Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵՑ

Փետրվար 19,2002 00:00

ԽՈՍՏՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵՑ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին (պատճենը՝ «Առավոտ» օրաթերթին) Պարոն նախագահ, մեր խնդրանքն է Ձեզ, որ այս դիմումը մեր մյուս դիմումների պես չուղարկեք Կենտրոնական բանկ, որտեղ, ցավոք, բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի կողմից բոլոր դիմումները պարզապես արժանանում են արհամարհանքի եւ ամեն ինչ մնում է առանց հետեւանքի։ Մի քանի հարյուր ավանդատուների ստորագրությամբ մենք դիմում էինք գրել Ձեզ, իսկ երբ Ձեր աշխատակազմից մեզ տված հունվարի 22-ի թիվ 4-0265 գրությամբ գնացինք Կենտրոնական բանկ եւ վերջապես հանդիպեցինք բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին, նա բանավոր հավաստիացրեց, որ մեկ տարի հետո մենք ետ կստանանք «Կրեդիտ-Երեւանին» տրված մեր ավանդները։ Այժմ բանկի ժամանակավոր ադմինիստրացիան մեզ առաջարկում է կնքել պայմանագրեր, որտեղ նշված է, որ մեկ տարով կնքվող պայմանագրերի ժամկետը լրանալուց հետո 1000-ից մինչեւ 20.000 ԱՄՆ դոլար ավանդները ետ կտրվեն բանկային երեք օրվա ընթացքում։ Իսկ երբ ս/թ փետրվարի 8-ին, ժամը 3-ին Տ. Սարգսյանի հետ երկրորդ հանդիպման ժամանակ խնդրեցինք նրան գրավոր հաստատել այս եւ իր բանավոր ասածը (որ բացառվում է մեր ավանդների կորուստը եւ դրանց վերադարձը կսկսվի պայմանագրերի կնքումից մեկ տարի անց), նա խոստացավ մեզ տալ նման գրություն իր ստորագրությամբ եւ Կենտրոնական բանկի կնիքով հաստատված, սակայն երեք օր հետո, փետրվարի 11-ին՝ երկուշաբթի օրը, դրանից հրաժարվեց։ Այնուհետեւ մեզ հրամցվեց մի անստորագիր հայտարարություն, որի տակ մեքենագրված էր «ՀՀ ԿԲ մամուլի քարտուղարություն» եւ այն էլ ոչ թե բանկի բլանկի, այլ սովորական մեքենագրական թղթի վրա, առանց կնիքի։ Երբ բողոքեցինք, այդ թղթի տակ դրվեց «փաստաթղթերի շրջանառության բաժնի» մի կնիք, ինչ-որ ստորագրություն՝ առանց ստորագրողի անուն-ազգանվան նշման։ Այն ավարտվում է այսպես. «Նոր պայմանագրերի ժամկետը լրանալուց հետո ցանկացած պահի, անհապաղ, ամբողջ ծավալով ավանդատուները կարող են հետ ստանալ իրենց գումարները»։ Եթե մեզ հետ կնքվող պայմանագրերը օրինական են, եթե Կենտրոնական բանկի այս «հայտարարությունը» ճիշտ է, ինչո՞ւ է Կենտրոնական բանկի նախագահը հրաժարվում գրավոր հաստատել վերը շարադրվածը եւ դա այն դեպքում, երբ «Կրեդիտ-Երեւան» բանկը վերցված է հենց Կենտրոնական բանկի խնամակալության տակ։ Պարո՛ն նախագահ, ավանդատուներից շատերը հիվանդ են, տարիքն առած, թոշակառուներ։ Մի՞թե Ձեզ համար արժեք չունի մի քանի հազարի հասնող մարդկանց տառապանքը։ Մենք կորցնում ենք ոչ միայն կոպեկ առ կոպեկ հավաքած գումարները, այլեւ մեր առողջությունը, կյանքը եւ հավատը Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ առաջին հերթին Ձեր նկատմամբ։ Խնդրում ենք անձամբ միջամտել եւ վերականգնել մեր հավատը։ «Կրեդիտ-Երեւան» բանկի ավանդատուներ «Առավոտը» հեռու է այն մտքից, թե ԿԲ նախագահն անձամբ պետք է պատասխանի բոլոր նամակներին, դիմումներին, բայց այս կառույցում նամակներ ընդունելու եւ դրանց պատասխանելու հետաքրքիր կարգ է գործում։ Կամ, ավելի ճիշտ՝ անկարգություն է տիրում։ Խմբագրությունում մի փաստաթուղթ (բնօրինակը) է առկա, որը դիմումատուին է վերադարձվել առանց պատասխանելու, որովհետեւ ինչ-որ բան իրենց դուր չի եկել։ Դիմումը, ընդ որում, վերադարձվել է մուտք արվելուց հետո։ Իսկ մուտքի կնիքը բավականին անփույթ կերպով է ջնջված։ Փաստաթղթաշրջանառության մակարդակը, փաստորեն, համապատասխանում է համակարգի վիճակին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել