Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԴՐՍՈՒՄ Է

Փետրվար 19,2002 00:00

«ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԴՐՍՈՒՄ Է Դա չի հերքում կուսակցության նախագահը Մեր այն հարցին ի պատասխան, թե ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ա.Դրյուկովի եւ հայաստանյան քաղաքական ուժերի՝ մասնավորապես «Հզոր Հայրենիքի» հետ տեղի ունեցած հանդիպումները կապվա՞ծ են Հայաստանում սպասվող ընտրությունների հետ, կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը նկատեց. «Հնարավոր է: Նախընտրական տարին սկսվել է, եւ բոլորն են ուզում հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում: Այդ իմաստով կուսակցության անելիքները կարող են որոշակի հետաքրքրություն ներկայացնել»: Կուսակցության նախագահը չթաքցրեց, որ «Հզոր Հայրենիքը» մասնակցելու է առաջիկա ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրություններին. «Այդ նպատակով առաջիկայում համագումար ենք հրավիրելու՝ մեր անելիքները ճշտելու համար»: Այդ կուսակցությունը, որ ստեղծվել էր 99-ի խորհրդարանական ընտրություններից առժամանակ առաջ եւ հասցրել էր մասնակցել դրանց, արդեն շուրջ 3 տարի որեւէ ակտիվ դերակատարում չի ունեցել ՀՀ ներքաղաքական կյանքում: Եվ ահա նոր նախընտրական շրջանը «Հզոր Հայրենիքին» կրկին ակտիվացման նշաններ է հաղորդել: Կուսակցության գործունեության համար նման մարտավարությունն, իհարկե, փոքր-ինչ տարօրինակ է թվում: Բայց պարոն Վարդապետյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ «Հզոր Հայրենիքը» հայրենիքում գլուխ ջարդելու կարիք այնքան էլ չունի, որովհետեւ նա գործող կուսակցությունների թվում այն միակն է, որի գործունեության հիմնական շեշտադրումն ուղղված է նախկին ԽՍՀՄ, այսօր՝ ԱՊՀ տարածքում ապրող կամ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին: Այսպես, Վ.Վարդապետյանն ասաց, որ պրն Դրյուկովի հետ հանդիպման ժամանակ քննարկման առարկա են դարձել նաեւ այդ երկրում ապրող մեր հայրենակիցների հիմնախնդիրները. «Մենք ամենաշատն ենք զբաղվում ԱՊՀ-ում ապրող հայ համայնքների խնդիրներով: ԱՊՀ տարածքում հայկական համայնքներում «շիլաշփոթ» վիճակ է, մարդիկ կտրված են հայրենիքից, շատերը պարզապես տեղում գրանցում, աշխատանք չունեն, բանակի խնդիր ունեն: Լուրջ խնդիր է առաջացել նաեւ Հայաստանից մեկնած եւ տեղի հնաբնակ հայերի միջեւ: Այդ հիմնախնդիրները պետական մակարդակով պետք է լուծվեն՝ օրենսդրության շրջանակներում: Կուսակցությունը պարզապես օգնում է այդ հարցերը իշխանություններին հասցնելու համար: Մենք փորձում ենք աջակցել հայ համայնքի եւ Հայաստանի միջեւ մշակութային, գիտական կապերի ամրապնդմանը: Փորձում ենք նրանց իրազեկել, ծանոթացնել Հայաստանում տիրող քաղաքական վիճակին: Անգամ Ստավրոպոլում, Կրասնոդարում պայմանավորվել ենք փորձել տեղական հեռուստատեսություն բացել: Մենք նրանց նյութեր ուղարկենք, որպեսզի վիճակը պատկերացնեն: Կուսակցության գաղափարախոսության կարեւորագույն կետը պետականության շուրջ հայության համախմբումն է»: Անշուշտ, սա կարեւորագույն խնդիր է, որը կուսակցության համար, թերեւս, նաեւ որոշակի եւ էական մարտավարական ենթատեքստ ունի հատկապես Հայաստանում ընտրությունների մասնակցելու իմաստով: Եթե հաշվի առնենք, թե ՀՀ քաղաքացիների որքան մասն է արտագնա աշխատանքի կամ ժամանակավոր բնակության մեկնել ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան եւ Ուկրաինա՝ ունենալով Հայաստանում ընտրությունների մասնակցելու իրավունք, պարզ կլինի, թե նրանց հետ ակտիվ աշխատանքի արդյունքում «Հզոր Հայրենիքի» պոտենցիալ ընտրազանգվածը որքան մեծ կարող է լինել: Գուցե, ավելի մեծ, քան մյուս կուսակցությունների: Ամեն դեպքում, մեր այն հարցին, թե արդյոք ԱՊՀ տարածքի հայ համայնքը կուսակցությունը համարո՞ւմ է իր պոտենցիալ ընտրազանգվածը, պրն Վարդապետյանը խոստովանեց. «Իհարկե, համարում ենք մեր ընտրազանգվածը: Դա բնական է, բայց կարեւորը ոչ թե ընտրազանգված ունենալն է, այլ՝ հայ համայնքի գոյատեւման, նրա աշխատանքի իրավունքի, գրանցման հիմնահարցերը լուծելն է»: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Ա.Դրյուկովի եւ «Հզոր Հայրենիքի» ներկայացուցիչների հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Ջավախքի եւ այնտեղ բնակվող հայ համայնքի հիմնախնդիրներին: Առաջին հայացքից տարօրինակ է, երբ, թվում է, ավելի շուտ հայ-վրացական հարաբերություններին առնչվող խնդիրները քննարկման առարկա են դարձել ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Ավելի կոնկրետ խոսքը վերաբերել է Ջավախքում տեղակայված ռուսական ռազմաբազաների ճակատագրին: «Ամենակարեւորը Ջավախքի խնդիրն է, որտեղ ապրում է մոտ 120 հազար հայ: Այնտեղ տեղակայված են ռուսական զորքեր, որոնք ջավախահայության համար անվտանգության երաշխիք են: Դա շատ կարեւոր է առավել եւս, որ Թուրքիայի հետ Վրաստանի սահմանը Ջավախքի հատվածում Թուրքիայի կողմից միակողմանի է պաշտպանվում: Բացի այդ, ռազմաբազաների առկայությունը նաեւ աշխատատեղ է տեղի բնակչության համար: Բազաների դուրսբերմամբ մարդիկ կարող են հայտնվել անորոշության մեջ: Հանդիպման ժամանակ Դրյուկովը նշեց, որ Վրաստանի հետ կա պայմանավորվածություն՝ եւս 15 տարի այնտեղից ռուսական բազաները դուրս չբերելու մասին»,- նշեց Վ.Վարդապետյանը: Նա միաժամանակ նշեց, որ Վրաստանի իշխանությունները վերջին շրջանում ավելի մեծ ուշադրություն են դարձնում Ջավախքի խնդիրներին: «Կոնկրետ քայլեր դեռեւս չկան, բայց այդ միտումը կա եւ պայմանավորված է նրանով, որ դա, այսպես ասած, պայթյունավտանգ տեղ է, որտեղ սոցիալական խնդիրները կարող են վերաճել քաղաքականի»,- նշեց Վ.Վարդապետյանը՝ միաժամանակ նշելով, որ Ջավախքում լուրջ անելիքներ կան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել