Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՏ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ

Փետրվար 19,2002 00:00

ՎԱՏ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ ԱԺ օրակարգում կան հարցեր, որոնք արդեն 2-3 տարի է, եռօրյա նիստից նիստ են տեղափոխվում։ Մեկ օրինակ՝ 1999 թ. հոկտեմբերի 4-ից «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները փորձում են գլխավոր դատախազին հրավիրել խորհրդարան, դատախազության գործունեության մասին հաշվետվություն լսելու համար։ Այս ընթացքում արդեն 3 գլխավոր դատախազ է փոխվել, 3 տարվա հաշվետվություն կարելի էր լսել, բայց այս նախաձեռնության քննարկման հերթն այդպես էլ չի հասնում։ Երեկ նման մի «մորուքավոր» նախաձեռնության մասին հիշեց Հմայակ Հովհաննիսյանը, որին հետաքրքրում էր, թե ինչու այդպես էլ չի քննարկվում 2000 թ. հունիսի 30-ին Հայկ Բաբուխանյանի ներկայացրած նախաձեռնությունը՝ 1995 թ. խորհրդարանական եւ 1996 թ. նախագահական ընտրություններում «զանգվածային խախտումներն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը պարզաբանեց, թե օրակարգը ծանրաբեռնված է առավել այժմեական խնդիրներով։ Իսկ Հմայակ Հովհաննիսյանն, ապացուցելու համար, որ 1995-1996-ի ընտրությունների հարցն էլ է հրատապ, նշեց, թե դրանց առնչությամբ դատախազությունը քննություն է սկսել եւ արդեն իսկ հարցաքննության հրավիրել, մասնավորապես, Շավարշ Քոչարյանին։ Վերջինս հերքեց, թե դատախազությունն իրեն հարցեր է տվել այդ ընտրությունների վերաբերյալ։ Սակայն Հմայակ Հովհաննիսյանն էլ է պատկանում այն գործիչների դասին, որոնց իներցիան կամ նախասիրությունը դրդում է միշտ խոսել բացառապես նախկին իշխանությունների օրոք կատարվածի մասին։ Տեսնելով, որ դատախազությունում սկսված գործընթացների հետ զուգահեռ ընթանալու փաստարկը չգործեց, պրն Հովհաննիսյանը մեկ այլ հիմնավորում վկայակոչեց. «Ինչպե՞ս մենք պետք է գնանք հանրաքվեի, եթե գնահատական չենք տվել այն հանրաքվեին, որն 1995-ին անցկացվեց լուրջ խախտումներով»։ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, եթե ստեղծվելիք հանձնաժողովը կարողանար բացառել 1995-ի խախտումների պատճառները, դրանով իսկ կբացառվեր առաջիկա հանրաքվեի ընթացքում նման իրավիճակի կրկնությունը։ Սակայն, նախ, առանց որեւէ հանձնաժողովի էլ հայտնի են պատճառները, որոնք իշխանություններին դրդում են դիմել ընտրական խախտումների։ Եվ հետո, չլիներ վերոհիշյալ իներցիան կամ նախընտրությունը, թերեւս, պրն Հովհաննիսյանն էլ նկատեր, որ 1995-ի իրավիճակն արդեն իսկ կրկնվել է՝ ե՛ւ Սահմանադրության 2-րդ տարբերակը բացառելու, ե՛ւ բազմաթիվ այլ առումներով։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել