Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սրտիցս դուրս ոչինչ չեմ արել»

Փետրվար 16,2002 00:00

«Ես սրտիցս դուրս ոչինչ չեմ արել» «Թափուր կառամատույց» գրքի բանաստեղծական կերպարը մենակ ու կորցրած կինն է, նույնիսկ կարելի է ասել՝ աղջնակը, հարսը, որ, սակայն, անհավատալի, չպատճառաբանված շռայլություն ու բարություն ունի առ աշխարհ։ Այնպիսի տողեր կան գրքում, ինչպես, օրինակ, «Բոլորի համար լույս եմ երազում, բայց չեմ էլ ձգտում՝ թեկուզ ինձ մի շող» կամ «ինձնից հետո թող որ լինի սիրո գարուն», որ հեղինակին հասկանալու համար ոչ Նիցշեի, ոչ Աստվածաշնչի պեղումը օգուտ չի, այդ տողերին հավատալու համար պետք է լինես առնվազն ինքը՝ բանաստեղծուհի Լենա Անթառանյանը։ Այս գիրքը վանաձորցի բանաստեղծուհու 3-րդ ժողովածուն է։ Ինքն ասում է. «Թափուր կառամատույցը» ես գրել եմ արդեն կորուստներիս բեռը շալակած»։ Իմ հարցազրույցը ահա այն կնոջ հետ է, ով գրում է «ջրի տեղ միայն հուշեր եմ խմում, հացի տեղ միայն անցածն եմ ծամում»։ – Դուք Ձեր մասին խոսելիս կամ Ձեզ ներկայացնելիս ասո՞ւմ եք՝ «ես բանաստեղծուհի եմ»։ Դա մի քիչ դաժանորեն վիթխարի բառ չէ՞։ – Ով ուզում է՝ թող ինձ այդպես ներկայացնի։ Ես երկնչում ու խուսափում եմ այդ բառից։ Գրքերս կարդալուց հետո ընթերցողը թող որոշի։ Ես սրտիցս դուրս ոչինչ չեմ արել։ – Ի՞նչ է նշանակում՝ փոքր քաղաքի մտավորական լինել։ – Գիտե՞ս ինչ, այս քաղաքը, թվում է, թե փոքր է, իրականում այն մի մեծ աշխարհ է։ Ես տեսել եմ այս քաղաքի ծաղկումը, երկրաշարժը, խեղճանալը, այժմ էլ՝ կամաց-կամաց ոտքի կանգնելը։ Ամեն անգամ, երբ Մշակույթի պալատի ավերված շենքը տեսնում էի՝ սարսափում էի։ Վերականգնել են սկսել։ Եթե այդ կառույցը վերականգնված տեսնեմ ու մեռնեմ՝ ցավ չեմ ապրի։ Իմ քաղաքը ինձ համար բարեւների աշխարհ է։ Ուր էլ որ գնամ՝ իմ քաղաքի բարեւներին կարոտում՝ ետ եմ գալիս։ – Վիթխարի ու հաստատուն ի՞նչ ունենայիք, որ այդքան բարեւի կարիք չզգայիք։ Մարդկանց, բարեւից բացի, ինչ կարող եք տալ։ Այնպես չստացվի հանկարծ, որ իզուր հավատան Ձեզ։ – Ոչ մի բարեւ ու հավատ իզուր չի լինում։ Ինչ էլ ունենամ (եւ ունեցել եմ)՝ ես մարդկանցն եմ։ – Ամենաշատը ի՞նչ եք եղել կյանքում. որդի՞, սիրած կի՞ն, իհարկե, ձեր վիրավոր մայրությունն էլ տարրալուծվել է մարդկության փխրուն սրտով ու թաց աչքերով կեսի վրա։ – Ես սերն եմ եղել, ու դա բաժանվել է ե՛ւ սիրած տղամարդուս, ե՛ւ ծնողներիս, ե՛ւ հարազատներիս ու ընկերներիս միջեւ։ Ես լավ ընկերներ կորցրի։ Նրանք գնացին, այդ դառնությունը ես քաշում եմ։ Իմ սերն այնքան մեծ է եղել, որ կանայք խանդել ու սիրել են իմ միջի սերը։ «Ի՜նչ սիրված ես դու»,- ինձ հաճախ են ասել։ – Վիրավորվա՞ծ երեխա եք եղել։ Գրող կինը վիրավորված երեխան չէ՞։ – Հա։ Ասեմ։ Գյուղական վայրերում որ շնորհքով երեխա ես լինում, գյուղը այսպես կսմթոցի նման քեզ երբեմն կպչում է։ Իսկ ընդհանրապես ես ընտանիքում սիրված, փայփայված երեխա եմ եղել։ Մեծ համերաշխություն կար երեխաներիս միջեւ։ Այժմ էլ, երբ հասուն մարդիկ ենք ու տարբեր տեղերում ենք ապրում, քույրուեղբայրով ամեն Նոր տարի Օձունում ենք նշում, մեր հայրական տանը։ – Հայ իրականության մեջ գրող կինը ի՞նչ սահմաններում կարող է գրի մեջ երկրին տեր զգալ։ Չարենցը գրում է. «Իմ Հայաստան յարն եմ սիրում»։ Կինը իրավունք ունի՞ տիրական բաներ գրելու, թե՞ հարսի, կնոջ, խոնարհի ու խելացիության իր միջից պիտի թողնի, որ հզոր ու տիրոջ ձայնը տղամարդունը լինի, ու ինքը կին մնա։ – Կինը, իհարկե, կարող է ամեն ինչ ասել։ Ասելու կարողություն ու ձեւ է պետք։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել