Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք ամիս մտածելու համար

Փետրվար 19,2002 00:00

Երեք ամիս մտածելու համար Թվում էր՝ «Օրինաց երկիրը» գտել է ելքը, որը թույլ կտար ե՛ւ արժանի պատժին արժանացնել պետության վրա ձեռք բարձրացրած հանցագործներին, ե՛ւ չվտանգել Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունը։ Հիշեցնենք, որ «ՕԵ»-ն առաջարկել է Սահմանադրության՝ նախագահի առաջարկած խմբագրության մեջ 15-րդ հոդվածում, այն է՝ «ՀՀ-ում մահապատիժն արգելված է՝ բացառությամբ պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում՝ օրենքի հիման վրա», ավելացնել հետեւյալ արտահայտությունը, թե մահապատիժ կարող է կիրառվել նաեւ «ահաբեկչություն իրականացնելու ճանապարհով իշխանությունը բռնազավթելու, սահմանադրական կարգն ահաբեկչության միջոցով տապալելու» փորձի պարագայում։ Սեպտեմբերի 11-ից հետո ուժգնացած հակաահաբեկչական տրամադրությունները բարեբեր հիմք կարող էին լինել, որ այս առաջարկն ընդունելի լիներ։ Սակայն այդպե՞ս է իրոք՝ մեր խնդրանքով պարզաբանում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, ու նաեւ՝ Եվրախորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը. «Հնարավոր բոլոր տարբերակներով մենք այս խնդիրն արծարծել ենք Եվրախորհրդում, որպեսզի իսկապես առանձնահատուկ դիրքորոշում ցուցաբերվի «Հոկտեմբերի 27»-ի առումով։ Եվ եթե, իհարկե, այդպիսի հնարավորություն ընձեռեր ԵԽ-ն՝ մենք կկառչեինք դրանից, որ վերապահում արվի ահաբեկչական գործողությունների մասնակիցների համար։ Մանավանդ որ՝ կար նաեւ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ստեղծված ֆոնը, որը, կարծես թե, լրացուցիչ հնարավորություն ընձեռեց ենթադրելու, թե Եվրախորհուրդը կարող է եւ փոխել իր տեսակետը։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Եվրախորհուրդը չի՛ փոխել իր տեսակետը՝ անկախ սեպտեմբերի 11-ից։ Ընդհակառակն՝ դեռ Կոնվենցիայի 13-րդ արձանագրությունը վերացնելու հարցն է այժմ շրջանառության մեջ. անգամ պատերազմի ժամանակ մահապատիժն արտոնելու վերապահումը վերացնելու գործընթաց են սկսել։ Իհարկե, դա դեռ չի հասել իր տրամաբանական ավարտին։ Ուղղակի ԵԽ ԽՎ վերջին նստաշրջանում մի մեծ քննարկում եղավ, երբ հարց արծարծվեց, որ հակաահաբեկչական պայքարը չպետք է հանգեցնի մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների ոտնահարմանը, որոնք որդեգրել է Եվրոպան։ Այսինքն՝ «ահաբեկչություն իրականացնելու ճանապարհով իշխանությունը բռնազավթելու» վերապահում ո՛չ 6-րդ արձանագրությունը, ո՛չ եղած Կոնվենցիան թույլ չեն տալիս։ Միակ վերապահումը պատերազմը կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքն է։ Եվ չեմ կարծում, թե Եվրախորհրդում հնարավոր կլինի անցկացնել այդ վերապահումը։ Մեր խնդիրն էլի մնում է ծանրութեթեւ անելը, հասկանալը՝ ի՞նչ ենք ստանում, ի՞նչ ենք կորցնում՝ կատարելով կամ չկատարելով մեր պարտավորությունները։ Մտածելու համար մեզ մնացել է ընդամենը 3 ամիս»։ Ծանրութեթեւ անելիս արժեր փորձել պատասխանել այն հարցադրմանը, որն արծարծել էր «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունում մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի 39 նահանգներում կիրառվում է մահապատիժ՝ «Էս ո՞նց եղավ, որ Հայաստան երկրում միանգամից ԱՄՆ-ից էլ դեմոկրատացանք»։ Իսկ խորհրդարանը շուտով կվավերացնի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան, բայց առանց 6-րդ արձանագրության։ Մահապատժի արգելմանը վերաբերող այդ արձանագրությունն ԱԺ կներկայացվի Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխության հետ մեկ փաթեթով։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել