Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ`ԱՌԱՎԵԼ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ

Փետրվար 19,2002 00:00

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ`ԱՌԱՎԵԼ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՓՈՒԼՈՒՄ Պողոս Պողոսյանի սպանության առիթով հարուցված քրգործի դատական նիստը երեկ վերսկսվեց։ Տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանը վերջին նիստին ընդմիջում էր խնդրել՝ Ստեֆան Նյուտոնին գտնելու եւ որպես վկա դատարան հրավիրելու համար։ Հիշեցնենք, որ ո՛չ նախաքննության մարմինը, ո՛չ էլ Կենտրոն, Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը իրենց պարտականությունները այս մասով չէին կատարել։ Անդրանիկ Պողոսյանին չէր հաջողվել գտնել Ստեֆան Նյուտոնին, սակայն մինչ երեկվա դատավարությունը մամուլում («Առավոտ» օրաթերթում) հրապարակվել էր Նյուտոնի նամակ-ցուցմունքը։ Երեկ Անդրանիկ Պողոսյանը հայտարարություն արեց, որով փորձեց պարզել, թե ինչո՞ւ Ստեֆան Նյուտոնի՝ Երեւանում գտնվելու օրերին, դատախազությունը չի փորձել գտնել եւ հարցաքննել վերջինիս։ Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը իր հերթին միջնորդություն արեց հետեւյալի մասին. «Ես ստացել եմ իրավապաշտպան մի կազմակերպությունից հեռախոսազանգ, որը տեղեկացրել է, որ Նյուտոնը գործի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները գրավոր կուղարկի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն։ Այսօր առավոտյան մինչ դատարան մեկնելը մեզ տեղեկացրին, որ նամակը ստացվել է, եւ կարող ենք գնալ եւ ստանալ։ Նամակն անգլերեն լեզվով է, վավերացված է հյուպատոսական մարմինների կողմից։ Բովանդակությանը ես տեղյակ չեմ, այդ պատճառով միջնորդում եմ տրամադրել 3 օր, որպեսզի ստանանք նամակը, թարգմանենք եւ, ըստ նամակի բովանդակության, նախապատրաստենք համապատասխան միջնորդություն։ Միջնորդությունը կախված կլինի նամակի բովանդակությունից»։ Տուժող կողմի ներկայացուցչի միջնորդությանը մեղադրող կողմը չառարկեց, վճիռը թողնելով դատարանի հայեցողությանը։ Փոխարենը՝ Աղամալ Հարությունյանի շահերի ներկայացուցիչ պրն Յանիկյանը առաջարկեց մերժել միջնորդությունը։ Պրն Յանիկյանի փաստարկը հետեւյալն էր. «Քրդատավարության օրենքի 104 հոդվածի 3-րդ մասում ասված է, որ քրդատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել սույն օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ։ Թող ինձ կողմը բացատրի, թե այդ փաստաթուղթը ինչքանով է համապատասխանում դրան, եւ մենք ստիպված ենք երեք օր էլ հերթական հետաձգենք, կարծեք 18 օրը քիչ էր։ Ես գտնում եմ, որ չպետք է բավարարել միջնորդությունը»։ Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակիորեն՝ ժամկետ տալով մինչեւ հաջորդ օրը (այսինքն՝ մինչեւ այսօր ժամը 15-ը)։ Բոլորովին զարմանալի չէ, երբ նույն օրենքը երկու մասնագետ տարբեր են մեկնաբանում։ Հակոբ Պարոնյանը ճիշտ է նաեւ այսօր, եւ ակնհայտ է, որ յուրաքանչյուր օրենք իր հակաօրենքն ունի։ Ահավասիկ մեկ այլ փաստաբանի՝ Ռուբեն Սահակյանի մեկնաբանությունը հետեւյալն է. «104 հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետում նշվում է, որ ապացույցների շարքին են պատկանում նաեւ այլ փաստաթղթեր։ Քրդատօրենսգրքի 122 հոդվածում ասվում է, որ փաստաթուղթ է թվային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ գրիչի վրա բառային, թվային, գծագրային կամ այլ նշանային ձեւով արված ցանկացած գրառում, որով կարող են հաստատվել քրգործի համար նշանակություն ունեցող տվյալները։ Նույն հոդվածի 3-րդ մասում ասվում է՝ այլ փաստաթղթերն ապացույց են ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ»։ Ստեֆան Նյուտոնին դատարան հրավիրելու անհրաժեշտություն կլինի՞ նամակն ուսումնասիրելուց հետո։ Ըստ փաստաբան Սահակյանի. «476 հոդվածում ասվում է, որ վկային կարելի է հրավիրել, հարցաքննել, երկրորդ մասում ասվում է, որ կանչվող անձի ներկայանալու մասին խնդրանքն ուղարկվում է սույն օրենսգրքի 474 հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով։ Իսկ այդ հոդվածի առաջին մասով նախատեսված է, որ օտարերկրյա պետության տարածքում հարցաքննության, զննության եւ այլ գործողություններ կատարելու համար, անհրաժեշտության մասին, դատախազը, դատարանը, հետաքննության մարմինը դրանց կատարումը հանձնարարում են օտարերկրյա պետության համապատասխան մարմիններին՝ իրավական օգնության մասին միջազգային պայմանագրի առկայության դեպքում»։ Պրն Սահակյանը գտնում է, որ եթե Հայաստանը Մեծ Բրիտանիայի հետ չունի նման պայմանագիր, կարող է նաեւ առանց դրանց դիմել այդ երկրին։ Ավելի ուշ արդարադատության նախարարից ճշտեցինք, որ Մեծ Բրիտանիայի հետ նման համաձայնագիր չունի։ Երեկվա դատական նիստից պարզ էր, որ ամբաստանյալի շահերի ներկայացուցիչը խիստ նյարդային էր եւ դյուրաբորբոք։ Ի՞նչը կարող էր վերջինիս այդ վիճակին հասցնել։ Ակնհայտ է, որ Ստեֆան Նյուտոնի նամակում խիստ ուղղակի են ներկայացված փաստերը, եւ ոմանց այն կասկածները, նաեւ մեր, թե Աղամալ Հարությունյանին պարզապես «սխոդկան» է որոշել «ժերտվա» տալ, իրականությանն այնքան էլ մոտ չէ։ Ըստ էության, Ստեֆան Նյուտոնը հենց «Կուկուին» է տեսել եւ վերջինիս է հիշում, որպես Պողոս Պողոսյանի սպանության եւ Ստեփան Նալբանդյանի ծեծի հիմնական կատարող։ Ընդհանրապես, ընթացող դատավարություններից երկուսը (ե՛ւ Պողոս Պողոսյանի գործով, ե՛ւ «Հոկտեմբերի 27»-ի) լարված շրջան են թեւակոխել։ Մի դեպքում՝ առավել նյարդային է դարձել ամբաստանյալի փաստաբանը, հաջորդ դեպքում՝ ամբաստանյալները։ Փոխարենը՝ բավականին հանգիստ է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը եւս սպանության օրը եղել է «Պապլավոկում»։ Վերջինիս մասին Ստեֆան Նյուտոնը եւս հիշատակել է իր գրավոր վկայության մեջ. «Ես սկսեցի բղավել. «Դուք ջազ եք լսում, իսկ այստեղ մարդ են սպանում», հույս ունենալով, որ ներկա մարդիկ, արդարադատության նախարարը ներառյալ, հետամուտ կլինեն, որ արդարություն կհաստատվի»։ Ներկա մարդիկ շարունակում են լռել։ Երեկ մենք փորձեցինք Դավիթ Հարությունյանից որոշ հարցերի պատասխաններ ստանալ։ Արդարադատության նախարարը ոչ էլ ծանոթ էր Ստեֆան Նյուտոնի գրավոր վկայությանը, սակայն ասաց նաեւ, որ եթե կա այնպիսի ինֆորմացիա, որն ինքը կարող է տրամադրել եւ որը կօգնի դատարանին, ինքը կանի այդ բանը. «Ցավոք, իմ ամբողջ իմացածը սահմանափակվում է շատ փոքրիկ մի դրվագով, որի մասին ասել եմ դեռ դեպքի հաջորդ օրը։ Որեւէ այլ բանով, կարծում եմ, իմ վկայությունը չի կարող օգտակար լինել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել