«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ Է» ՓԱՍՏԱՐԿԸ ՊԱՏՐՎԱԿ Է Ինչո՞ւ են դռնփակ նիստ ուզում Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի միջանցքներում ասեղ գցելու տեղ չկար։ Սպասումների ալիքի մեջ զանազանվում էր 2 խումբ. մի մասը սպասում էր Մնաց Մարտիրոսյանի նախագահությամբ Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությանը, մի մասը (200-ից ավելի) «Կրեդիտ-Երեւան» բանկի այսօր արդեն խաբված ավանդատուներն էին, որոնք ընդդեմ բանկի քաղհայցով դիմել էին դատարան։ Հայցվորներ էին Միսակ Սաֆարյանը, Օնիկ Բալասանյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը։ Հայցվորներից մեկը՝ Արամայիս Սարգսյանը, երեկ ներկա չէր (200 ավանդատուները գումար չունեին փաստաբան հրավիրելու համար), «Կրեդիտ-Երեւանը» որպես պատասխանող լիազորել էր Հայաստան Մկրտչյանին։ Պատասխանող կողմ էր ճանաչվել եւ Կենտրոնական բանկը՝ հանձին իրավաբանական բաժնի պետ պրն Աղայանի։ Դատավոր Հ. Հովհաննիսյանը բացատրեց կողմերի իրավունքները։ Նա էլ նախապես հարցրեց նաեւ հաշտության եզրեր գտնելու մասին։ Հայցվոր կողմը հաշտությունը պատկերացնում էր իրենց գումարների վերադարձմամբ «Կրեդիտ-Երեւանի» կողմից եւ հանդես եկավ միջնորդությամբ, ըստ որի պահանջվում էր բանկի հաճախորդների ցուցակները (կամ՝ աղյուսակները)։ Պատասխանող կողմը առարկեց հայցին, իսկ միջնորդությունն աղյուսակների «մասով» թողեց, որքան էլ տարօրինակ է, դատարանի հայեցողությանը։ Այդ ընթացքում չէր հանդարտվում դահլիճը. – Փողերը կերել եք, ձեններդ դուրս չի՞ գալիս։ – Թող բարձր խոսեն։ – Գողերը գողացել են, ուղարկել են սրանց, որ արդարանան…- արձագանքում էին խաբվածները։ Դատարանը բավարարեց հայցվորների միջնորդությունը։ Պատասխանող կողմը միջնորդեց դատական նիստը անցկացնել դռնփակ, քանի որ ըստ նրանց, «կարող է բանկային գաղտնիքներ» հրապարակվել։ Հասկանալի է, որ ԿԲ-ն եւ «Կրեդիտ-Երեւանը», տեսնելով դահլիճային արդարացի տրամադրություններ, ձգտելու են դռնփակ նիստի եւ «բանկային գաղտնիքի» անվան տակ փորձելու են անցկացնել նույնիսկ «հաճախորդների վերաբերյալ» ցանկացած տեղեկությունն իսկ։ «Այդ տեղեկությունները հրապարակելու համար չեն,- ասում էին հայցվորները,- այլ մեր գումարների, որ մեզնից օրը ցերեկով գողացել եք»։ Դատարանը որոշեց նախ պահանջել պահանջվող ցուցակները եւ ապա անդրադառնալ գործը դռնփակ քննելու հարցին։ Ի դեպ, տարօրինակ էր, երբ դատավորը դիմեց «Կրեդիտ-Երեւանի» կողմից լիազորվածին, թե երբ կներկայացնի պահանջածը, նա հայտարարեց, թե «կոնկրետ իրավասություն» չունի ասելու»։ Այդ դեպքում ինչո՞ւ է լիազորվել նա. չենք կարող չհարցնել մենք։ Նիստից հետո զրուցեցի ավանդատուներից շատերի հետ։ Ներկայացնում եմ առանց խմբագրման։ Ավանդատու 1-ին. – Մեզ ասել են Կենտրոնական բանկից, որ 3000 խաբված ավանդատուներ կան, 10 մլն դոլարով։ – Ծանուցագրեր բոլորդ ստացե՞լ եք այս օրվա դատական նիստի համար։ Ավանդատու 2-րդ. – Բոլորս չենք ստացել։ Տվել ենք 4 հոգու։ Չորսն են մեզնից դիմել բոլորի անունից։ Քանի որ մենք գումար չունեինք, փաստաբան չկարողացանք վերցնել։ Հացի փող չունենք։ Ավանդատու 3-րդ. – Բանկը մեզ նախապես պիտի զգուշացներ, որ նման կացություն է ստեղծվել, որ բանկն անվճարունակ է։ Հունվարի 16-ին լրացավ ավանդիս ժամկետը։ Դեկտեմբերի 19-ից չգիտես ինչու սառեցրել էին տոկոսները եւ մինչեւ հիմա ոչ մի գումար ինձ չեն տվել, որ իմ գոյությունը պաշտպանեի։ – Պայմանագիր չե՞ք կնքել միմյանց հետ։ Ավանդատու 3-րդ. – Այս նոր պայմանագրում ոչ մի նոր պայման չկա։ Ուղղակի դա վերջնագիր է։ Այն է՝ ելք չունեք, պետք է մեկ տարով փողը թողնենք բանկում։ Լինում է, որ բանկը պարտավորվում է ուշացնելու դեպքում ամեն օրվա համար վճարել 0,1 %, իսկ երբ ավանդատուն ժամկետից շուտ իր ավանդը վերցնում է, նրանից պետք է պահեն ստացված տոկոսները։ Այսպես կոչված՝ պայմանագրում պայմաններ չկան։ Ավանդատու-4-րդ – Գումարները դրել են հաշմանդամներ, կենսաթոշակառուներ, գործազուրկներ։ Զրկել է բանկը նրանց ե՛ւ տոկոսից, ե՛ւ ավանդից։ Ոչ մի երաշխիք չի տրվում ավանդի վերադարձման ժամկետի։ Տարօրինակ է, որ ԿԲ նախագահը հայտարարություններ է անում բանկի սնանկացման մասին, ձեռի հետ էլ ասում, թե բանկը սնանկ չի, առողջացման պրոցեսում է։ Գոնե որոշակի գումար մեր ավանդներից կարո՞ղ են տալ։ – Որքա՞ն ավանդ եք դուք անձամբ դրել։ – 15 հազար դոլար, բնակարան եմ վաճառել, վարձով եմ ապրում։ Ինձ 500 դոլար անգամ չեն տվել, որ լույսիս վարձը մուծեմ… Ավանդատու 5-րդ Այսպես կոչված առողջացման ծրագիրը ոչ մի հավատ չի ներշնչում։ Հավանաբար, դա ի սկզբանե կազմված է եղել ինչ-որ նպատակներով։ Հունվարի 1-ի դրությամբ որոշ ավանդատուների տվեցին 500 դոլար։ Հետո հայտարարեցին, որ 1000 դոլար ունեցողը կստանա, մյուսները՝ չէ։ Եթե ինձ նման 1500 դոլար ունեցողը հունվարին չի ստացել, այսօրվա օրը ընտրություն չունի։ Եթե ես ժամանակին 500 դոլարը ստանայի, կարող էի ստանալ «շարունակությունը»՝ 1000 դոլարը… Ստացվել է, որ երկարաժամկետ ավանդ ունեցողը ոչ մի բան չի ստացել։ Մենք առաջարկում ենք մեր մայր գումարը թողնել, շրջապտույտի արագացման շնորհիվ հնարավորություն ստեղծել մեր գումարը ստանալ 6 ամսվա ընթացքում… Հիմա խնդրում ենք, գոնե պետականորեն երաշխավորված լինի, որ ԿԲ-ն հավատում է իր ծրագրին։ Ու դա հաստատված լինի կնիքով։ Ավանդատու 6-րդ – ԿԲ-ն գործարքի մեջ է մտել «Կրեդիտ-Երեւան» բանկի ղեկավարության հետ, չվերահսկելով նրան։ Մեր նախագահին ուղղված դիմումը ուղարկել են ետ՝ ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանի մոտ։ Ստացվում է՝ գողին բռնում են, գողին են տալիս տուժողի դատաստանը։ Ավանդատու 7-րդ – Ստացվել է, որ բանկիրը ոչ մի պատասխանատվություն չի կրել, իսկ ավանդատուն լրիվ կորցնում է փողը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ