Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք բարձրացվել է մանկավարժների աշխատավարձը

Փետրվար 16,2002 00:00

Արդյո՞ք բարձրացվել է մանկավարժների աշխատավարձը Շուրջ մեկ ամիս է, որ հասարակության մեջ խոսվում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին։ Տոկոսից գաղափար չունեցող մարդիկ մեծ բան են համարում 20%-ով աշխատավարձի բարձրացումը, այնինչ, այն տարբեր ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչների համար կազմում է 600-2400 դրամ։ Այդ բարձրացումով հանդերձ, ուսուցչի միջին աշխատավարձը մոտ է 15000 դրամին։ Եթե այն համեմատենք արտոնյալ հանձնաժողովների 500- 700 հազար դրամ աշխատավարձի հետ, ապա ուսուցչի աշխատավարձը կլինի ոչինչ։ Այդ ոչնչի հետ միասին կա նաեւ մի անբացատրելի երեւույթ։ Մի՞թե դպրոցի տնօրենը մանկավարժ չէ։ Արդեն երրորդ անգամ ուսուցչի աշխատավարձը բարձրացվում է 20%-ով, բայց դպրոցի վարչական աշխատողներինը մնում է անփոփոխ։ Դպրոցի վարչական աշխատող են համարվում դպրոցի տնօրենը, փոխտնօրենները, գրադարանավարը եւ սպասարկող անձնակազմը։ Նոր դրույքաչափերով երկրորդ կարգի ուսուցչի եւ մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի (նույնն է՝ ջոկատավարի) մեկ դրույք աշխատավարձը կազմում է 12360 դրամ, իսկ դպրոցի տնօրենի դրույքը՝ 8320 դրամ, փոխտնօրենինը՝ 8210 դրամ։ Սա, չգիտես, զավե՞շտ է, թե՞ դպրոցի տնօրենին կառավարական մակարդակով ծաղրելու երեւույթ։ Գյուղական դպրոցի տնօրենի համար 8320 դրամը չի բավարարում գոնե երկու անգամ մարզպետարան գնալ-գալու համար։ Ի դեպ, ասեմ, որ դպրոցների նախահաշիվներում գործուղման համար տրվում է ընդամենը հազար դրամ սիմվոլիկ գումար։ Անհասկանալի է, թե ի՞նչ նկատառումներից ելնելով է մեր կառավարությունն արդեն երրորդ անգամ նսեմացնում դպրոցի տնօրենին եւ մյուս վարչական աշխատողներին։ Օրինակ, ինչպե՞ս չբարձրացնել դպրոցի տնտեսվարի եւ օժանդակ բանվորի աշխատավարձը, երբ պետությունից ոչինչ չստանալով, մի կերպ կարողանում են դեսից-դենից նյութեր հայթայթելով, տանիք ու պատուհան կարկատելով՝ դպրոց պահել։ Ինչպե՞ս կարելի է անտեսել գրադարանավարի աշխատանքը, երբ տարեցտարի ավելանում է նրա աշխատանքի ծավալն ու պատասխանատվությունը (նկատի ունեմ դասագրքերի վարձավճարների հավաքման եւ հաշվառման աշխատանքները)։ Վերջում ավելացնեմ, որ այս երեւույթը ոչ միայն ինձ է անհանգստացնում, այլ նաեւ իմ բոլոր գործընկերներին։ Ս. ԳԱԼՍՏՅԱՆ Գեղարքունիքի մարզի Դդմաշենի դպրոցի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել