Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը մտահոգված է իր իշխանությամբ

Փետրվար 19,2002 00:00

Նախագահը մտահոգված է իր իշխանությամբ «Ժողովրդավարական Սահմանադրություն» համագործակցությունը, վերլուծելով ՀՀ նախագահի վերջին ելույթները եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում քննարկումների ընթացքը, համոզված է, որ այս փուլում ԱԺ-ն Ռ. Քոչարյանի թելադրանքով փորձելու է տապալել Սահմանադրության խորհրդարանական համակարգ նախատեսող նախագիծը։ Կլանների եւ կոռուպցիայի վրա հիմնված վարչախումբը այս հարցում հստակ կողմնորոշված է։ Սա ավելի է խորացնում մեր համոզմունքը, որ կիսանախագահական համակարգը Հայաստանի համար այլեւս ընդունելի չէ։ Դեռեւս երկու ամիս առաջ ՀՀ նախագահը վստահությամբ հայտարարեց, որ չկա Սահմանադրության այլ տարբերակ, խոստանալով անցկացնել իր «բարեփոխված» նախագիծը։ Այսօր, գիտակցելով, որ տարբերակը մերժվելու է ժողովրդի կողմից, Ռ. Քոչարյանն առաջարկում է առնվազն, մինչեւ նախագահական ընտրությունները հետաձգել սահմանադրական հանրաքվեն, արդարանալով, թե այն չանցնելու դեպքում, ինքը ընտրությունների կգնա իբրեւ պարտված նախագահ։ Փաստորեն գործող նախագահը մտահոգված է ոչ թե երկրի կառավարման համակարգի իրական բարեփոխումներով, Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմամբ, այլ սեփական անվերահսկելի իշխանությունը երկարաձգելու եւ այն սահմանադրորեն երաշխավորելու խնդրով։ Նախագահն իր վերջին ելույթում փաստորեն ընդունեց Սահմանադրության խորհրդարանական տարբերակի առկայությունը, արձանագրեց իր պարտությունը եւ վարչախմբի անկարողությունը՝ հասարակությանն իր կողմից ներկայացված փոփոխությունների փաթեթը պարտադրելու գործում։ Ակնհայտ է, որ ՀՀ նախագահը հետեւողականորեն փորձում է վիժեցնել Սահմանադրության այլընտրանքային տարբերակը հանրաքվեի դնելու հարցը։ Մյուս կողմից Ռ. Քոչարյանը փորձում է ժողովրդին զրկել հանրաքվեի սահմանադրական իրավունքից, փաստորեն կրկնելով 1995 թ. տխրահռչակ նախադեպը, երբ սահմանադրական հանրաքվեն զուգակցվեց ԱԺ ընտրությունների հետ։ Այս ամենն ուղեկցվում է խորացող լրատվական շրջափակմամբ։ Գյուղական շրջանների բնակչությունը Հանրային հեռուստատեսության ապատեղեկատվության պատճառով ընդհանրապես չի ստանում որեւէ ճշմարտացի քաղաքական լրատվություն։ «Ժողովրդավարական Սահմանադրություն» համագործակցությունը, անկախ այս փուլում Ազգային ժողովում միասնական տարբերակի քննարկման արդյունքներից, հետամուտ է լինելու Սահմանադրության խորհրդարանական տարբերակը հանրաքվեի ներկայացնելուն եւ համոզված է, որ սահմանադրական գործընթացը իշխանության իրական տիրոջից՝ ժողովրդից օտարելու փորձերը դատապարտված են։ Կոչ ենք անում մեր ժողովրդին տուրք չտալ Ռ. Քոչարյանի կամայականություններին, համախմբվել երկրում արդյունավետ կառավարման համակարգ ձեւավորելու գաղափարի շուրջ եւ նպաստել իրական ժողովրդավարության հաստատմանը հանրապետությունում։ ԱԺԿ, ՀԴԿ, ՀԿԿ, ՍԻՄ, «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել