Լրահոս
Օրվա լրահոսը

Փականի այս ու այն կողմում

Փետրվար 19,2002 00:00

Փականի այս ու այն կողմում Խորհրդային մենթալիտետից մնացած բան է, որ բնակիչը, քաղաքացին միայն սպառող եւ օգտագործող են, իսկ թող վճարի՝ ով ուզում է։ Վճարում էր հիմնականում պետությունը։ Երեւի շատ էր ուզում։ Կամ կարող էր։ Այսօր պետությունը եւ չի կարող, եւ չի ուզում վճարել իր քաղաքացու հեռախոսի, նրա օգտագործած վերելակի եւ հազար ու մի այլնի համար։ Եվ գուցե հենց այդ պատճառով է, որ մենք հիմա նկատում ենք, որ այդ ամենն ինչ-որ բան արժե։ Նկատում եւ հաճախ չենք հաշտվում այդ իրողության հետ։ Շատ պետական պաշտոնյաներ հաճախ մատնացույց են անում այնպիսի քաղաքացիների, որոնք գազը, հեռախոսը, երբեմն նաեւ՝ էլեկտրաէներգիան, ապրանք կամ ծառայություն չեն համարում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Այդ հետեւանքներից կարող են լինել պետական կառույցներից քաղաքացիների բազմաթիվ բողոք-դժգոհությունները։ Ամենեւին նպատակ չունենք պետական այդ օղակներին քաղաքացիներից պաշտպանել։ Քա՛վ լիցի, առանց դրա էլ մեր պետությունը իր պաշտոնյաների հետ միասին լա՜վ պաշտպանված են սեփական քաղաքացիներից։ Իսկ վերջիններիս՝ բողոքի ճիշտ հասցեատեր չունենալուն հաճախ նպաստում է օրենքներից եւ զանազան կարգերից անտեղյակությունը։ Արձագանքելով «Առավոտի» փետրվարի 12-ի համարում «Ձմեռվա խնդիրներ» հոդվածին՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Մաքրավան» մասնաճյուղի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանն իրական է համարում հոդվածում բերված փաստերը։ «2002թ. ձմռան աննախադեպ ցրտերի հետեւանքով Աբովյան քաղաքի որոշ բազմաբնակարանային շենքերի ընդհանուր սեփականություն հանդիսացող նկուղային հարկերը եւ դրանցում գտնվող ջրմուղ-կոյուղու կոմունիկացիաները ջեռուցման բացակայության պայմաններում ձմռանը չնախապատրաստելու, ջերմամեկուսացում չիրականացնելու հետեւանքով սառցակալել էին եւ մի քանի օր այդ շենքերի բնակչությունը զրկված էր խմելու ջրից»։ Վերոնշյալ պարբերության «ընդհանուր սեփականություն հանդիսացող» արտահայտությունը, կարելի է ասել, այս հարցում պատասխանատվության սուբյեկտին բացահայտող բանալին է։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով եւ «Համատիրության մասին» ՀՀ օրենքով, բազմաբնակարանային շենքերի տների ներսում եւ նկուղային հարկերում գտնվող ջրմուղ-կոյուղու կոմունիկացիները համարվում են շենքի ընդհանուր սեփականությունը։ Մասնավորապես «Համատիրությունների մասին» օրենքը ընդհանուր օգտագործման գույք (սարքավորում) հռչակում է «շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր սեփականություն հանդիսացող եւ նրանց համատեղ օգտագործման համար ծառայող գույքը»։ Որպիսիք են «վերելակները, պոմպերը, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, աղբահեռացման եւ նմանատիպ այլ ինժեներական համակարգերը…, որոնք գտնվում են բնակելի եւ ոչ բնակելի շինություններից դուրս կամ գտնվելով բնակելի եւ ոչ բնակելի շինություններից ներս, ծառայում են ընդհանուր նպատակների համար»։ Նույն օրենքը համատիրությունների խնդիրներն է համարում ընդհանուր սեփականության կառավարումը, պահպանումը, շահագործումը, նորոգումը եւ սպասարկումը իրականացնելը, շենքերի շահագործման, տեխնիկական, սանիտարական եւ հակահրդեհային կանոնների ապահովումը։ Օրենքների չոր լեզվից փոխադրելով սա նշանակում է, որ շենքովի օգտագործվող վերելակները, պոմպերը, զանազան խողովաները մաքրել, վերանորոգել, շահագործմանը հետեւել՝ պարտավոր է համատիրությունը։ Իսկ կոնկրետ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի առնչությամբ որոշում 1999թ. մարտին կայացրել է նաեւ ՀՀ կառավարությունը։ Ըստ դրա, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը շահագործող (ՋՋՇ) կազմակերպության եւ աբոնենտի միջեւ սահմանվում են ցանցերի եւ կառուցվածքների շահագործման պատասխանատվության սահմանները. «Բոլոր աբոնենտների ջրամատակարարման ներքին ցանցերի մուտքագծերը, սկսած արտաքին ցանցին միացման հորում տեղադրված փականից, աբոնենտի սեփականությունն են եւ շահագործվում են նրա կողմից, իսկ փականը եւ փականից առաջ՝ պետական (համայնքային) սեփականություն են եւ շահագործվում են ՋՋՇ կազմակերպության կողմից»։ Աբոնենտի սեփականությունն են եւ նրա կողմից էլ ենթակա շահագործման՝ ջրահեռացման ներքին ցանցերը, կառուցվածքները եւ սարքավորումները մինչեւ դրանց միացումը ջրահեռացման արտաքին ցանցին (մինչեւ ստուգիչ հոր)։ Դրանից հետոն դարձյալ ՋՋՇ-ի գործունեության ոլորտն է։ Աբոնենտի կողմից իր պարտավորությունների կատարման ապահովումը կառավարությունը դնում է շենքի սեփականատերերի կամ նրանց կողմից լիազորված մարմնի (համատիրություն, կոոպերատիվի վարչություն եւ այլն) վրա։ «Մաքրավանի» տնօրենը հավաստիացնում է, որ չնայած այս ամենին, «անհրաժեշտության դեպքում ջրմուղ-կոյուղու ծառայությունը մշտապես ցուցաբերում է տեխնիկական մասնագիտական օգնություն, որոշակի դեպքերում կատարվել են նաեւ վերանորոգման աշխատանքներ, սակայն սա չպետք է դիտվի որպես պարտականությունների կատարում»։ Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել