Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՎՔՈՎ ԵՎ ՇՈՒՔՈՎ

Փետրվար 16,2002 00:00

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՎՔՈՎ ԵՎ ՇՈՒՔՈՎ ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության պետ Յուրի Ալեքսանյանը Ձմեռային 19-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոլք Լեյք Սիթիից հաղորդում է։ Փետրվարի 13-ին մեր մարզիկները գրաֆիկով ազատ էին մրցումներից։ Սակայն նրանք իրենց մարզիչների հետ շարունակում էին մարզվել՝ նախապատրաստվելով գալիք մեկնարկներին։ Հայաստանի պատվիրակության ղեկավարությունն էլ ամեն օր շփվում է օլիմպիականների հետ, հետաքրքրվում նրանց առօրյայով։ Մի խոսքով, մթնոլորտը ջերմ է, փոխհարաբերություններում չկա հարկադրված լարվածություն, բայց դրա փոխարեն մարզիկները տրամադրված են հնարավորին չափ լավ մարզավիճակ պահպանելուն, իրենց իրական ունակություններն առավելագույնս դրսեւորելուն։ Օլիմպիական ավանում շատերն են ճանաչում լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանին։ Մրցակիցները հարգում են նրան, գնահատում նրա՝ մարզիկին սազական որակները, երկարակեցությունը։ Դա լավ օրինակ է մեր մյուս մարզիկների, հատկապես գյումրեցի դահուկավազորդ Արամ Հաջիյանի համար, որը շատ է ցանկանում անպայման մասնակցել նաեւ 50 կմ դահուկավազքին, տեղ զբաղեցնել մասնակիցների ցուցակի միջնամասում։ Այդ է պահանջում Արամի արժանապատվության զգացումը։ Բոլորի ուրախությունն է մարսելցի Վանեսա Ռաքեջյանը։ Լավ չի տիրապետում մայրենիին, բայց մեծ հայրենասեր է, սիրում է Հայաստանը։ Նրա կենսախինդ բնավորությունը վարակում է թիմակիցներին։ Վանեսան անահ է, բայց պետք է կարողանա տիրապետել իրեն, մրցուղում վայր չընկնել, չորակազրկվել ու ջուրը չգցել նախապատրաստական շրջանում թափված քրտինքն ու չարչարանքը։ Բոբսլեյի հայկական «դուետը» մարզվում է Արա Բերզջյանի ղեկավարությամբ։ Մարզիչն ու նրա սաները բարձրահասակ են, թիկնեղ, ջլապինդ։ Այնուամենայնիվ, ֆիզիկական ուժով նրանց մեջ առանձնանում է Դանիել Ջանջիկյանը։ Իսկ ինչ վերաբերում է ազգությամբ հույն Յորգո Սանգրուսին, նա նույնպես իրեն գրեթե հայ է զգում։ Ու թերեւս դա էր պատճառը, որ Խաղերի բացման արարողության ժամանակ ամենաբարձրն էր թափահարում հայոց փոքրիկ Եռագույնը։ Գեղասահորդուհի Յուլյա Լեբեդեւան վստահեցնում է, որ բավականին լավ ելույթ կունենա մենասահորդուհիների պայքարում։ Հուսանք, որ նրան կհաջողվի կատարել խոստումը։ Վերջում նշենք, որ Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարությունն ամենօրյա գործնական հանդիպումների է մասնակցում տարբեր երկրների գործընկերների հետ՝ նպատակով, որ ավելի խորանան եւ ընդլայնվեն Հայաստանի մարզական կապերն արտերկրի հետ։ Առաջխաղացում կա Փետրվարի 14-ի վաղ առավոտյան միկրոավտոբուսով օլիմպիական ավանից դահուկավազքի մրցավայր հասանք 54 րոպեում։ Հայաստանի դահուկորդներին հատկացված թիվ 61 տնակում Արամ Հաջիյանը զգեստափոխվեց։ Մտքերի մեջ էր։ Մարտակա՞ն էր տրամադրված։ Ոգեւորելու նպատակով ասացի, որ դեռեւս նախօրյակին մարզադաշտի բոլոր ինը հազար տոմսերը վաճառվել են։ Միտքս կռահեց մարզիչը՝ Սլավա Սարգսյանն ու անմիջապես վրա բերեց. «Ավելի լավ։ Արամը կապացուցի, որ լավ դահուկորդ է»։ Տրվեց տղամարդկանց 10 կմ դահուկավազքի մեկնարկը։ Արսենը սահուղի մտավ 4-րդը (85 մասնակցի մեջ)։ Մրցակցությունը չափազանց լարված էր, գրավիչ ու գեղեցիկ։ Նույնիսկ կողքից լսելի էր մարզիկների շնչառությունը։ Լարվածությունը փոխանցվել էր մարզասերներին եւ նրանք էլ ոգեւորող աղմուկով խթանում էին պայքարին։ Շատերի նման Արամն էլ հատեց եզրագիծը եւ նրա մարզիչ Սլավիկն ուրախությամբ վեր պարզեց թեւերը։ Դժվար չէր ենթադրել, որ մարզիչը գոհ էր իր սանի արդյունքից։ 31.57,7 ժամանակով Հաջիյանը հանգրվանեց 74-րդ հորիզոնականում՝ իրենից ետ թողնելով 11 դահուկորդի, որոնց մեջ կային նաեւ Բուլղարիայի, Հունգարիայի, Կորեայի պատվիրակներ։ Իսկ վերջին տեղը գրաված կամերունցի Իսահակ Մենյոլին Արամը գերազանցել էր գրեթե 14 րոպե։ Մրցավարտից հետո Արամն ասաց, որ նախորդ տարվա համեմատ 5 րոպեով բարելավել է իր արդյունքը եւ այդ գործում մեծ է 2001թ. հունիսից մինչեւ դեկտեմբեր՝ Ռուսաստանի մարզիկների հետ պարապելու դերը։ Արամը նաեւ մեծ ցանկություն հայտնեց մրցուղի մտնել փետրվարի 23-ին՝ 50 կմ մրցավազքի ժամանակ, որտեղ ավելի մեծ թվով մրցակիցների ետ թողնելու հույս ունի։ Բայց վերջնական վճիռը կայացնելու է անձնական մարզիչը՝ Ս. Սարգսյանը։ Հարկ է նշել, որ Արամից ու Սլավայից գրեթե անբաժան է նախկին դահուկորդ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ ԱԺ պատգամավոր, գյումրեցի Վարդեւան Գրիգորյանը, որը մեծ հոգատարություն է դրսեւորում դահուկորդների նկատմամբ։ … Երեկոյանում էր։ Լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանն իր մարզիչ Լեւոն Հարությունյանի հետ նոր էր վերադառնում մարզումներից։ Հոգնած էին, սոված։ Մարզչից հետաքրքրվեցի սանի մարզավիճակով։ Պատասխանի փոխարեն բռունցքը երեք անգամ խփեց դահուկակապին։ Ուրեմն Ծաղկաձորի «դուետը» լավատեսորեն է տրամադրված։ Ծաղիկներ, սեր, քնքշանք Փետրվարի 14-ն անցավ սովորականի պես, օլիմպիական հոգսերով։ Բայց այն բացվել էր յուրովի՝ բարին ավետելով հատկապես մեր թիմի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Ամերիկահայ Փոլ Վարադյանը մեր բոլոր տղամարդկանց անունից թարմ ծաղկեփնջեր մատուցեց Վանեսա Ռաքեջյանին, Մարգարիտ Նիկոլյանին, Յուլյա Լեբեդեւային եւ Մարիաննա Կրասիլցեւային։ Բանն այն է, այդ օրը ԱՄՆ-ում ու Եվրոպայում նշում են որպես սիրո եւ քնքշանքի օր։ Մերոնք՝ դրսում Տարօրինակ կլիներ, եթե այլ երկրների պատվիրակությունների կազմերում հայազգիներ չլինեին։ Բելառուսի հոկեյի հավաքականի գլխավոր ադմինստրատորն է գյումրեցի նախկին բռնցքամարտիկ Ստյոպա Խաչատրյանը։ Ուկրաինայի գեղասահորդների բժիշկն է Ռուբեն Համբարձումովը, իսկ օլիմպիական ավանի պոլիկլինիկայի ֆիզիոթերապեւտներից մեկը Կաի Աբուլյանն է։ Նա հայերեն ոչ մի բառ չգիտի։ 39 տարեկան է, ամուսնացած է իտալուհու հետ ու դեռ երեխա չունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել