Լրահոս
Օրվա լրահոսը

Հիտլերը՝ մա՞րդ

Փետրվար 16,2002 00:00

Հիտլերը՝ մա՞րդ Բեռլինյան կինոփառատոնում հանդիսատեսին է ներկայացվել «Մեռյալ անկյունում» փաստագրական ժապավենը, որը Հիտլերի քարտուղարուհու հուշերի էկրանավորումն է Ֆաշիստական Գերմանիայի եւ նրա առաջնորդի մասին: «Այս ֆիլմն ինձ ազատեց իմ կյանքի գաղտնիքից։ Կարծում եմ սրանից հետո կկարողանամ ինքս ինձ ներել»,- հայտարարել է 81-ամյա Թրաուլդ Յունգեն, ով 1942-45թթ. եղել է Հիտլերի քարտուղարուհին։ Նա վայելել է ֆյուրերի վստահությունը եւ գտնվել է նրա մերձավորագույն շրջապատում: Միակ ասպարեզը, որին Յունգեն չի իրազեկվել, Ռայխստագի ռազմա-քաղաքական ծրագրերն էին: Խտրականության պատճառը թերեւս կին լինելու հանգամանքն էր, որովհետեւ այդ ծրագրերը անմատչելի էին նաեւ մեկ այլ կնոջ՝ Եվա Բրաունի համար /ֆյուրերի լեգենդար սիրուհին/: Յունգեն գաղտնի ապաստարանում է եղել Հիտլերի ինքնասպանության ժամանակ եւ ինքն է գրի առել նրա վերջին կամքը: 90 րոպե տեւող իր մենախոսությունում Թրաուլդ Յունգեն Հիտլերին հիշում է իբրեւ միանգամայն պարկեշտ եւ բարեկիրթ անձնավորություն, ում հետ հարաբերությունները հոգեհարազատության երանգ ունեին։ Յունգեն կարծես չի էլ գիտակցել՝ ինչ չարագործի է ծառայում ինքը, եւ այժմ՝ տասնամյակներ հետո, իր «կարճատեսությանն» է վերագրում դա։ Հետեւելով տիկին Յունգեի մտքի ընթացքին, առօրյայում ֆամիլյար ֆյուրերի վերաբերմունքը շրջապատի հանդեպ փոխվել սկսել է 1944-ից, երբ Պրուսիայում նրա դեմ մահափորձ իրականացվեց: Հիտլերն ավելի ինքնամփոփ եւ մեկուսի է դարձել, կարծես ենթագիտակցաբար անգամ ջանալով փախչել իրականությունից: Մերձավորներին էլ նախկին խստապահանջությամբ չի վերաբերվել, նույնիսկ ինչ-որ պահից հանդուրժել է, որ իր ներկայությամբ ծխեն: Ավտոմեքենայում նա փակել է վարագույրները, չտեսնելու համար ավերակված շինությունները, եւ գաղտնի ապաստարանում ժամերով մեկուսացել է՝ խաղալով սիրելի շնիկի՝ Բլոնդիի հետ։ Ակնհայտ էր. Հիտլերը փախչում էր իրականությունից: Դժվար է կռահել, թե ինչու: Համենայն դեպս նրան չէր տանջում խղճի խայթը գործած ոճիրների համար: Կյանքի վերջին օրերին էլ Հիտլերը չի մտահոգվել հոգու փրկության կամ ապաշխարելու մասին։ Թերեւս ֆիլմի կուլմինացիան Հիտլերի ինքնասպանությանը նախորդած ժամերի նկարագրությունն է: Ֆյուրերը նախ թույնը տվել է իր սիրելի շնիկին, ասելով՝ «Քնի՛ր, Բլոնդի»։ Հետո ցիանիդի հաբերը բաժանել է մերձավորներին՝ դառնորեն հավատացնելով. «Ես անկեղծորեն կցանկանայի հրաժեշտի ուրիշ նվեր մատուցել ձեզ»: Դրամատիզմ, հույզեր, միով բանիվ՝ աբսուրդի թատրոն «Շեքսպիրի եւ Բեքեթի միջեւ», ինչպես նկատել է ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներից մեկը: Ճակատագրի ինչ-որ հեգնանք կա նրանում, որ «Մեռյալ անկյան» պրեմիերան կայացել է Բեռլինյան Պոտսդամեր-պլատցում, որից ընդամենը հարյուր-երկու հարյուր մետր հեռավորությամբ Հիտլերին ապաստարան ծառայած շինությունն է: Գուցե դարձյալ ճակատագրի հեգնանք, իսկ գուցե հոգեբանների բնորոշած «չարիքի պարզունակությունը» կա եւ նրանում, որ մարդկությունն ընդունակ է հրեշին ու ճիվաղին՝ մահկանացուն կնքելուց ընդամենը մի քանի տասնամյակ հետո մարդկային կերպարանքով ընկալել: Լ. Պ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել