Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 16,2002 00:00

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Օրինականությունը չպետք է լինի Նոյեմբերյանի, Այրումի, Կոթի գյուղի կամ Նորագավիթի։ Ողջ երկրի համար պետք է լինի մեկ՝ միասնական օրինականություն։ Այսպես էր մտածում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը, երբ քննում էր Նոյեմբերյանի քաղաքապետարանի աշխատակից Ալվարդ Ամիրաղյանի հայցը՝ աշխատանքում վերականգնելու մասին։ Ալվարդը 1999 թ. դեկտեմբերի 8-ին աշխատանքից ազատվել էր՝ բաժինը լուծարվելու պատճառաբանությամբ։ Այդ լուծարումը նա համարել է հաշվեհարդար։ Իր հայցում Ալվարդը հիմնավորել է, որ հոկտեմբերի 24-ին Նոյեմբերյանի համայնքապետ վերընտրվելուց անմիջապես հետո Սերյոժա Ամիրաղյանը առաջարկել է իրեն աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել ու հեռանալ։ Ըստ Ալվարդի՝ պատճառը համայնքապետի ընտրությունների ժամանակ իր համակրանքը Ամիրաղյանի «քաղաքական հակառակորդի» նկատմամբ է եղել։ Նա միաժամանակ նշել է, որ իրականում հաստիքային կրճատում չի եղել, հակառակը՝ երկու հաստիք էլ ավելացվել է, միայն փոխվել են բաժինների անվանումները։ Նշվել են նաեւ աշխատանքային օրենսգրքի մի շարք խախտումներ։ Դատարանը փետրվարի 3-ին բավարարել է հայցը եւ Ալվարդին վերականգնել աշխատանքում։ Մեղադրենք դատավորին միայն ՀՀ օրենքները իմանալու համար։ Չէ՞ որ լիարժեք իրավաբան լինելու, արդարադատություն իրականացնելու համար դատավորը պարտավոր էր էլեկտրոնային մանրադիտակով ուսումնասիրել նաեւ Նոյեմբերյանի քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի ընդունած օրենքները, հրամանագրերը, միջազգային իրավական ակտերը։ Այլ «մակերեսային» գիտելիքների եւ նոյեմբերյանական (իմա՝ քաղաքապետական) օրինականությունը խախտելու համար դատավորի հարցը… քննարկվել է համայնքային ռինգում։ Համայնքի ավագանին քաղաքի սանիտարահիգիենիկ վիճակի, տեղական տուրքերի հարցերի հետ միասին նախատեսել է աննախադեպ հարց՝ «Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանների կողմից քաղաքապետարանի հետ առնչվող քաղաքացիական գործերով վեճերի հետ կապված ոչ օբյեկտիվ վճիռներ կայացնելու համար ՀՀ Արդարադատության նախարարին եւ Տավուշի մարզպետին միջնորդագիր ուղարկելու մասին»։ Քննարկման ժամանակ օրինականության ջատագովներն առավել են խրվել երազախաբության ճահիճը՝ նախագծի ձեւակերպումը կիսատ համարելով, ավելի առաջ են գնացել՝ «… ոչ օբյեկտիվ վճիռներ կայացնելու համար քաղաքապետարանը Նոյեմբերյանի (՞) դատավորի անվստահության միջնորդագիր է ներկայացնում ՀՀ Արդարադատության նախարարին եւ Տավուշի մարզպետին»։ Իշխանական աթոռի ճառագայթներից շշկլված քաղաքապետը ժամանակ չի ունեցել պարզելու, որ իր իշխանության տակ գտնվող քաղաքապետարանի հաստիքացուցակում չկա «Նոյեմբերյանի դատավոր» հաստիքը, որ ինքը բացարձակապես իրավասու չէ գնահատելու դատավորի գործունեությունը, որ…։ Հանուն ճշմարտության փաստենք, որ ավագանու նիստը ընթացել է համեստագույն պայմաններում. այն չի հեռարձակվել «Բի-Բի-Սի», «Սի-Էն-Էն» եւ այլ հեռուստակայաններով, գաղտնի ծառայությունների գործակալները չեն զրահապատել շենքը։ Ավագանու որոշումն էլ աչքի չի ընկել դաժանությամբ՝ կախաղան, խարույկի վրա այրել, անդամահատել։ Բավարարվել են՝ դատավորին persona non grata հայտարարելով։ Չնայած «ինչ- որ» հանուն Հայաստանի Հանրապետության արձակած վճռին ամենաբարձրյալի՝ Նոյեմբերյանի համայնքի ավագանու, բարձրորակ իրավաբանական, քաղաքական գնահատակնին՝ «ոչ օբյեկտիվ վճիռ», քաղաքապետը, համենայնդեպս, փետրվարի 18-ին բերել է վերաքննիչ բողոք։ Բնութագրող է նաեւ վերաքննիչ բողոքի ոճը՝ վերամբարձ, համեստություն, բարեկրթության տարրերին կարոտ՝ «Միջնորդում (՞) եմ գործը կրկնակի (՞) քննության ենթարկել (՞) եւ բավարարել քաղաքապետարանի պահանջը (՞)՝ մերժել հայցվորի (՞) հայցը»։ Նույն բողոքում Նոյեմբերյանի քաղաքապետ Ս. Ամիրաղյանը մեկ հարցում մեծահոգաբար իր համերաշխությունն է հայտնել դատարանին, որը «իրավացիորեն մերժել է» հայցի հարկադիր պարապուրդին վերաբերող մասը։ Վիրավորական է համարել իր դատավարական կարգավիճակը՝ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ եւ բողոքը ստորագրել է որպես ամենայն նոյեմբերյանական քաղաքապետ։ Վերաքննիչ բողոքին էլ կցել է «փոստային կվիտանցիաները»։ Վերաքննիչ դատարանում պատասխանող Ս. Ամիրաղյանը ստիպված խոստովանել է, որ հայցվորին երկու ամիս առաջ չի նախազգուշացրել աշխատանքից ազատելու մասին, սահմանված կարգով չի առաջարկել այլ աշխատանք։ Այսինքն՝ ոտնահարել է հայցվորի աշխատանքային իրավունքները։ Իմա՝ ապօրինություն է կատարել։ Վերաքննիչ դատարանի վճռից ակնհայտ է դառնում, որ վերաքննիչի դատավորներ Մելս Մանուկյանը, Նոյեմ Հովսեփյանը եւ Մամիկոն Դրմեյանը նույնպես ծանոթ չեն Նոյեմբերյանի քաղաքապետի սահմանադրությանը, օրենքներին, հրամանագրերին։ Եվ փոխանակ վճիռ կայացնելու հանուն Նոյեմբերյանի քաղաքապետի, մայիսի 1-ին վճիռ են կայացրել… հանուն Հայաստանի Հանրապետության։ Եվ Ալվարդ Ամիրաղյանին վերականգնել են աշխատանքում։ Նշված ապօրինությունների համար ոչ ոք Ս. Ամիրաղյանին դիտողություն անգամ չարեց։ Նրա ապօրինության պատճառով քաղաքապետարանը, իմա՝ հարկատուն, վճարեց տուրքերը։ Աշխատանքում անհապաղ վերականգնելու մասին վճիռը ի կատար է ածվել շուրջ երկու ամսից։ Հիշեցնենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 191-4 հոդվածը քրեորեն պատժելի է համարում դատարանի վճիռը չկատարելը։ Քաղաքապետը մարսեց եւ այս ապօրինությունը։ Ու շարունակեց իր չար գործը։ Վճիռն ի կատար ածելուց մի քանի օր անց Ալվարդը նախազգուշացվում է հաստիքի կրճատման մասին։ Քաղաքապետի վարքագիծը զատվում է տարածքային նախարարի կողմից։ Ի վերջո, 2001 թ. ապրիլի 2-ին Ալվարդին ազատում է աշխատանքից՝ հաստիքների կրճատման պատճառաբանությամբ։ Ապրիլի 30-ին Ալվարդը դիմում է դատարան։ Սակայն մայիսի 3-ին դատավոր Աշոտ Խաչիկյանը հայցը վերադարձնում է։ Դատարանի նախագահը վերացնում է այդ որոշումը։ Ուշագրավ է՝ հայցվոր՝ Ամիրաղյան, պատասխանող՝ Ամիրաղյան, նիստի քարտուղար՝ Ամիրաղյան։ Բնական է, որ հաղթել է Ամիրաղյանը։ Բայց՝ քաղաքապետ։ Երեւի զգացնել է տվել ավագանու պատմական որոշումը՝ անվստահություն հայտնել նախորդ դատավորին։ Ալվարդ Ամիրաղյանը ստիպված դիմել է վերաքննիչ դատարան՝ հիմնավորելով, որ հաստիքների կրճատում չի եղել, հակառակը՝ տասը լրացուցիչ հաստիքներով է համալրվել, քաղաքապետը բարձր վարձատրությամբ կենսաթոշակառուին տեղակալ է նշանակել, ունի նաեւ օգնական։ Օգոստոսի 22-ին վերաքննիչ դատարանը բավարարել է՝ վերականգնել աշխատանքում։ Քաղաքապետը վճռաբեկ բողոք չի բերել։ Բայց չի էլ կատարել վերաքննիչ դատարանի վճիռը։ Ալվարդը դիմել է բոլոր ատյաններին՝ վճիռն ի կատար չի ածվում։ Բայց՝ անօգուտ։ Ճիշտ է, Ալվարդի դիմումները համապատասխան հանձնարարականներով վերահասցեագրվել են քաղաքապետին։ Բայց հանձնարարականը՝ հանձնարարական, օրենքը՝ օրենք, օրենքի ուժ ստացած վճիռը՝ վճիռ։ Կա եւ անձնականը՝ կամակորություն, արհամարհանք՝ նշված սոցիալական մեծությունների նկատմամբ։ Ելքը կա՝ նմանակում։ Եվ գայլերը կուշտ կլինեն, եւ ոչխարներն՝ անպակաս։ Մինչ Ալվարդն աչքը ճամփին հրամանի է սպասում, քաղաքապետը, ինչպես նշում է Ալվարդը, սուսուփուս, գաղտնի հրաման է արձակում վճիռն ի կատար ածելու։ Եվ աշխատանքը… լքելու պատճառաբանությամբ Ալվարդին անմիջապես ազատում է աշխատանքից։ Հարկ էլ չի համարում բացատրություն վերցնել «լքելու» պատճառների մասին։ ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ «Օգոստոսի 23. ազգային դաշինք» իրավապաշտպան միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել