ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Բաց նամակ Հայաստան-Սփյուռք համաժողովին Հայաստան-Սփյուռք նախորդ համաժողովում որոշվեց ստեղծել «Հայ դատ» հանձնախումբ, որը, ցավոք, չիրականացավ։ Մինչդեռ 1915թ. առայսօր, մենք՝ հայերս, առաջին հերթին երեք ավանդական կուսակցությունները, ցեղասպանության պատմական ու առօրյա փաստերը իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերով չենք ձեւակերպել՝ դրանք միջազգային դատարան ներկայացնելու, հանցագործներին պատժելու եւ վնասները հատուցելու համար։ Ընդհակառակը՝ հրապուրվել ենք նրանով, որ աշխարհի որեւէ պետություն բարեհաճում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը բոլորովին էլ հիմք չի ներկայացնում Հայկական հարցի լուծմանը։ Այն միայն ժամանակի կորուստ է մեզ համար՝ հօգուտ թուրք յաթաղանի։ Հուսով ենք, որ ս.թ. մայիսին կայանալիք Հայաստան-Սփյուռք համաժողովը լրջորեն կվերաբերվի «Հայ դատ» հանձնախմբի ստեղծմանը, հաշվի առնելով մեր կողմից մշակված այդ հանձնախմբի նախագիծ-ծրագիրը, որը ներկայացվում է ստորեւ։ Նախագիծ «Հայաստան-Սփյուռք» միասնական «Հայ դատ» հանձնախմբի ծրագիրը «Հայ դատ» հանձնախումբը գործում է Հայկական հարցի, ԼՂՀ կարգավիճակի եւ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության վտանգի վերացման ուղղությամբ, մշակելով մեկ ընդհանուր ազգային հայեցակարգ, որն ընդունելի լինի համայն հայության կողմից եւ դրվի մեր պետական արտաքին քաղաքականության հիմքում՝ ինչպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, այնպես էլ՝ Արցախի հարցի լուծման գործընթացում, հաշվի առնելով հետեւյալ փաստերը. – 1918 թվականից առայսօր Հայաստանը թուրք-ադրբեջանական պանթուրքիստական քաղաքականության զոհն է, որի հետեւանքը, որպես 1915թ. ցեղասպանության շարունակություն՝ եղան Նախիջեւանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի ողջ տարածքում հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, Հայաստանի եւ Արցախի այսօրվա շրջափակումները։ – Առայսօր ՄԱԿ-ը չի քննարկել ու դատապարտել 1915թ. հայերի ցեղասպանությունը, թեեւ այն վաղեմության ժամկետ չունի։ Համաձայն «Գենոցիդ հանցանքը կանխելու եւ այդ հանցանքի համար պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի եւ Միջազգային դատարանի 1951թ. մայիսի 28-ի խորհրդատվական եզրակացության, ցեղասպանությունը համայն մարդկության դեմ այնպիսի հանցագործություն է համարվում, որի կասեցումը եւ նրա հանցագործներին պատժելը աշխարհի յուրաքանչյուր պետության պարտականությունն է, անկախ նրանից, թե որտեղ եւ երբ է այն կատարվել։ – Թուրքիան ցեղասպանության փաստը ճանաչելու եւ այն քավելու փոխարեն այսօր էլ շարունակում է նենգափոխել պատմությունն ու փորձում Ադրբեջանի ձեռքերով իրականացնել հայ ժողովրդի բնաջնջման իր վաղեմի ծրագիրը։ – Այս բոլորը ցեղասպանների շուրջ ստեղծել են անպատժելիության մի այնպիսի մթնոլորտ, որը խրախուսում է նրանց կատարել ցեղասպանության նորանոր ակտեր՝ էլ ավելի դաժան ու նենգորեն։ Վերոգրյալից ելնելով անհրաժեշտ է դառնում՝ 1. Ստեղծել դատաքննչական կենտրոն, որը պիտի ամփոփի հայ ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության պատմական եւ առօրյա բոլոր փաստերը, քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան անհերքելի իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ ձեւակերպվի՝ միջազգային դատարան ներկայացնելու, ցեղասպանության հանցագործներին պատժելու, վնասները հատուցելու եւ Հայ դատի պահանջատիրությունը բավարարելու համար։ Դրա համար անհրաժեշտ է կազմել ցեղասպանության զոհերի ու տուժածների անվանացուցակները, Թուրքիայում եւ Ադրբեջանում թողած նրանց նյութական արժեքների հաշվարկումները եւ այլ ապացույցներ։ 2. Չեղյալ համարել Սումգայիթում կատարված ցեղասպանության հանցագործների դատավճիռները՝ որպես պատժամիջոց խուլիգանների եւ դատական անջատ-անջատ գործերը միացնելով՝ ներկայացնել մեկ ընդհանուր գործում միջազգային դատարան։ 3. Ցեղասպանության փաստի հիման վրա ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ՄԱԿ-ի կողմից որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, Ադրբեջանի կազմից դուրս, բավարարելով նրա պահանջը, համաձայն ցեղասպանության կանխարգելման վերոհիշյալ կոնվենցիայի նո. 8 եւ 9 հոդվածների։ 4. Հասնել այն բանին, որպեսզի ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի վերոգրյալ կոնվենցիայի ստորագրյալ պետություններն, ի վերջո, կատարեն դրա 5-րդ հոդվածի պահանջը եւ իրենց քրեական օրենսգրքերում հատուկ հոդվածներ ընդունեն ցեղասպանության հանցագործներին պատժելու մասին։ 5. Վերականգնել 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագիրը եւ անվավեր ճանաչել Հայաստանը մասնատող 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական եւ դրանից բխող 1921թ. հոկտեմբերի 13-ի Ղարսի պայմանագրերը։ 6. Արդյունավետ քարոզչություն ծավալել հայոց ցեղասպանությունը աղավաղող թուրք-ադրբեջանական եւ այլ պետությունների կողմից ծավալվող հակահայկական քարոզչության դեմ։ 7. Խիստ հսկողության տակ վերցնել արտերկրներում գտնվող հայոց հուշարձանների պահպանման գործը՝ միջոցներ ձեռնարկելով դրանց ոչնչացման դեմ։ 8. Իրավունք վերապահել «Հայ դատ» հանձնախմբին, ստեղծված իրադրություններից ելնելով, վերոգրյալից բացի, նոր հարցադրումներ բարձրացնել իր առջեւ դրված նպատակներն իրականացնելու համար։ 9. «Հայ դատ» հանձնախումբը կդադարեցնի իր գործունեությունն այն օրից, երբ ցեղասպանության կանխարգելման վերոհիշյալ կոնվենցիան կիրագործվի աշխարհի բոլոր պետությունների կողմից, կապահովվի հայ ժողովրդի եւ աշխարհի մյուս ժողովուրդների անվտանգությունը ցեղասպանության ակտերից։ ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՀ ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի եւ աշխատանքի վետերանների միության նախագահ ԻՈՍԻՖ ԱՐԱԲՅԱՆ ՀՀ վաստակավոր իրավաբան, «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի դոկտոր-պրոֆեսոր ԻԼՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Գրող, հրապարակախոս