր որդու՝ կինոռեժիսոր Ստեփանի հետ հյուրընկալվեց նախնիների երկրում՝ Հայաստանում։ Եղավ Էջմիածնում, Սեւանում, Գառնիում, Դիլիջանում, Գյումրիում, Գորիսում, Ստեփանակերտում, նաեւ Բյուրականում։ Մի ամբողջ օր անցկացրեց Մարտիրոս Սարյանի արվեստանոցում, ուշադրությամբ դիտեց վրձնի կախարդական վարպետի գործերը, նկարեց նրան, ափսոսանք հայտնեց, որ ուշացած է լինում հարազատ երկրում, ջերմ, անկեղծ, աշխատասեր, հյուրասեր մարդկանց շրջանում։ «Անկեղծորեն հպարտանում եմ հայ ժողովրդի շնորհաշատ զավակներով, որոնք ցրված են աշխարհով մեկ եւ ամենուր բարիքներ են ստեղծում, բարի անուն վաստակում։ Հայաստանը իմ հարազատ երկիրն է, իմ պաշտամունքը,- մեկնելուց առաջ ասաց Կոնստանտին Կոնստանտինովիչը։ Վերադառնալով Մոսկվա, շքեղ ցուցահանդեսներ կազմակերպեց «Հայաստանի բնապատկերները եւ անվանի հայերը» թեմայով եւ արժանացավ պետական մրցանակի։ ԼԵՎՈՆ ԿԱՆՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել